Թուրքիայի Հայոց պատրիարքի տեղապահ Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանը մերժել է պատրիարքի տեղապահի պաշտոնը զբաղեցնող Արամ արքեպիսկոպոս Աթեշյանի ներկայացրած առաջարկը: Այս մասին տեղեկացնում է «Ակօս» շաբաթաթերթը:
Բեքչյանը հիշեցրել է, որ նախորդ շաբաթ Աթեշյանից պահանջել էր գրավոր կերպով իրեն ներկայացնել պատրիարքի ընտրությունների շուրջ առաջացած թնջուկի լուծման սեփական տարբերակը, որը Աթեշյանը բանավոր կերպով հայտնել էր Բեքչյանի հետ հանդիպմանը:
Այդ հանդիպմանը մասնակցել էին նաև հոգևոր խորհրդի ատենապետ Սահակ եպիսկոպոս Մաշալյանը և Սուրբ Փրկիչ հիվանդանոցի հոգեբարձուների խորհրդի նախագահ Պետրոս Շիրինօղլուն:
Բեքչյանը Աթեշյանի առաջարկը լուսաբանող նամակում պատմել է, որ հանդիպումից 2 օր անց Արամ Աթեշյանը իրեն հրավիրել է Սուրբ Փրկիչ հիվանդանոց՝ հանգստյան կոչված Մեսրոպ 2-րդ պատրիարքի համար աղոթելու և միասնություն ապացուցելու համար լուսանկարվելու:
«Մինչդեռ ընդդիմադիր աղբյուրներից ինձ տեղեկություններ էին հասնում, որ Արամ արքեպիսկոպոսը մի արձանագրություն է պատրաստել, որը երկուսով պետք է ստորագրեինք և հրավիրել է մամուլի ներկայացուցիչների: Այսինքն ինձ ընդհանրապես այլ պատրվակով հիվանդանոց էին կանչում, իսկ իրական նպատակը այլ էր: Ընթերցողին եմ թողնում այս վարմունքի բնորոշման իրավունքը: Արամ Աթեշյանը, խոստմանը համաձայն, իրավիճակի մասին տեսակետները և լուծման տարբերակներ գրավոր կերպով ներկայանցելու փոխարեն, ցանկանում էր ինձ ստորագրել տալ մի արձանագրությունը, որը ըստ էության առ ոչինչ է համարում եկեղեցու գլխավոր խորհդրի կամքն ու որոշումը»:
Բեքչյանը նշել է, որ Արամ Աթեշյանի ներկայացրած տեքստը փորձում էր օրինականացնել Աթեշյանի՝ պատրիարքի փոխանորդի պաշտոնից չհրաժարվելու համառությունը:
Արամ Աթեշյանի պատրաստած արձանագրության մեջ նշվում է, որ Բեքչյանը ճանաչվում է, որպես ընտրված տեղապահ, սակայն իր իրավասությունները կստանձնի միայն պատրիարքի ընտրությունների գործընթացը սկսելուց հետո: Իսկ մինչ այդ կպաշտոնավարի Աթեշյանը՝ ղեկավարելով պատրիարքիանի՝ թե ներքին, թե արտաքին գործերը: Ընտրված տեղապահը չպիտի միջամտի ոչ հոգևորականների նշանակումներին, ոչ էլ համայանքում և եկեղեցում փոխանորդի որոշումներին: