Յուրի Խաչատուրովի նշանակումն անդամ-պետությունների մտրակից հետո Հայաստանին նետված գազար է. Հայկ Մարտիրոսյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ հայտնի դարձավ, որ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար է նշանակվել Յուրի Խաչատուրովը:

Հիշեցնենք, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը դեռևս մեկ տարի առաջ ռոտացիոն կարգով պետք է փոխանցվեր Հայաստանի ներկայացուցչին, ինչը, սակայն, տարբեր պատճառաբանություններով ձգձգվում էր:

Յուրի Խաչատուրովի ՀԱՊԿ գլխավոր քարտուղար նշանակվելու մասին ArmLur.am-ը զրուցել է քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանի հետ:

«ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը փաստացիորեն արարողակարգային է, հատկապես երբ դա առաջին անգամ զբաղեցնելու է արբանյակ պետության ներկայացուցիչը: Առաջին տպավորությունը՝ թե Հայաստանի քաղաքացու նշանակումը կարևոր է լինելու՝ խիստ խաբուսիկ է: Ընդհակառակն՝ իրերի ներկա դասավորության պարագայում այդտեղ անգամ որոշակի վտանգ կա»,-ի պատասխան մեր հարցադրման ասաց Մարտիրոսյանը:

Նրա դիտարկմամբ՝ հայ-ադրբեջանական պատերազմի ակնկալվող նոր փուլում ՀԱՊԿ-ի՝ որպես կառույցի, նույնպես ակնկալվող անգործության պատասխանատվությունը կարող է բարդվել հենց Հայաստանի վրա՝ հղում անելով նրա ներկայացուցչի այդ կառույցի դե-յուրե ղեկավար լինելու հանգամանքին. «Ինչ վերաբերում է այդ պաշտոնյային, ապա հայտնի չէ թե որևէ ազգային դիրքորոշում չդրսևորած, այս ժողովրդի հետ իրականում խորքային որևէ կապ չունեցող և այսքան տարի Հայաստանում ապրած, սակայն իր մայրենիին այդպես էլ չտիրապետած մարդը որքանո՞վ կարող է օգտակար լինել իր ներկայացրած պետությանը: Այդ մարդու հասցեին հնչող այլ մեղադրանքներին անդրադառնալն անգամ արդեն ավելորդ է՝ այնքան կարծրացած են դրանք:

Ընդհանուր առմամբ ՝ այս քայլը՝ անդամ-պետությունների կողմից մտրակից հետո Հայաստանին նետված գազար է, բայց՝ այնպիսին, որն ուտել անգամ հնարավոր չէ: Իսկ հաստատված թեկնածուի հանգամանքն, առավել քան խոսուն է»:

Արփինե Թովմասյան




Լրահոս