Հարց քաղաքացիներից` կարո՞ղ է անձը առանց ՀՀ այցելելու հրաժարվել քաղաքացիությունից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Քույրս ՌԴ-ի քաղաքացի է եւ ցանկանում է հրաժարվել ՀՀ քաղաքացիությունից: Նա հիմա գտնվում է ՌԴ-ում: Խնդրում եմ ասեք՝ նա կարո՞ղ է առանց ՀՀ այցելելու հրաժարվել ՀՀ քաղաքացիությունից: Եվ խնդրում եմ ասեք, թե ի՞նչ ժամկետների մասին է խոսքը: Որքա՞ն ժամանակ կտեւի այդ գործընթացը: Նշեմ, որ չունի այստեղի գրանցում, ունի միայն քաղաքացիություն:

Նարինե Գրիգորյան (49 տարեկան, տնային տնտեսուհի)

ՊԱՏԱՍԽԱՆ. Հայտնում ենք, որ ՀՀ քաղաքացիությունից հրաժարվելու համար անձը անձամբ կարող է դիմել օտարերկյա պետությունում գտնվելու դեպքում՝ ՀՀ դիվանագիտական ծառայություն, ՀՀ-ում գտնվելու դեպքում՝ ՀՀ ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչություն:

Քանի որ անձը ունի այլ երկրի քաղաքացիություն, տվյալ դեպքում անհրաժեշտ է ներկայացնել հետեւյալ փաստաթղթերը՝
1) դիմում.
2) ՀՀ անձնագիրը եւ դրա պատճենը.
3) 35 x 45 մմ չափի 6 լուսանկար (գունավոր).
4) ամուսնության վկայականը (առկայության դեպքում) եւ դրա պատճենը.
5) իր երեխայի (երեխաների) ծննդյան վկայականը (վկայականները) եւ դրա պատճենը.
7) պետական տուրքի վճարումը հավաստող փաստաթուղթը.
8) ՌԴ անձնագիրը եւ նոտարական կարգով վավերացված հայերեն թարգմանությունը.
9) տեղում լրացվում է դիմում հարցաթերթիկ:

«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ ՀՀ քաղաքացիությունը դադարեցնելու համար գանձվում է պետական տուրք 25.000 ՀՀ դրամի չափով:
Նյութերը սահմանված կարգով եզրակացության հետ ներկայացվում են ՀՀ նախագահի աշխատակազմ: ՀՀ նախագահի կողմից հրամանագրով լուծվում է անձի ՀՀ քաղաքացիությունը դադարեցնելու հարցը: Ամբողջ գործընթացի համար ՀՀ օրենսդրությամբ սահմանված է 6-ամսյա ժամկետ:

ՀՀ ոստիկանության ՀԿԼ վարչություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Նշենք, որ ՀՀ քաղաքացիություն ստանալու կամ ՀՀ քաղաքացիությունը դադարեցնելու մասին դիմումը մերժվելու դեպքում վարչությունը 5-օրյա ժամկետում դրա մասին գրավոր իրազեկում է դիմումը ներկայացնողին:




Լրահոս