Իգնատի Առաքելյանն ընդունել է խաղողագործության միության նախագահին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն այսօր ընդունել է  «Հայաստանի խաղողագործության միություն» հասարակական կազմակերպության նախագահ Արտակ Սարգսյանին: Հանդիպմանը մասնակցում էին նաև նախարարի տեղակալ Ռոբերտ Մակարյանը, Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի տնօրենի պաշտոնակատար Զարուհի Մուրադյանը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են խաղողագործության միության և հիմնադրամի միջև համագործակցության հնարավորությունները` ոլորտի զարգացման և առկա խնդիրները համատեղ ջանքերով կարգավորելու նպատակով: ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը մասնավորապես առաջարկել է Հայաստանի խաղողագործության միությունն ընդգրկել հիմնադրամի խորհրդի կազմում:

Իր խոսքում ՀՀ գյուղատնտեսության նախարարը կարևորել է խաղողագործության  զարգացման  գործում հասարակական հատվածի սերտ համագործակցության անհրաժեշտությունը:

«Այսօր մենք պետք է փորձենք գտնել երկուստեք արդյունավետ լուծումներ և մթերողի, և խաղողագործի համար»,- նշել է Իգնատի Առաքելյանը:

Հանդիպման ընթացքում մասնավորապես անդրադարձ է կատարվել ֆիլոքսերակայուն տնկիների պահանջարկի ձևավորման, մթերման գործընթացի կանոնակարգման, մթերման մինիմալ գնի սահմանման, ուսուցողական դասընթացների և խորհրդատվական ծառայությունների  կազմակերպման և այլ հարցերի շուրջ համագործակցության հարցերին:

 ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության

և հասարակայնության հետ կապերի բաժին




Լրահոս