Բերդից ազատեցին հանուն ընտրության. քաղաքական հրահանգն ու քրեական տարրերը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ապրիլի 2-ին կայացած խորհրդարանական ընտրություններից մինչ օրս քաղաքական եւ ոչ քաղաքական շրջանակները շարունակում են քննարկել ընտրություննների ընթացքը եւ արդյունքները, թե ինչպես հաջողվեց Հայաստանի Հանրապետական կուսակցությանը մեծամասնություն ունենալ: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ապրիլյան ընտրություններին ընդառաջ՝ քաղաքական հրահանգի արդյունքում ՔԿՀ-ներից մի շարք մարդկանց են ազատ արձակել:

Այն, որ եղել է ընտրակաշառքի գործոն, այդ մասին բոլորը խոսեցին, ավելին՝ այդ մասին փաստեցին դիտորդական կազմակերպություները, ԵԱՀԿ/ԺՄԻԳ դիտորդները, բայց ընտրությունների հետ կապված աղմկահարույց բացահայտումները շարունակվում են:

«Ժողովուրդ» օրաթեթին տեղեկություններ են հասել այն մասին, որ ինչպես մյուս բոլոր ընտրություններում, այս անգամ եւս ընտրական գործընթացներում իրենց լուրջ դերակատարությունն են ունեցել քրեական տարրերը, որոնք մինչ խորհրդարանական ընտրությունները այս կամ այն պատճառներով հայտնվել են իրավապահ համակարգի ուշադրության կենտրոնում` կալանավորվել կամ ազատազրկման դատապարտվել:

Եվ ահա մեզ տեղեկություններ հասան, որ այս ընտրությունների նախաշեմին քարոզարշավից սկսած բազմաթիվ մարդիկ են տարբեր հիմքերով ազատվել կալանքից, որոնք պատահական մարդիկ չեն եղել: Նրանց մեծ մասի առջեւ պայման է դրվել, որ պետք է աշխատեն Հայաստանի Հանրապետական կուսակցության այս կամ այն ռեյտինգային թեկնածուներից մեկի օգտին:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկությունների իսկությունը պարզելու նպատակով դիմեց ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկների վարչության լրատվական բաժին՝ խնդրելով հայտնել, թե 2016թ. փետրվարի 1-ից մինչեւ մարտի 31-ը ընկած ժամանակահատվածում, ինչպես նաեւ 2017թ. փետրվարի 1-ից մինչեւ մարտի 31-ը ընկած ժամանակահատվածում քանի դատապարտյալ, կալանավոր է ՀՀ ՔԿՀ-ներից, պայմանական վաղաժամկետ ազատ արձակման, ներման, կամ այլ միջոցների արդյունքում ազատ արձակվել:

ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներից ստացված պաշտոնական տեղեկության համաձայն՝ 2016 փետրվարի 1-ից մինչեւ մարտի 31-ը ընկած ժամանակահատվածում պատիժը լրիվ կրելով ազատ է արձակվել 120 անձ, պայմանական վաղաժամկետ ազատարձակման հիմքով ազատ է արձակվել 24 անձ, պատիժը չկրած մասը փոխարինվել է ավելի մեղմ պատժատեսակով (ՀՀ քր.օր-ի 77 հոդվածի համաձայն) ազատ է արձակվել 3 անձ, ներման արդյունքում ազատ է արձակվել 1 անձ, ծանր հիվանդության հետեւանքով` 2 անձ, իսկ ահա այլ հիմքերով ազատ է արձակվել 79-ը անձ:

Իսկ ինչ պատկեր է եղել 2017թ. փետրվարի 1-ից մինչեւ մարտի 31-ը ընկած ժամանակահատվածում: Ըստ պաշտոնական տվյալների` պատիժը լրիվ կրելով ազատ է արձակվել 137 անձ, պայմանական վաղաժամկետ ազատ արձակելու հիմքով ազատ է արձակվել 19-ը, պատիժը չկրած մասը փոխարինվել է ավելի մեղմ պատժատեսակով (ՀՀ քր.օր-ի 77 հոդվածի համաձայն) 1 անձ, ներման արդյունքում` 3 անձ, ծանր հիվանդության արդյունքում՝ 2 անձ, իսկ ահա այլ հիմքերով ՔԿՀ-ներից ընկած ժամանակահատվածում ազատ է արձակվել 112 անձ:

Ակնհայտ է, որ ներկայացված թվերի մեջ իրականում շան գլուխը թաղված է «այլ հիմքերով» ազատ արձակվածների ցանկի մեջ: Օրինակ՝ եթե 2016 թվականի փետրվարի 1-ից մինչեւ մարտի 31-ը ընկած ժամանակահատվածում այլ հիմքերով ազատ են արձակվել 79 անձ, ապա 2017 թվականի նույն ժամանակահատվածում ազատ են արձակվել 112 անձ: Այսինքն՝ նախորդ տարվա համեմատ 33 մարդ «այլ հիմքերով» ավել ազատ է արձակվել պատժի կրումից: Ու հենց նրանք են պետք եղել իշխանությանը, որպեսզի մասնակցեն ընտրություններին եւ իրենց օգնությունը ցուցաբերեն համապատասխան թեկնածուին:

Իսկ ինչպե՞ս է կազմակերպվել գործընթացը:  Ըստ ամենայնի, այս կամ այն ընտրատարածքում ռեյտինգային ընտրակարգով առաջադրված թեկնածուները դիմել են երկրի բարձրագույն իշխանությանը՝ ներկայացնելով, թե անհրաժեշտ է, որ իրենց ընտրատարածքի ինչ-որ թաղի ակտիվ երիտասարդը ազատ արձակվի, քանի որ կարող է քվեներ ապահովել: Ու քանի հրահանգը չի ուշացել, ակտիվ քրեական տարրերը, ձայն բերողները ազատ են արձակվել:

Ավելին՝ օդում կախված լուրեր կան այն մասին, որ բազմաթիվ դատապարտյալներ ցերեկը դուրս են եկել քրեակատարողական հիմնարկներից, աշխատել ՀՀԿ օգտին, բացատրել իրենց շրջապատին, որ պետք է ՀՀԿ-ին ընտրել, որ «լավ լինի», իսկ երեկոյան վերդարձել են ՔԿՀ:

Այսպիսով՝ կարող ենք փաստել, որ հերթական անգամ հայաստանյան ընտրությունների ճակատագիրը որոշեցին թաղային հեղինակությունները, որոնք իրենց ազատությունը երկրի ճակատագրից վեր դասեցին:

Քնար Մանուկյան




Լրահոս