«Երկիր Ծիրանի» կուսակցությունը հայտարարություն է տարածել, ըստ որի`այն հանդիսանում է երկրորդ լրացուցիչ բողոք պահանջը, հաշվի առնելով այն հանգամանքը, որ Զարուհի Փոստանջյանի Հաղորդում հանցագործության մասին հայտարարության հիման վրա հարուցվել է քրեական գործ, սակայն, որը բավարար չէ ամբողջական նախաքննություն իրականացնելու համար:
Հ.Գ. Մինչ այս պահը ԿԸՀ-ն չի տեղեկացրել մեզ «Երկիր Ծիրանի» կուսակցության նիստի օրվա և ժամի մասին:
ՀՀ Գլխավոր Դատախազին
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին
ՀՀ հատուկ քննչական ծառայությանը
ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովին
Լրացուցիչ բողոք
2017 թվականի մայիսի 14-ի Երևանի ավագանու ընտրությունները ընթացել են ընտրական օրենսդրության պահանջների կոպիտ խախտումներով և հիմնարար իրավունքների ու ազատությունների կոպիտ ոտնահարմամբ:
Չնայած նորագույն տեխնոլոգիաների ներդրմանը, որից կարծես թե պետք է զգուշանային ընտրակեղծարարները` «Երկիր Ծիրանի» կուսակցությունը արձանագրել է, որ երեք ոստիկան, ովքեր ներկայացնում էին հատուկ ոստիկանական ծառայությունը, ապօրինի մուտք են գործել թիվ 9/46 ընտրատեղմաս, բացել և անտեսանելի վայր են տեղափոխել չհրկիզվող պահարանը, որի մեջ պահվում էին ընտրությունների անցկացման համար անհրաժեշտ փաստաթղթերը և միջոցները: Այս չհրկիզվող պահարանի տեղափոխությունը արձանագրելուց հետո «Երկիր Ծիրանի» կուսակցությունը նաև արձանագրել է, որ շուրջ 40 տոկոս ընտրատեղամասերում տեսանելի չեն` բացակայում են չհրկիզվող պահարանները:
Ընտրությունների նախորդ օրը և ընտրության օրը Երևանի քաղաքապետի թեկնածու Զարուհի Փոստանջյանի և նրա վստահված անձ` Լիլիթ Դրամփյանի կողմից լայնածավալ, կազմակերպված ընտրակեղծարարության մասին ահազանգը և հանցագործության կատարման փաստերի վերաբերյալ հայտարարությունը իրավապահ մարմինների ու ԿԸՀ-ի կողմից մանրակրկիտ քննության առարկա դարձնելու փոխարեն, ոչ միայն անտեսվել են, այլ դեռ ավելին ոստիկանական ծավալուն ջոկատի ներկայացուցիչների միջամտությամբ պարտակվել է:
Ոստիկանության կողմից Զարուհի Փոստանջյանի և Լիլիթ Դրամփյանի նկատմամբ կիրառվել է բռնություն, նրանց ապօրինի զրկել են ազատ տեղաշարժվելու հնարավորությունից ու ապօրինի ազատազրկել: Երևանի քաղաքապետի թեկնածու Զարուհի Փոստանջյանի և նրա վստահված անձ` Լիլիթ Դրամփյանի նկատմամբ ոստիկանների կողմից իրականացված ապօրինությունները` բռնությունը, ազատ տեղաշարժվելու սահմանափակումը և ապօրինի ազատազրկումը, նրանց մարմնական վնասվածքներ հասցնելը ընտրության օրը` ժամը 13:30-ի սահմաններում, հեռարձակվել է ուղիղ եթեր, որից հետո ավելի ուժգին շարունակվել է ընտրակեղծարարությունը, իսկ ահաբեկված ընտրողները չեն գնացել ընտրատեղամաս, ինչը նաև ազդել է ընտրողների ակտիվ մասնակցության վրա, որի հետևանքով արձանագրվել է ցածր մասնակցություն:
2017 թվականի մայիսի 14-ին` Երևանի ավագանու ընտրությունների օրը, Երևանի քաղաքապետի թեկնածու Զարուհի Փոստանջյանը և նրա վստահված անձ` Լիլիթ Դրամփյանը, ոստիկանության հարձակման հետևանքով ստացել են մարմնական վնասվածքներ և տեղափոխվել բուժ հաստատություն:
Զարուհի Փոստանջյանը հրապարակավ հայտնել է, որ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքով սահմանված հետևյալ հանցակազմերով` այն է խոշտանգում, իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնության գործադրում, հանցագործության պարտակում, ապօրինի որոշման կայացում և անձին ապօրինի ազատությունից զրկում, ազատ տեղաշարժվելու իրավունքի սահմանափակում, մարդու և քաղաքացու իրավահավասարության խախտում, մարմնական վնասվածքների պատճառում` ընդհուպ մինչև ծանր մարմնական վնասվածքներ հասցնելը, տեղի է ունեցել Երևանի քաղաքապետի թեկնածուի և ՀՀ Աժ պատգամավորի ու նրա վստահված անձի` Լիլիթ Դրամփյանի նկատմամբ, սակայն դեպքից անցել է 6 օր, սակայն Զարուհի Փոստանջյանը և Լիլիթ Դրամփյանը տուժող չեն ճանաչվել:
2017 թվականի մայիսի 14-ի Երևանի ավագանու ընտրությունների գործընթացը, որը տեղի է ունեցել հավաստի և պարբերաբար ստացվող տեղեկություններով՝ քաղաքացիների ուղղորդման, ձայների գնման, պետական ոլորտի՝ դպրոցներ, հիվանդանոցներ, և մասնավոր ընկերությունների աշխատակիցների վրա ճնշումների և վարչական ռեսուրսների կիրառման մասին ահազանգերով իրավապահ մարմինների կողմից դիտավորյալ անտեսվել է, քանի որ նրանք կազմակերպված լայնածավալ ընտրակեղծարարության գործուն մասնակիցն են եղել:
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը բողոքներին հետամուտ չի եղել, որն էլ իր հերթին նպաստել է զանգվածային կազմակերպված ընտրակեղծարարությանը:
Կենտրոնական ընտրական հանձանժողովը «Երկիր Ծիրանի» կուսակցության բողոքը` 2017 թվականի մայիսի 14-ի Երևանի ավագանու ընտրությունները անվավեր ճանաչելու վերաբերյալ, քննության առարկա դեռ չի դարձրել:
Բողոքի պահանջը`
Հանցագործություն կատարելու փաստերի առիթով անհապաղ հարուցել քրեական գործ` Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքով սահմանված հետևյալ հանցակազմերով` այն է խոշտանգում, իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնության գործադրում, հանցագործության պարտակում, ապօրինի որոշման կայացում և անձին ապօրինի ազատությունից զրկում, ազատ տեղաշարժվելու իրավունքի սահմանափակում, մարդու և քաղաքացու իրավահավասարության խախտում, մարմնական վնասվածքների պատճառելը` ընդհուպ մինչև ծանր մարմնական վնասվածքներ հասցնելը:
Զարուհի Փոստանջյանին և Լիլիթ Դրամփյանին ճանաչել տուժող:
2017 թվականի մայիսի 14-ի Երևանի ավագանու ընտրությունները ճանաչել անվավեր:
«Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ
Զարուհի Փոստանջյան