Մանդատները վայր չդնելը համահո՞ւնչ է ամենասկզբունքային տիկնոջ ծիրանենի իմիջին. խմբագրական

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արդեն հայտնի է, որ խորհրդարանական ընտրապայքարից դուրս մնացած «Ժառանգություն» կուսակցության նախկին անդամ Զարուհի Փոստանջյանի ղեկավարած «Երկիր Ծիրանի» նորաստեղծ կուսակցությունը չի հրաժարվի Երեւանի ավագանու մանդատներից: Հիշեցնենք, որ մայիսի 14-ին կայացած Երեւանի ավագանու ընտրություններում Փոստանջյանի ղեկավարած կուսակցությունը զբաղեցրել էր վերջին՝ երրորդ տեղը՝ հավաքելով ձայների 7,5 տոկոսը եւ ստանալով 5 մանդատ:

Ու թեեւ ի սկզբանե էլ պարզ էր, որ այս կուսակցությունը ցանկացած արդյունքի դեպքում էլ ունենալու է հնարավորություն՝ ներկայացված լինելու Երեւանի ավագանու կազմում, այդուհանդերձ, ստացած ձայների քանակը, թերեւս, համարժեք չէր Զարուհի Փոստանջյանի քաղաքական հավակնություններին: Թեեւ մյուս կողմից էլ, հաշվի առնելով այն փաստը, որ Փոստանջյանի ղեկավարած «Երկիր Ծիրանի» կուսակցությունը գրանցեց օրենքով պահանջվող ժամկետի՝ բառացիորեն նախօրեին գրանցված արդյունքը, կարող էր եւ ավելի վատը լինել:

Ամեն դեպքում, ավագանու մանդատները վերցնելու՝ Փոստանջյանի որոշմամբ հաստատվեցին փորձագետների այն պնդումները, որ ԱԺ նախկին պատգամավորը Երեւանի ավագանու ընտրություններին մասնակցեց՝ քաղաքական գործընթացներից առաջիկա տարիներին դուրս չմնալու եւ հաջորդ խորհրդարանական ընտրություններին նախապատրաստվելու տրամպլին ունենալու համար:

Ուշագրավ է, որ չնայած հավաքած համեստ արդյունքներին՝ Զարուհի Փոստանջյանը չի ընկրկում եւ հանդես է գալիս նույնքան հավակնոտ հայտարարություններով, ինչպես նախընտրական փուլում, երբ խոստանում էր, որ «գրավելու է Երեւանի քաղաքապետարանը»: Նախօրեին նա լրատվամիջոցներից մեկի հետ զրույցում, անդրադառնալով մանդատները վերցնելու որոշմանը, հայտարարել է. «Դուք ականատեսը կլինեք, թե ինչպես է Տարոն Մարգարյանը աշխատելու Զարուհի Փոստանջյանի մոտ՝ որպես բռնազավթիչ-քաղաքապետ»:

Այսպիսով՝ արդեն իսկ կարելի է վստահորեն պնդել, որ առաջիկայում Երեւանի ավագանու նիստերը հանրության համար «հաց եւ տեսարաններ» ապահովելու հարցում մեծ նշանակություն կունենան՝ տեսարանների մասով: Անշուշտ, պետք չէ բացառել, որ Փոստանջյանի ներկայությունը Երեւանի ավագանու կազմում որոշակի դրական ազդեցություն կունենա՝ Տարոն Մարգարյանի կյանքը եթե ոչ դժոխքի վերածելու /ինչը պարբերաբար խոստանում էր Փոստանջյանը/, ապա առնվազն քաղաքապետարանի պաշտոնյաների ախորժակները զսպելու եւ նրանց գործունեության վերահսկողության առումով: Սակայն այստեղ մի կարեւոր պահ կա. պարբերաբար հայտարարելով կեղծված գործընթացները մերժելու, դրանց չմասնակցելու մասին /ինչպես որ եղավ 2015թ. սահմանադրական հանրաքվեի, ապա նոր ընտրական օրենսգրքի ընդունման ժամանակ/՝ արդյոք Երեւանի ավագանու ընտրությունների արդյունքները, ի վերջո, ընդունելն ու մանդատները վայր չդնելը համահունչ է ամենասկզբունքային տիկնոջ ծիրանենի իմիջին:




Լրահոս