Ինչպես հայտնի է` տարածաշրջանային այցով Երեւանում էին գտնվում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, որոնք հանդիպումներ են ունեցել բարձրաստիճան պաշտոնյաների՝ Սերժ Սարգսյանի, ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի եւ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի հետ, այնուհետեւ մեկնել Ստեփանակերտ: Այդ հանդիպումների մասին պաշտոնական հաղորդագրությունների մեջ աչքի ընկնողը ԱԳՆ-ի հաղորդագրությունն էր: Այստեղ մի փոքր ավելի մանրամասն է ներկայացված Նալբանդյանի ու համանախագահների զրույցի բովանդակությունը, մասնավորապես Հայաստանի ԱԳ նախարարի խոսքերը. «Հայաստանի ԱԳ նախարարն ընդգծեց, որ, թեեւ մայիսի 18-ի համանախագահների հասցեական հայտարարությունն առաջինը չէր, Ադրբեջանը շարունակում է ոչ միայն արհամարհել, անտեսել համանախագահների կոչերն ու հորդորները, այլեւ անել լրիվ հակառակը: Նախարարի բնորոշմամբ՝ հասունանում է մի իրավիճակ, որ եռանախագահող երկրները՝ որպես միջնորդության, հիմնախնդրի կարգավորմանն ուղղված ջանքերի միջազգային մանդատ ունեցող ձեւաչափ, պետք է ոչ միայն հայտարարություններ անեն, այլեւ համապատասխան կոնկրետ գործողությունների դիմեն, որպեսզի սանձեն Ադրբեջանի այս ապակառուցողական եւ սադրիչ քաղաքականությունը»,- ներկայացված է պաշտոնական հաղորդագրության մեջ:
Էդվարդ Նալբանդյանն առաջին անգամը չէ, որ ԵԱՀԿ ՄԽ համանախագահների կողմից Ադրբեջանին սանձելու կոնկրետ գործողությունների պահանջ է ներկայացնում: Մի քանի օր առաջ՝ մայիսի 30-ի ասուլիսի ժամանակ, Նալբանդյանը նույն միտքն արտահայտել էր մի փոքր այլ ձեւակերպմամբ. «Եռանախագահող երկրները պետք է ոչ միայն հայտարարություններով հանդես գան, այլեւ քայլեր ձեռնարկեն, որ սանձեն Ադրբեջանի ապակառուցողական ու սադրիչ քաղաքականությունը»,- ընգծել էր նա:
Էդ. Նալբադյանը չի հստակեցրել, թե ԵԱՀԿ ՄԽ համանախագահներն ի՞նչ միջոցներով ու մեթոդներով պետք է սանձեն Ադրբեջանին: Մինչդեռ հետաքրքիր է իմանալ, թե ինչպե՞ս է տեսնում իր հորդորի իրականացումը:
Համենայն դեպս, չկա որեւէ փաստաթուղթ, համաձայն որի՝ ԵԱՀԿ ՄԽ համանախագահներն իրավունք կունենային պաշտոնական Բաքվի (կամ Երեւանի) նկատմամբ պատժամիջոցներ կիրառել: ԵԱՀԿ ՄԽ-ն ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը չէ, համանախագահներն էլ ընդամենը միջնորդներ են: Այնպես որ, Նալբանդյանի կողմից նման հայտարարությունները կարող են, մեղմ ասած, անլուրջ ընկալվել միջազգային հանրության եւ նույն համանախագահների կողմից: Իսկ Նալբանդյանը նման հայտարարություններ է հնչեցնում, քանի որ վերջապես առաջին անգամ ԵԱՀԿ ՄԽ-ն հրադադարի ռեժիմի խախտման համար հասցեական քննադատեց Ադրբեջանին, ու հիմա ՀՀ-ն փորձում է օգտվել այդ իրավիճակից: Եւ հետո Նալբանդյանը փորձում է ցույց տալ, թե ինքն, այնուամենայնիվ, գործ է անում, զբաղված է ԼՂ խնդրի լուծմամբ՝ ձեռքի հետ կոծկելով իր դիվանագիտական ձախողումները, որոնցից ամենաակնառուն Ադրբեջանի վետոյի շնորհիվ ՀՀ-ում ԵԱՀԿ գրասենյակի փակումն է: