ՏԵՍԱՆՅՈՒԹ. ՀՀԿ-ական կառավարության դեժավյուն. Ս. Սարգսյանը կզոհաբերի նաև Կարեն Կարապետյանի կառավարությունը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կառավարության՝ 2017-2022թթ. գործունեության ծրագիրն այդպես էլ բովանդակային լուրջ քննարկումների չարժանացավ: Ինչո՞ւ, որովհետեւ Հայաստանում դժվար է գտնել որեւէ մեկին, որ լուրջ կընդունի իշխանությունների խոստումներն ու ներկայացրած ծրագրերը:

Ինքներդ եք հասկանում՝ նախորդ կառավարությունների օրոք էլ գեղեցիկ խոստումների, հավակնոտ ծրագրերի պակաս չի եղել. կառավարությունը մե՛կ Գյումրին էր տեխնոպարկ դարձնում, մե՛կ Դիլիջանը՝ ֆինանսական կենտրոն, մե՛կ Ծաղկաձորը՝ զբոսաշրջային կենտրոն: Էլ չենք խոսում տարեկան նվազագույնը 7 տոկոս տնտեսական աճ ապահովելու, աղքատությունը կրճատելու, պետական պարտքը նվազեցնելու, արտահանման ծավալներն ավելացնելու վերաբերյալ ծրագրերի մասին: Բայց այդ խոստումներից որեւէ մեկն այդպես էլ իրականություն չդարձավ: Բնական էր նաեւ այս կառավարության ներկայացրած փաստաթղթի նկատմամբ ե՛ւ հասարակության, ե՛ւ ընդդիմադիր ուժերի անտարբերությունը. դժվար է գտնել մարդու, որ կհավատա նաեւ այս կառավարության ծրագրին: Առավել եւս, երբ այս ծրագիրն իրականացնելու հայտ ներկայացրել է Հանրապետական կուսակցությունը, որի ձեռքին է կենտրոնացած եղել Հայաստանի իշխանությունն առնվազն վերջին երկու տասնամյակում, եւ այդ տարիներին գրանցվել են անհամար ձախողումներ:

Ի դեպ, երեկ կառավարության առաջին նիստն էր` գործունեության հնգամյա ծրագրի հաստատումից հետո: Այդ նիստին մասնակցում էր նաեւ Սերժ Սարգսյանը, որ նաեւ ելույթ է ունեցել: Միայն թե այդ ելույթը դեժավյու էր հիշեցնում. այն իր բովանդակությամբ բավական նման էր նախորդ կառավարությունների նիստերում հնչեցվածին:

Սերժ Սարգսյանն այսօր վստահեցնում է, թե Կարեն Կարապետյանի կառավարությունը վայելում է իր ու քաղաքական ողջ թիմի վստահությունը: Ճիշտ նույնկերպ նա խոսում էր նաեւ Հովիկ Աբրահամյանի մասին. «Ես ՀՀ վարչապետ եմ նշանակել Ազգային ժողովի պատգամավորների մեծամասնության վստահությունը վայելող անձին՝ Հովիկ Աբրահամյանին՝ Ազգային ժողովի նախագահին ու նաեւ ՀՀԿ նախագահի տեղակալին… Վարչապետի նշանակումից հետո կառավարությունը շարունակում է կատարել իր աշխատանքները, եւ կառավարության անդամներին խնդրում եմ, որ բարեխղճորեն եւ պարտաճանաչ կերպով կատարեն իրենց պարտականությունները»: Բայց հիշո՞ւմ եք՝ նախորդ տարի Սերժ Սարգսյանը քաղաքական նպատակահարմարությունից ելնելով՝ ինչպես զոհաբերեց խորհրդարանի մեծամասնության (ոչ միայն ՀՀԿ-ի, այլ նաեւ ԲՀԿ-ի) վստահությունը վայելող Հովիկ Աբրահամյանին` ԱԺ ընտրություններից առաջ ստիպելով նրան հրաժարական տալ ու որպես փոփոխությունների իմիտացիա՝ Մոսկվայից Կարեն Կարապետյանին բերեց վարչապետ:

Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում:

ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ




Լրահոս