Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Գերմանիան, արգելելով իրեն ելույթ ունենալ այդ երկրում, ինքնասպանություն է գործել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին Էրդողանը խոսել է գերմանական Die Zeit պարբերականին տված հարցազրույցում: Թուրքիայի նախագահը նշել է, որ քանի դեռ գերմանական կողմն իրենց չի հանձնել այդ երկրում բնակվող գյուլենականներին, իրենք դիտարկելու են Գերմանիան իբրև ահաբեկիչներին պաշտպանող երկիր: Էրդողանն ընդգծել է, որ Թուրքիան ու Գերմանիան ունեն մեկը մյուսի կարիքը: Նա նաև հայտնել է, որ իր և կանցլեր Մերկելի միջև որևէ խնդիր չկա:
Էրդողանը նախատեսում է հուլիսի 7-8-ը մասնակցել գերմանական Համբուրգ քաղաքում կազմակերպվելիք G-20 երկրների գագաթնաժողովին: Դրանից հետո նա ծրագրել էր հանդիպել իր կողմնակիցների հետ, սակայն տարբեր սրահներ, որտեղ հանդիպում կազմակերպելու համար դիմում է ներկայացվել, մերժել են նրան:
Դորտմունդ քաղաքում գտնվող Westfalenhallen համալիրի կազմակերպիչները հայտնել են, որ սրահը չեն կարող տրամադրել, քանի որ այն արդեն ամրագրված է մեկ այլ միջոցառման համար: Գերմանիայի մեկ այլ՝ Օբերհաուզեն քաղաքում գտնվող König-Pilsner-Arena համալիրը ևս մերժել է Էրդողանի միջոցառումն անցկացնելու դիմումը:
Սրահի ղեկավարությունից հայտնել են, որ ամռանը König-Pilsner-Arena-ում իրականացվող վերանորոգման աշխատանքների հետևանքով իրենք չեն կարող սրահը տրամադրել միջոցառման անցկացման համար: Քյոլնի Lanxess Arena-ն հրաժարվել է իր մեծ սրահը տրամադրել Էրդողանին: Սրահի տնօրեն Շթեֆան Լյոհերը պարբերականի հետ զրույցում հաստատել է, որ թուրքական կողմը նման ցանկությամբ դիմել է իրենց: «Այս պահին Էրդողանի համար առանձնացնելիք տեղ չունենք»,- ասել է նա:
Իսկ Դյուսելդորֆի ISS-Dome արենայի խոսնակ Յուլիա Կաբալոն տեղեկացրել է, որ Թուրքիայից հուլիսի 9-ի համար ամրագրման դիմում են ստացել, սակայն չեն հաստատել՝ արենայում իրականացվող աշխատանքների պատճառով: Էրդողանի ելույթի մասին խոսել է նաև Գերմանիայի արտգործնախարար Զիգմար Գաբրիելը, ով հայտնել է, որ այս պահին այդ ելույթը նպատակահարմար չէ: