Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ 2017 թվականի հուլիսի 27-ից Երևան քաղաքի Կոմիտասի պողոտա-Տիգրանյան փողոց, Կոմիտասի պողոտա-Գրիբոյեդովի փողոց և Կոմիտասի պողոտա-Վրացական փողոց խաչմերուկներում կկատարվեն երթևեկության կազմակերպման փոփոխություններ:
Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունից։
Փոփոխությունների արդյունքում Կոմիտասի պողոտայի վրա՝ խաչմերուկի մոտակա հատվածում՝ Դավիթ Անհաղթի փողոցի կողմից դեպի Կոմիտասի պողոտա-Տիգրանյան փողոց խաչմերուկ ուղղության մոտեցող տեղամասում, հանդիպակաց երթևեկության հոսքերը բաժանող առանցքային կրկնակի հոծ գծանշման տեղափոխության միջոցով կկազմակերպվի ևս մեկ՝ 4-րդ երթևեկելի գոտի, որի շնորհիվ հնարավոր կլինի հետադարձը և դեպի Տիգրանյան փողոց ձախ շրջադարձը կատարել առանձնացված գոտուց՝ չխոչընդոտելով ուղիղ երթևեկող տրանսպորտային միջոցներին:
Իսկ Կոմիտասի պողոտա-Գրիբոյեդովի փողոց և Կոմիտասի պողոտա-Վրացական փողոց խաչմերուկների հատվածներում՝ Կոմիտասի պողոտայի վրա նշված փոփոխությունը կկատարվի խաչմերուկների երկու կողմերում, որի շնորհիվ հետադարձերը և ձախ շրջադարձերը համապատասխանաբար դեպի Գրիբոյեդովի և Վրացական փողոցներ կկատարվեն առանձնացված 4-րդ գոտիներից: