Ռուս քաղաքական վերլուծաբան Մոդեստ Կոլերովը կարծում է, թե առանց Ադրբեջանի կողմից Վիեննայի եւ Սանկտ Պետերբուրգի հանդիպումների ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման հայկական կողմը չպետք է համաձայնի աշնանը նախանշվող Սարգսյան-Ալիեւ հանդիպմանը:
-Պարո՛ն Կոլերով, աշնանը չի բացառվում Սարգսյան-Ալիեւ հանդիպումը: ՀՀ նախագահը հայտարարեց, թե նախնական համաձայնություն տվել են, սակայն այնքան էլ ակնկալիքներ չունի: Իսկապե՞ս մեծ արդյունքներ պետք չէ սպասել հանդիպումից:
-Ես կարծում եմ, որ մինչ Բաքուն հրաժարվում է կատարել Վիեննայի եւ Սանկտ Պետերբուրգի հանդիպման պայմանավորվածությունները, ապա լավ բան սպասել պետք չէ: Ադրբեջանը պետք է մինչ հանդիպումը իր ստորագրությունը դնի այդ համաձայնագրերի տակ, հակառակ դեպքում այդ հանդիպումն անարդյունք կլինի:
-Անարդյո՞ւնք էր նաեւ Նալբանդյան-Մամեդյարով հանդիպումը:
-Արտաքին գործերի նախարարների հանդիպումը միայն նպատակ ուներ պահպանել հարաբերությունների բալանսը, այն ավել նշանակություն չուներ: Արտաքին գործերի նախարարներն այս կոնֆլիկտում ոչինչ չեն լուծում, նրանք որոշում են միայն տեխնիկական հարցերը:
-Վերջին ժամանակներս միշտ ռուսական կողմն է հանդիսանում հանդիպումների նախաձեռնողը: Այս անգամ ե՞ւս ռուսական կողմից սպասենք նախաձեռնողականություն:
-Ես չգիտեմ, բայց ամեն դեպքում պետք չէ ռուսական կողմին տարանջատել հանդիպումներ նախապատրաստելու գործում: Ցանկացած հանդիպում կատարվում է երեք համանախագահների կարգադրությամբ:
-Նշանակում է՝ առանց այդ պայմանավորվածությունների կատարման հայկական կողմը չպե՞տք է ընդունի հանդիպման առաջարկը:
-Ակնհայտ է, որ մինչ Բաքուն չկատարի Վիեննայի եւ Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունները, լուրջ առաջընթաց արձանագրել չենք կարող: Համանախագահները պետք է անպայման բարձրաձայնեն այդ հարցը, իսկ Երեւանն իմ կարծիքով պետք էր մինչ Վիեննայի եւ Սանկտ Պետերբուրգի հանդիպումները լրացուցիչ պայմաններ ստանար, սակայն նա բաց թողեց այդ հնարավորությունը:
-Նման այլ հնարավորություն չի՞ լինի:
-Ո՛չ, նման այլ հնարավորություն չի լինի: Այդպիսի հնարավորություն կարող է լինել միայն այն դեպքում, եթե Ադրբեջանը կրկին ռազմական գործողությունների դիմի, որոնք կդադարեն եւ կրկին կառաջանա բանակցություններ վերսկսելու առիթ: Այսինքն՝ կրկին պատերազմի միջոցով:
-Ստացվում է՝ այս դեպքում Հայաստանը ոչ ճիշտ քաղաքականությո՞ւն է վարում:
-Ես կարծում եմ այն, որ Հայաստանը հրաժարվեց լրացուցիչ նախապայմաններից նախորդ տարի, դա սխալ էր: Ապրիլյան իրադարձություններից հետո Հայաստանը պետք է նախապայմաններ առաջ քաշեր բանակցությունների վերսկսման համար: Փաստացի Հայաստանը վերսկսեց բանակցություններն առանց նախապայմանների, եւ այդ կերպ ապրիլյան իրադարձությունների նախաձեռնողը ոչ մի կերպ դրա համար չպատժվեց:
զրուցեց Նաիրա Հովհաննիսյանը