Սերժ Սարգսյանի մտերիմի որդին ու ԴԱՀԿ Միհրանի քեռու տղան. ինչով է հայտնի նորաթուխ պատգամավորը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վեցերորդ գումարման խորհրդարանն աչքի է ընկնում երիտասարդ կադրերով, հաճախ նաև քաղաքականությունից հեռու կերպարներով, ովքեր խորհրդարանում են հայտնվել ծանոթ-բարեկամների միջոցով: Երիտասարդ պատգամավորների թվին է պատկանում նաև ՀՀԿ խմբակցության պատգամավոր Վահան Հարությունյանը, ով Սերժ Սարգսյանի ընկերոջ՝ «Միկմետալի» Միշայի որդին է  և ընդգրկված էր համամասնական ցուցակում:

Չնայած նա արտահերթ նիստերի ժամանակ այնքան էլ ակտիվ չէր, սակայն հասցրեց աչքի ընկնել, երբ խորհրդարանում դեմ քվեարկեց  Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին օրենքին, քանի որ առաջարկներ էր արել, որոնք չէին ընդունվել: Ուսումնասիրելով նրա կենսագրական տվյալները` տեղեկանում ենք, որ նա մասնագիտությամբ երկրաբան է, տեխնիկական գիտությունների թեկնածու:

2003-2017թթ. եղել է «Միկմետալ» ՓԲԸ նախագահ: 2012– 2017թթ.՝ «Ասկեգրուպ» ԲԲԸ հիմնադիրների խորհրդի անդամ: 2009 թվականից ՀՀ շինարարների միության խորհրդի անդամ է, 2014 թվականից՝ Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի հոգաբարձուների խորհրդի անդամ:

Երիտասարդ լինելով հանդերձ, Հարությունյանը բավական մեծ ունեցվածքի տեր է: Հայտարարագրից տեղեկանում ենք, որ նա ունի բնակարան, երկու հողամաս և մեկ ավտոտնակ: Նորաթուխ պատգամավորն ունի 5 ավտոմեքենա՝ RANGE ROVER VOGUE 4.4,  RANGE ROVER SPORT Supercharged 4.2, LEXUS RX 350, TOYOTA CAMRY 3.5, HYUNDAI SANTA FE 3.5:  Նա ունի  երկու բաժնետոմսեր՝ 50 հազար դրամ և 536 մլն 505 հազար դրամ արժողությամբ: Բացի այդ, նա ունի 100 մլն դրամի փոխառություն:

Նրա դրամական միջոցները կազմում են 431 մլն 368 հազար դրամ և 600 հազար դոլար, իսկ մեկ տարվա եկամուտն էլ կազմել է 7 մլն դրամ:

Հավելենք, որ Միշա Հարությունյանը ԴԱՀԿ ծառայության նախկին պետ Միհրան Պողոսյանի քեռին է։ Մ. Հարությունյանը խոշոր գործարար է, նրան են պատկանում «Միկմետալ» ընկերությունը, «Երազ» բիզնես կենտրոնն ու «Երազ» բնակելի թաղամասը, նաև Չարենցավանում գործող «Ասկե գրուպ» ՓԲԸ-ն:

Նաիրա Հովհաննիսյան




Լրահոս