Ինչ բիզնեսներ ունի ՀՀ վարչապետն Արցախում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օրեր առաջ տեղեկատվություն տարածվեց, որ վարչապետ Կարեն Կարապետյանի ընտանիքը Արցախում հիմնելու է 200 հեկտար նռան այգի: Այդ լուրը գլխավորապես դրական արձագանքների արժանացավ, բայց եղան նաեւ քննադատություններ՝ մեղադրելով Կարապետյանին, որ նախկինում Արցախում ոչ մի ներդրում չի արել եւ միայն հիմա, որպես վարչապետ, իր PR-ի համար ներդրումներ է խոստանում:
«Ժողովուրդ»-ը գնաց այդ մեղադրանքների հետքերով եւ պարզեց, որ Արցախում Կարապետյանը ե՛ւ բիզնես, ե՛ւ բարեգործական գործունեություն ծավալել է տարիներ շարունակ: Ըստ այդմ, Կարապետյանի ընտանիքը պարբերաբար տարբեր դպրոցներին աջակցել է հատկապես համակարգչային տեխնիկայով:

Տարիներ առաջ իր պապական տունը վերանորոգելուց բացի՝ Կարեն Կարապետյանը նաեւ իր միջոցներով բարեկարգել է հայրենի գյուղի՝ Աստղաշենի ճանապարհները եւ մշակույթի տունը: Կարապետյանի միջնորդությամբ ու կապերի շնորհիվ բազմաթիվ այլ խոշոր բարեգործական ծրագրեր էլ են իրագործվել Արցախում: Բացի այդ, ըստ Արցախի ֆինանսների նախարարության հաշվետվությունների՝ ապրիլյան պատերազմի օրերին բացված հատուկ հաշվեհամարին Կարեն Կարապետյանը 100 հազար դոլար է փոխանցել:

Ու պատահական չէ, որ «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը հատուկ հաշվեհամարին եւ Արցախի ազատամարտիկների միությանն է փոխանցել ընդհանուր առմամբ ավելի քան 1.1 միլիարդ դրամ: Ինչ վերաբերում է բիզնեսին, ապա Կարապետյանների ընտանիքի ամենահայտնի ներդրումն Արցախում «Florence Garden» ռեստորանն է, որը գտնվում է Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում եւ ակնհայտորեն մի քանի միլիոն դոլար ներդրման արդյունք է: Կարապետյան ընտանիքը զգալի ներդրումներ է կատարել նաեւ Արցախի հիդրոէներգետիկայի բնագավառում՝ ե՛ւ «Արցախ ՀԷԿ» բաց բաժնետիրական ընկերության օղակով, ե՛ւ առանձին ՀԷԿ կառուցելու միջոցով:
Այնպես որ, քննադատելուց առաջ թերեւս լավ կլիներ իմանալ իրականությունը: Իսկ քննադատել դեռ կհասցնենք, օրինակ՝ ասելով, թե քիչ ներդրումներ են:

Նաիրա Հովհաննիսյան




Լրահոս