Վարչապետ Կարեն Կարապետյանը, որ «Խոսրովի անտառ» պետական արգելոցի հրդեհի օրերին աշխատում էր զերծ մնալ այդ թեմայով խոսելուց, «Բազե» երիտասարդական հավաքի ժամանակ վերջապես անդրադարձել է կատարվածին, ընդ որում, բավական ուշագրավ շեշադրումներով:
Հարցին, թե ըստ մամուլի հրապարակումների, հրդեհից հետո լարվել են վարչապետի եւ ՀՀ արտակարգ իրավիճակների եւ ՀՀ բնապահպանության նախարարների հարաբերությունները, հետեւաբար արդյո՞ք քննարկվել է նախարարների հետագա պաշտոնավարման հարցը, Կարապետյանն ասել է. «Մենք դեռ վերլուծություն չենք արել: Աղետ լինելուց հետո անմիջապես պետք է նախարա՞ր փոխել:
Դեռ մեր թույլ ու ուժեղ կողմերը չենք վերլուծել, մեր անձնակազմը, կառավարիչներն ինչպես են արձագանքել, պատրա՞ստ են եղել, թե՞ ոչ` անկախ բնապահպանության ոլորտը կլինի, թե արտակարգ իրավիճակների»: Իսկ դիտարկմանը, թե ապրիլյան պատերազմը ցույց տվեց ռազմաարդյունաբերության ոլորտում բացթողումները, Խոսրովի արգելոցի հրդե՞հն ինչ ցույց տվեց, վարչապետը կրկնել է նույն միտքը, թե դեռ վերլուծություն չեն արել:
Նախ՝ արձանագրենք, որ Կարեն Կարապետյանը չի հերքել, որ լարված են իր ու երկու նախարարների՝ Դավիթ Տոնոյանի եւ Արծվիկ Մինասյանի հարաբերությունները, այդպես անուղղակի հաստատելով շրջանառվող լուրերը /առավել եւս, հիշեցնենք, հրդեհի օրերին վարչապետն իրեն ցուցադրաբար «ետ էր քաշվել», հեռու էր պահում միջադեպից, գերադասելով մեկնել Արցախ ու սկուտեր վարել/:
Ինչ վերաբերում է միջադեպին, ապա Խոսրովի անտառի հրդեհից անցել է տասը օր, եւ այս ընթացքում դեռ որեւէ պաշտոնանկություն չի եղել, ասել է, թե՝ որեւէ մեկը կատարվածի համար պատասխանատվություն չի կրել:
Այստեղ, իհարկե, պարտադիր չէ, որ պատասխանատվության առաջ կանգնեն հենց նախարարները, առավել եւս, երբ երկուսն էլ նորանշանակ են (չնայած՝ նորմալ երկրներում նախարարներն իրենք են հրաժարական տալիս): Բայց փաստ է, որ իշխանությունները պատրաստ չէին նման մասշտաբների հրդեհը հանգցնելու, եւ դեռ հայտնի չէ՝ ավելի զանգվածային արտակարգ իրավիճակների դեպքում ինչպե՞ս ենք դիմակայելու:
Ինչ վերաբերում է ուժեղ եւ թույլ կողմերին, ապա գոնե առաջին հայացքից պարզ է եւ այդ մասին արդեն բարձրաձայնել են հենց ոլորտի մասնագետները, որ չունեինք համապատասխան տեխնիկա: Հետեւաբար, հիմա առանջնային խնդիր է ԱԻՆ-ի գույքագրումն ու տեխնիկասարքավորումներով համալրելը: Ու այս առումով անհասկանալի է, թե դեռ որքա՞ն ժամանակ է անհրաժեշտ ակնհայտ իրողությունները հասկանալու համար: Այնպես որ, լավ կլիներ, եթե վարչապետը նման խնդիրներին ուշադրություն դարձներ, այլ ոչ թե զբաղվեր շոուներով:
ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ