Ո՞վ է ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ-ի նոր համանախագահ Էնդրյու Շոֆերը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԵԱՀԿ Մինսկի խմբում Միացյալ Նահանգների նոր համանախագահ Էնդրյու Շոֆերն ունի դիվանագիտական աշխատանքի ավելի քան քառորդ դարի փորձ: 1985-ին ավարտելով հեղինակավոր Յեյլի համալսարանը՝ Շոֆերը այնուհետեւ միջազգային հարաբերությունների մագիստրոսի կոչում է ստանում այդ ոլորտում առաջադեմ Կոլումբիայի համալսարանում, գրում է «Ամերիկայի ձայնը»:

1991-ից, արդեն որպես Պետքարտուղարության դիվանագետ, Էնդրյու Շոֆերն աշխատում է Քուվեյթում, Բահրեյնում, իսկ 2000-ականներին՝ Ռուսաստանում, Հաագայում եւ Քաբուլում Միացյալ Նահանգների դեսպանություններում՝ կենտրոնանալով քաղաքական հարաբերությունների վրա:

Հայտարարելով նոր համանախագահի մասին՝ Մինսկի խմբում ԱՄՆ-ի արդեն նախորդ համանախագահ Ռիչարդ Հոգլանդն ընդգծել էր, որ փայլուն ու փորձառու դիվանագետ լինելուց բացի, Էնդրյու Շոֆերն ունի նաեւ հակամարտությունների կարգավորման գործնական փորձ: 2011-ից 2014-ը Էնդրյու Շոֆերը Կիպրոսում՝ Նիքոսիայում ԱՄՆ-ի փոխդեսպան էր, իսկ 2015-ից Վիենայում Միջազգային կազմակերպություններում Միացյալ Նահանգների առաքելության գործերի ժամանակավոր հավատարմատարը: Իր աշխատանքի ամբողջ ընթացքում Էնդրյու Շոֆերն ակտիվորեն պաշտպանել է մարդու իրավունքները, հատկապես կենտրոնանալով կանանց, ազգային եւ այլ փոքրամասնությունների հետ կապված հարցերի վրա: Նրա խոսքով, հավասարությունն իրական պետք է լինի այլ ոչ թե ձեւական.

«Այստեղ, Վիենայում, միջազգային կազմակերպությունների ղեկավարների ճնշող մեծամասնությունն այժմ տղամարդիկ են, սակայն, աշխատանքի մեծ մասը կատարվում է կանանց կողմից, ովքեր հաճախ վարչական պաշտոններում են: Կարծում եմ, փոփոխություն է անհրաժեշտ»:

Էնդրյու Շոֆերն ամուսնացած է, ունի երկու որդի: Մինսկի խմբի ԱՄՆ-ի նախորդ համանախագահ Ռիչարդ Հոգլանդի խոսքով, նոր համանախագահը տիրապետում է Լեռնային Ղարաբաղի հարցին ամբողջ խորությամբ.

«Մենք բազմիցս ենք հանդիպել, քննարկումներ ունեցել, այնպես որ նա ունի ամբողջական տեղեկատվությունը, որն ինձ մոտ հավաքվել է վերջին 8 ամիսների ընթացքում: Այնպես որ երկուշաբթի առավոտյան նա կարող է անխափան սկսել աշխատանքը»:




Լրահոս