ՖՈՏՈ. «Գլուխը՝ դեպի Արարատը, ոտքերը՝ դեպի Արագածը…». ինչպես է փարաքարցին սպանել և թաղել իրենից 30 տարով մեծ կնոջը. դեպքի մանրամասները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2011թ. դեկտեմբերին ֆրանսուհի Մոնիկ Հարլեին սպանելու և նրա կարողությանը տիրանալու համար 14 տարով ազատազրկված՝ փարաքարցի Գևորգ Խաչատրյանը համաձայն չէ առաջին ատյանի կայացրած որոշման հետ, պնդում է, որ անմեղ է և Վերաքննիչ քրեական դատարանից պահանջում է բեկանել առաջին ատյանի որոշումն ու նշանակել նոր նախաքննություն:

ArmLur.am-ը նախաքննական եզրակացութունից տեղեկանում է, որ 50-ամյա Գևորգ Խաչատրյանին,  մեղադրանք էր առաջադրվել շահադիտական դրդումներով դիտավորյալ սպանության համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով:

Ըստ դատական ակտի՝ Գևորգ Խաչատրյանը մեղադրվում էր Ֆրանսիայի քաղաքացի Մոնիկ Հարլեյին Հայաստանում սպանելու համար:

Մարոկկոյում կալանավորված ՀՀ քաղաքացի, Արմավիրի մարզի Թաիրով-Փարաքար գյուղի բնակիչ Գևորգ Խաչատրյանից Ֆրանսիայի իրավապահները տեղեկություն են ստացել՝ որ նա սպանել է Մոնիկ Հարլեյին ու մարմինը թաղել է իր այգում:

ArmLur.am-ը տեղեկացավ նաև, որ Գևորգ Խաչատրյանը մոր և եղբոր հետ բնակվել է Թաիրով-Փարաքար գյուղում:

Գևորգ Խաչատրյանը 1999 թվականին մեկնել է Եվրոպա՝ աշխատելու: 2000-ից մինչև 2005 թվականներն ապրել է Շվեյցարիայի Բազել քաղաքում: Այնտեղ ծանոթացել է ֆրանսուհի Ժանին Բոդենշացի հետ: Մտերմացել են: Գևորգն աշխատել է Ժանինին պատկանող «Բոդենշաց» նկարչատանը՝ որպես տնօրեն:

Գևորգը Հայաստանում պարբերաբար գտնվելու ընթացքում մի քանի անգամ ամուսնացել է հայ կանանց հետ, ունի մի քանի երեխա:

2006 թվականին Գևորգը Ժանին Բոդենշացի հետ մեկնել է Մարոկկո, աշխատել է նրա հետ: 2008 թվականին Մարոկկոյում Գևորգը ծանոթացել է իրենից 30 տարով մեծ՝ 1937 թվականին ծնված Մոնիկ Հարլեյի հետ: Վերջինս Մարոկկոյում զբաղվում էր անշարժ գույքի առուվաճառքով, ուներ մեծ կարողություն:

Այդ նույն ժամանակ լարվել են Գևորգի և Ժանին Բոդենշացի անձնական ու գործնական փոխհարաբերությունները: Ժանինի բողոքի հիման վրա Գևորգ Խաչատրյանը Մարոկկոյի Մարաքեշ քաղաքի դատարանի կողմից դատապարտվել է 1 տարի ազատազրկման:

 

2011 թվականին Գևորգը որոշել է Մոնիկի հետ Հայաստան այցելել: Նա Կասաբլանկա-Փարիզ-Երևան չվեթի երկու տոմս է գնել: Ինքնաթիռում Գևորգն ու Մոնիկը նստած են եղել կողք կողքի:

2011 թվականի դեկտեմբերի 12-ին նրանք ժամանել են Հայաստան: «Զվարթնոց» օդանավակայանում նրանց դիմավորել է Գևորգի եղբայրն ու իր մեքենայով տարել է իրենց՝ Թաիրով-Փարաքար գյուղում գտնվող տուն:

Գևորգն ու Մոնիկը մնացել են տան առաջին հարկում գտնվող խոհանոցում: Կոնյակ և շամպայն են խմել: 74-ամյա Մոնիկը ալկոհոլի ազդեցության տակ է եղել:

Գևորգ Խաչատրյանը նրան կյանքից զրկելու նպատակով եղբոր հոգեմետ դեղերից մի քանի դեղահաբ է մանրացրել, լցրել է շամպայնով լի գավաթի մեջ ու համոզել է, որ Մոնիկը խմի գավաթի ամբողջ պարունակությունը:

Մի քանի րոպե անց Մոնիկ Հարլեյը ընդունած դեղերի մեծ չափաբաժնից մահացել է:

Գևորգ Խաչատրյանը, ըստ դատական ակտի, իր արարքի հետքերը թաքցնելու նպատակով տան հետնամասում խողովակաշար անցկացնելու նպատակով փորված փոսը փորել-խորացրել է: Այնուհետև Մոնիկ Հարլեյի դիակը գրկել, դուրս է բերել խոհանոցից, գլուխը՝ դեպի հարավ, ոտքերը՝ դեպի հյուսիս՝ պառկեցրել է փորված փոսի մեջ ու թաղել է:

Նախաքննության ժամանակ Գևորգ Խաչատրյանն ընդունել է, որ սպանել է Մոնիկ Հարլեյին ու թաղել է Թաիրով-Փարաքար գյուղի իրենց տան այգում: Նա ցույց է տվել թաղման տեղը: Նա ասել է՝ Մոնիկն ուզում էր, որ իրենք սեռական հարաբերություն ունենան, իսկ ինքը դա չէր ուզում: Մտածել է՝ դեղ տա ու քնեցնի ալկոհոլի ազդեցության տակ գտնվող Մոնիկին՝ այդպես ազատվի նրա համառ սիրահետումից:

 

 

 

Երբ գրկել է Մոնիկի մարմինը, զգացել է, որ արդեն սառել է: Նրան պառկեցրել է փոսի մեջ՝ գլուխը՝ դեպի Արարատը, ոտքերը՝ դեպի Արագածը: Վրան հող ու քարեր է լցրել, ծածկել է փոսը: Իրավիճակն է իրեն թելադրել… Հետո լվացվել ու կոնյակ է խմել…

Գևորգ Խաչատրյանը նշել է, թե ինքը «նյութապաշտ չէ, շահամոլ չէ», այլապես կամուսնանար Մոնիկի հետ, «կապիկություն կաներ»: Ինքը գումարի համար մարդ սպանող չէ, «մենակ, տխուր մարդ է»: Տխուր մարդը չի կարող սիրել…




Լրահոս