Այս տարվա հոկտեմբերին կմեկնարկվեն Մեղրիի` Իրանի հետ հարակից տարածքում ազատ տնտեսական գոտու ստեղծման աշխատանքները: Մեղրիի ազատ տնտեսական գոտու ստեղծմանը անհամբեր սպասում են ոչ միայն տարածաշրջանի բնակիչները, այլեւ հարյուրավոր գործարարներ:
«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ ազատ տնտեսական գոտու գործունեությունը իրականացվելու է պետություն-մասնավոր համագործակցության շրջանակներում, որից ստացված շահույթից պետությունը ստանալու է իր մասնաբաժինը, իսկ մասնավորը` իր: Ի դեպ, ըստ որոշ տեղեկությունների` Մեղրի-Իրան սահմանին ազատ տնտեսական գոտի ստեղծելու ծրագիրը իրականում ՀՀ առեւտրի արդյունաբերական պալատինն է: Մեղրիում ազատ տնտեսական գոտի ստեղծելու միտքը կար նաեւ ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի կառավարության մոտ: Ավելին` նա իր վարչապետության օրոք նույնիսկ այցելել էր Մեղրիի տարածաշրջանի այն հատվածը, որտեղ նախատեսվում է ստեղծել ԱՏԳ-ն: Հուսանք` ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը ԱՏԳ ստեղծելու գաղափարը չի վերագրի իրեն:
Ըստ ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարության` ազատ տնտեսական գոտին կլուծի ոչ միայն մարզի սոցիալ-տնտեսական խնդիրները, այլեւ կնպաստի Հայաստան արտասահմանյան կապիտալի ներհոսքին, տարածքային զարգացմանը, Իրանի հետ տնտեսական կապերի ամրապնդմանը, ԵԱՏՄ անդամակցության, ԵՄ հետ առկա հարաբերությունների եւ տարվող բանակցությունների ներուժի առավել արդյունավետ օգտագործմանը:
Նշենք, որ ազատ տնտեսական գոտու կառուցումը ենթադրում է փուլային բնույթ: Առաջին փուլում նախատեսված է կառուցապատել Մեղրիի մաքսային կետին հարակից տարածքը` ապահովելով հիմնական արտադրական եւ պահեստային տարածքները, ինչը հնարավորություն կտա անխոչընդոտ մուտք գործել դեպի իրանական շուկա:
Մեկնարկը նախատեսված է 2017 թվականի հոկտեմբերի կեսերին: Առաջին փուլում կիրականացվեն շուրջ 10 մլն դոլարի ներդրումներ, իսկ ազատ տնտեսական գոտում գործունեության ընթացքում ակնկալվում է, որ կներգրավվեն շուրջ 120 շահագործող ընկերություններ, որոնք կիրականացնեն 350-400 մլն դոլարի ներդրումներ, կստեղծեն ավելի քան 2500 նոր աշխատատեղեր, իսկ միջին տարեկան արտահանումը կլինի շուրջ 80-100 մլն դոլար: Ըստ ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարության` ազատ տնտեսական գոտին դասական տարբերակով է գործելու, եւ բոլորը ազատված են լինելու հարկերից` բացի եկամտահարկից:
Մեղրիի քաղաքապետ Մխիթար Զաքարյանը, «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում անդրադառնալով Մեղրիում ազատ տնտեսական գոտի ստեղծելու ծրագրին, ոգեւորված նշեց, որ այն միայն դրական ազդեցություն կունենա համայնքի զարգացմանը: «Անհամբեր բոլորով սպասում ենք դրան, որովհետեւ դրա ազդեցությունը համայնքին անգնահատելի է լինելու բոլոր առումներով: Նախատեսում ենք, որ դրա արդյունքում համայնքի բնակչության կտրուկ աճ կգրանցվի ժամանակի ընթացքում: Աչքի առաջ ունենք Ջուլֆայի ազատ տնտեսական գոտու օրինակը. իրանական կողմում ստեղծված ազատ տնտեսական գոտու ազդեցությունը դրական ազդեցություն է թողել, օրինակ՝ 15 հազար բնակիչ ունեցող քաղաքն այսօր ունի 25 հազար բնակիչ», – նկատեց քաղաքապետը:
Տեղեկացնենք, որ օրեր առաջ ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Սուրեն Կարայանը, Մեղրիի քաղաքապետ Մխիթար Զաքարյանն ու մի շարք հայ գործարարներ այցելել են Ջուլֆա քաղաք: «Եղանք Ջուլֆա քաղաքում՝ հանդիպելու իրանական կողմի հետ: Նախարարի հետ միասին 12 հայ գործարար էր եկել, որոնք գործունեություն են ծավալում ե՛ւ Հայաստանում, ե՛ւ ՌԴ-ում, նաեւ կային Չեխիայից եկած ներկայացուցիչներ, որոնք պատրաստակամություն են հայտնել այս ամենում իրենց ներդրումները կատարել»,- «Ժողովուրդ»-ին ներկայացրեց Մեղրիի քաղաքապետը: Նրա խոսքերով` Սյունիքի մարզի գործարարները նույնպես սպասումների մեջ են:
Ըստ մեր զրուցակցի՝ ազատ տնտեսական գոտու ստեղծման առաջին փուլի համար հատկացվելու է 34 հեկտար տարածք: Այն գտնվելու է Հայաստանը Իրանին կապող Մեղրիի կամուրջին հարող հատվածում: «Այս պահին ընտրված է 34 հա տարածք Արաքսամերձ գոտում, Մեղրի-Իրան կամուրջի հարեւանությամբ: Հետագայում, անհրաժեշտության դեպքում, ընդլայնման հնարավորություն կա»,- փոխանցեց քաղաքապետը՝ միաժամանակ տեղեկացնելով, որ հնարավոր է հետագայում Ագարակ եւ Կարճեւան համայնքներն էլ հայտարարվեն ազատ տնտեսական գոտի. «Կարճ ասած՝ հեռանկարը վարդագույն է երեւում, սպասենք իրականացմանը»: Կիրականա՞ն վարդագույն թվացող հեռանկարները, ցույց կտա ժամանակը:
Սյունէ Համբարձումյան