ՀՀ գյուղատնտեսության նախարարության «Հայանտառ» ՊՈԱԿ-ի կողմից ապօրինի ծառահատումների դեմ նախկինում իրականացված կանխարգելիչ միջոցառումները վերջին ամիսների ընթացքում կրում են ավելի խստացված բնույթ։ ՊՈԱԿ-ի հսկողության բաժնի աշխատակիցները պարբերական ստուգայցեր են կատարում բոլոր 19 անտառտնտեսություններում։
Կատարած ուսումնասիրությունների և իրավապահ մարմինների հետ արդյունավետ համագործակցության արդյունքում՝ ապօրինություններ կատարելու, և դրանք թաքցնելու փորձերը զգալիորեն նվազել են։
«Հայանտառ»-ի որդեգրած գործելաոճին անհամապատասխան վարքագիծ դրսևորելու հետևանքով՝ ՊՈԱԿ-ի մի շարք աշխատակիցներ ազատվել են աշխատանքից։
Անցած ամիսների ընթացքում աշխատանքից ազատվել են «Հայանտառ» ՊՈԱԿ-ի 3 «Անտառտնտեսություն» մասնաճյուղերի տնօրեններ, պահպանության գծով տնօրենի 1 տեղակալ, 1 ավագ անտառապետ, 3 անտառպահպանության ինժեներ, 8 անտառապետ, 33 անտառապահ։
«Հայանտառ» ՊՈԱԿ-ը շարունակելու է պայքարն ապօրինի ծառահատումների դեմ և առավել հետևողական է լինելու կազմակերպության աշխատակիցների գործելաոճին, և նրանց կողմից աշխատանքային պարտականությունների պատշաճ կատարմանը։