Ո՛Չ ՁԱՅՆԱՍԿԱՎԱՌԱԿ, Ո՛Չ ՏԵՍԱՀՈԼՈՎԱԿ, Ո՛Չ ԷԼ ՄԵՆԱՀԱՄԵՐԳ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթն արդեն անդրադարձել է այն հարցին, թե ուր են «Արձագանք» ստուդիայի աստղերը, որոնք 90-ականներին ակտիվ համերգային գործունեություն էին ծավալում: Հիմա նրանք չկան ոչ մի երաժշտական նախագծում, հավաքական համերգներին էլ համարյա  ելույթ չեն ունենում: Նրանց հանկարծակի անհետացումը զարմացրեց շատերին, բայց հետո ստուդիայի որոշ անդամներ հայտնվեցին գիշերային ակումբներում: Նրանց  համերգներն ու շրջագայությունները դադարեցին,  եւ «Արձագանք»-ի երբեմնի աստղերին փոխարինելու եկավ մեկ այլ սերունդ` ո՛չ ավելի երիտասարդ, ո՛չ էլ, առավել եւս, ավելի  տաղանդավոր:  Երբ որոշեցինք զրուցել «Արձագանք»-ի բոլոր նախկին անդամների հետ, մի քանիսը  հրաժարվեցին հարցազրույց տալ` Արման Բարդումյան, Օլգա Այվազյան… Իսկ Լիլիթ Կարապետյանի հետ զրույցն արդեն ներկայացրել ենք ձեր ուշադրությանը: «Ո՞ւր են նրանք» թեմայի հերթական զրուցակիցը երգչուհի Արփինե Բեկջանյանն է, ով հետեւյալ կերպ մեկնաբանեց  իր իսկ անհետացման պատճառը:  -Իմ անհետացման եւ պասիվության մասին բազմիցս եմ ասել թե՛ հեռուստատեսությամբ, թե՛ տարբեր տեղեր: Իշխանափոխություն տեղի ունեցավ, շատ մարդիկ նոր պաշտոններ զբաղեցրին, օգտվեցին այդ փաստից եւ շատ շատերին, որոնք իրենց ճանապարհին էին կանգնած, ուղղակի հեռացրին ասպարեզից: Մեզ որպես իրենց կոնկուրենտ են դիտել, դրա համար էլ այդպես վարվեցին: Ախր ամբողջ խնդիրն այն  է, որ նաեւ «Արձագանք»-ի հիմնադիրները` Արտավազդ Բայաթյանն ու Եղիշե Պետրոսյանն էլ չեն երեւում: Դա անհեթեթություն էր, որ «Արձագանք»-ը միանգամից անհետացավ: Երբ մենք շրջագայություններ էինք ունենում Հայաստանի ողջ տարածքում, համերգներ էինք տալիս գյուղերում ու քաղաքներում, ասում էին` մինչեւ ձեր գալը  այսինչ երգչի համերգին վաճառվել է 14 տոմս, իսկ մեր դեպքում մի համերգը վերածվում էր 2 համերգի: -Ինչո՞վ ես զբաղվել այս տարիների ընթացքում, երբ չես երեւացել եթերում: -Ամուսնացել եմ, երկու բալիկ եմ ունեցել: Կարծում եմ` գիտեք, որ ամուսինս` երգիչ-կոմպոզիտոր Արման Էլբերտը, նույնպես մեր ասպարեզից է: Ուզում եմ ասել` արգելքներ էլ չեմ ունեցել: Երգել-չերգելու խնդիր մեր տանը չի եղել: Երգել եմ գիշերային ակումբներում, եւ, փառք Աստծո, որ դրա հնարավորությունն ունեցել ենք, գոնե այդ տարբերակով մեր երկրպագուները կարողանում էին մեզ լսել ու տեսնել: -Իսկ տեսահոլովակ չե՞ս նկարել:-Ո՛չ ձայնասկավառակ, ո՛չ տեսահոլովակ, ո՛չ էլ մենահամերգ չեմ ունեցել, որովհետեւ երբ համերգների չեն կանչում, դու եկամուտ էլ չունես, որ այդ գումարն ինչ-որ բանի մեջ ներդնես: Չնայած իմ դեպքում մի քիչ ուրիշ է, ամուսինս կարող է ինձ օգնել, բայց միեւնույն է, եթե ես երգս ձայնագրեի, այն պետք է ունենար նաեւ տեսհոլովակ, գումարած դրան պետք է հեռուստաալիքներին գումար վճարեի, որ «ռասկռուտկա» անեին: Ամեն ինչի համար ֆինանս է անհրաժեշտ: Չկա համերգի հրավեր` չկա ֆինանսավորում, եւ արդյունքում, բնականաբար, չկան նաեւ միջոցներ հետագա քայլերի համար: -Ի՞նչ կարծիք ունես այսօրվա նոր սերնդի երգիչ-երգչուհիների մասին, որոնք սնկի պես հայտվում  ու անհետանում են: -Նորմալ երեւույթ է, նոր սերունդ պետք է լինի, բայց քիչ են այն ինդիվիդումները, որոնք կարող են ինչ-որ նոր բան ասել, հիմնականում նրանք կրկնվում են: Ցավով եմ նկատում նաեւ, որ հին սերնդից էլ կան մարդիկ, որոնք փոխել են իրենց դեմքն ու սկսել ինչ-որ նույն կարգի հարսանեկան տաշի-տուշի ու 6/8 երգել:  -Ապագայի հետ կապված ի՞նչ ստեղծագործական պլաններ ունես:-Աշխատում եմ նոր ալբոմիս վրա, բայց  ավարտը  տարբեր պատճառներով ուշանում է: Սկզբում ծնվեց առաջին բալիկս, հետո` երկրորդը, ոչ մի կերպ ժամանակ չեմ գտնում իմ ալբոմն ավարտին հասցնելու համար: Պատրաստի երգեր ունեմ, մնում է ձայնագրվեմ: Հիմա ավելի շատ ընտանիքիս հոգսերով եմ զբաղված` մեծացնում եմ փոքրիկիս, որը շատ չարաճճի է, իսկ երեկոները աշխատում եմ գիշերային ակումբներում, որտեղ, ի դեպ, աշխատում են շատ ու շատ սիրված երգիչներ: Հեռուստատեսության այն սեւ ցուցակները, որ կազմվեցին, ամեն դեպքում իրենց սեւ գործն արեցին եւ ազդեցին մեր առաջընթացի վրա: Հիմա երիտասարդ եմ, կարող եմ  գիշերային ակումբներում աշխատել, անգործ չեմ: Բայց տարիներ հետո չգիտեմ, թե  ինչ կլինի:ԵՎԱ ՌՈՒԲԻՆՅԱՆ




Լրահոս