ՀԱՐՑ. Հետաքրքիր է իմանալ` անձը կարո՞ղ է սոցիալական փաթեթի իր հաշիվը փոխել: Եթե այո, ապա ինչպե՞ս:
Տիգրանուհի Մելքոնյան (42 տարեկան, մանկավարժ)
ՊԱՏԱՍԽԱՆ. Տ. Մելքոնյանի հարցին ի պատասխան` տեղեկացնում ենք, որ յուրաքանչյուր բյուջետային տարվա սոցիալական փաթեթի գումարների փոխանցման համար լրացվում է նոր դիմում: Սոցիալական փաթեթի հաշիվը կարելի է փոխել միայն նոր բյուջետային տարում` նախքան սոցիալական փաթեթի ընթացիկ տարվա առաջին գումարի փոխանցումը: Այս դեպքում աշխատողը դիմումի հետ միասին ներկայացնում է նոր բանկի կողմից տրված սոցփաթեթի հաշվի մասին տեղեկանք, ինչպես նաեւ սոցփաթեթի նախկին հաշիվն սպասարկող բանկից տեղեկանք պարտավորություններ չունենալու վերաբերյալ:
Սոցփաթեթի հաշիվը փոխելու դեպքում աշխատողն իր հաշվի դրամական միջոցները սոցիալական փաթեթի հաշիվն սպասարկող նախկին բանկից սոցփաթեթի հաշիվը սպասարկող նոր բանկ փոխանցելու համար նախկին բանկ է ներկայացնում նոր բանկի կողմից տրված սոցփաթեթի հաշվի մասին տեղեկանք:
Այդ տեղեկանքի հիման վրա սոցփաթեթի հաշիվը սպասարկող նախկին բանկն աշխատողի սոցփաթեթի հաշվում առկա դրամական միջոցները փոխանցում է սոցփաթեթի հաշիվը սպասարկող նոր բանկի սոցփաթեթի հաշվին:
Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ավելացնենք, որ սոցիալական փաթեթի առաջին գումարի փոխանցումը կատարվում է աշխատողի սոցփաթեթի հաշվին դիմումը ներկայացվելու ամսվան հաջորդող ամսվա առաջին 5 աշխատանքային օրերի ընթացքում: