Արդեն տեւական ժամանակ է` իշխանությունները փորձում են ցույց տալ, թե քափ ու քրտինք մտած անհաշտ պայքար են մղում կոռուպցիայի դեմ, այն էլ՝ պայքարում ամենախիստ մեթոդներով: Բայց ԵԽ կոռուպցիայի դեմ պայքարի պետությունների խումբը՝ GRECO-ն, իր զեկույցում միանգամայն այլ գնահատականներ է հնչեցրել:
Ըստ այդ զեկույցի` Հայաստանը բավարար չափով իրականացրել է տասնութ հանձնարարականներից միայն հինգը: Առաջարկներից տասներկուսն իրականացվել են մասնակի, իսկ մեկն ընդհանրապես չի իրականացվել:
Հիմնական խնդիրն, ըստ GRECO-ի, այն է, որ առաջընթաց չի գրանցվել խորհրդարանում իրավական գործընթացի թափանցիկության եւ անհամապատասխանությունների վերաբերյալ ստանդարտների մասով:
GRECO զեկույցում նաեւ նշված է, թե հարկավոր է ավելի շատ ջանքեր գործադրել` սահմանելու վարքագծի կանոններ խորհրդարանի անդամների համար եւ ամրապնդելու պատգամավորների էթիկական նորմերին եւ չափանիշներին վերաբերող ստանդարտները: Ու բացի այդ, ըստ GRECO-ի, անհրաժեշտ է հետագայում նշանակալից առաջընթացի հասնել՝ գալիք 18 ամիսներին հանձնարարականների համապատասխանությունն ընդունելի մակարդակի հասցնելու համար:
Խոստովանենք` նման գնահատականները միանգամայն սպասելի էին: Ի սկզբանե պարզ է եղել՝ կոռուպցիայի դեմ պայքարում Հայաստանի իշխանությունների քայլերը ձեւական բնույթ են կրում: Նրանք ավելի շատ խոսում են արատավոր այդ երեւույթի դեմ պայքարի մասին, քան իրական քայլեր ձեռնարկում: Իսկ արդարացումները, թե կաշառք վերցնելու պահին մի քանի պաշտոնյա են ձերբակակել, այնքան էլ հիմնավոր չէ: Ի վերջո, ձերբակալվածներն ամենակոռումպացված անձինք չեն: Բացի այդ` կոռուպցիան միայն կաշառակերությունը չէ: Այնպես որ, կոռուպցիոն մեխանիզմները Հայաստանում շարունակում են գործել:
Մյուս կողմից, սակայն, անհասկանալի է, թե ինչո՞վ են զբաղված եղել իշխանություններն այս տարիներին, երբ կոռուպցիայի դեմ պայքարի համար օտարերկրյա պետություններից ու միջազգային կառույցներից ահռելի միջոցներ են ստացել, բայց պարզվում է՝ GRECO-ի տասնութ առաջարկներից միայն հինգն են լիարժեք իրականացվել:
Մյուս տասներկու առաջարկներն ինչո՞ւ են թղթի վրա մնացել, պարզ չէ, որեւէ մեկն այդպես էլ չի պատասխանել այս հարցին: Ամեն դեպքում ցանկալի կլիներ լսել իշխանությունների արդարացումները: Հատկապես հիմա, երբ կոռուպցիայի դեմ պայքարի համար միջազգային կառույցներից հսկայական դրամաշնորհների հույսեր ունեն: