ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ավարտվել է զենքի գործադրմամբ վարկային կազմակերպության աշխատակցուհու վրա ավազակային հարձակում կատարելու փաստով քննված քրեական գործի նախաքննությունը:
Ինչպես տեղեկացնում են ՀՔԾ–ից, նախաքննությամբ ձեռք բերված բավարար ապացույցներով պարզվել է, որ 2017թ.-ի նոյեմբերի 28-ին ՀՀ ոստիկանության ծառայող` ոստիկանության կրթահամալիրի ուսանող Փայլակ Մարտիրոսյանը, ուրիշի գույքի բացահայտ հափշտակություն կատարելու դիտավորությամբ, դեմքը դիմակով քողարկած մտել է Երևան քաղաքի Մաշտոցի պողոտայի 7/5 հասցեում գործող «Վարկս էյ էմ» կազմակերպության մասնաճյուղ, հարձակում գործել դրամարկղի աշխատակցուհու վրա ու զենքի գործադրմամբ, վերջինիս կյանքի և առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքով, նրանից պահանջել և հափշտակել է դրամարկղում առկա զգալի չափի` 292.000 ՀՀ դրամ գումարը, այնուհետև դիմել փախուստի:
Վերը նշված հանցավոր արարքի կատարման համար Փայլակ Մարտիրոսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով: Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը:
Քրեական գործի նախաքննությունն ավարտվել է: Գործը մեղադրական եզրակացությամբ հանձնվել է դատավարական հսկողություն իրականացնող դատախազին` այն հաստատելու և դատարան ուղարկելու համար: