Լևոն Երանոսյանի ղեկավարած կառույցը կդառնա ոստիկանական գվարդիա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ նոր ընդունված Սահմանադրությունը ենթադրում է, որ ՀՀ կառավարությանն առընթեր մարմիններ այլեւս չպետք է գոյություն ունենան: Կա՛մ նրանք պետք է դառնան նախարարություններ, կա՛մ ՀՀ վարչապետին կից կառույցներ: Այս համատեքստում փոփոխություններ են սպասվում նաեւ ՀՀ ոստիկանության համակարգում: Ոստիկանության այս՝ կառավարությանն առընթեր կարգավիճակը այլեւս չի լինելու:
Այսպիսով` սահմանադրական փոփոխությունների հետեւանքով կառավարությունում սպասվող կառուցվածքային փոփոխությունների արդյունքում ոստիկանությունը նախարարություն չի դառնա, այլ կլինի վարչապետին ենթակա կառույց: Գործադիրը նախնական ընդունել է նման կառույց դառնալու հիմնավորումները, որտեղ գրված է. «Այս մոդելը ենթադրում է ոստիկանության բնագավառի քաղաքականության մշակում վարչապետի կողմից, ոստիկանության պետի հաշվետվությունն ու պատասխանատվությունը վարչապետի առջեւ»:
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով` այս փոփոխությունների ֆոնին ոստիկանությունը նպատակ ունի փոփոխություններ իրականացնել ոստիկանության զորքերի կառուցվածքում եւ ոստիկանության զորքերը ցանկանում է տեսնել ազգային գվարդիայի տեսքով:
Որքանո՞վ է իրական ազգային գվարդիայի գաղափարը, եւ այն ի՞նչ կփոխի ոստիկանության ներքին զորքերի գործունեության որակի մեջ: «Ժողովուրդ» օրաթերթը ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից փորձեց պարզել, թե սահմանադրական փոփոխությունների արդյունքում ոստիկանությունում ինչ կառուցվածքային փոփոխություններ են նախատեսվում: Արդյո՞ք ճիշտ են տեղեկությունները, որ ՀՀ ոստիկանության զորքերը վերափոխելու եւ կոչելու են ազգային գվարդիա, եւ եթե այո, ապա ո՞վ է լինելու ղեկավարը:

Մեր հարցադրումներին ի պատասխան` ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից պատասխանեցին. «Ոստիկանության կազմակերպաիրավական ձեւի որոշման հարցը Հայաստանի Հանրապետության քաղաքական իշխանության մարմինների տնօրինման շրջանակում է: ՀՀ Սահմանադրության 159-րդ հոդվածի համաձայն` պետական կառավարման համակարգի մարմինը պետք է ունենա նախարարության կամ կառավարության, վարչապետին եւ նախարարությանը ենթակա մարմնի կարգավիճակ: Ոստիկանության կարգավիճակի վերջնական որոշումից հետո պարզ կդառնան ներգերատեսչական կառուցվածքային փոփոխությունների անհրաժեշտությունն ու ուղղությունները: Ոստիկանական գվարդիայի մասով առաջարկություն ներկայացրել է ՀՀ ոստիկանությունը: Առաջարկության վերաբերյալ վերջնական որոշում դեռեւս գոյություն չունի: Մեր կարծիքով այս ստորաբաժանման ապառազմականացումը եւ նրա խնդիրների կենտրոնացումը բացառապես իրավակարգի պաշտպանության ներքին խնդիրների վրա վաղուց հասունացել են եւ բխում են Հայաստանի ժողովրդավարացման միտումներից:

Ոստիկանության գվարդիան, մեր կարծիքով, պետք է հանդիսանա հակաահաբեկչական, զանգվածային անկարգությունները կանխող ու խափանող պրոֆեսիոնալ ոստիկանական եւ ոչ թե ռազմական ստորաբաժանում: Ներկայումս այս մարմնին վերապահված են նաեւ արտաքին պաշտպանական ֆունկցիաներ, որի ուժով ոստիկանության զորքերն հանդիսանում են զինված ուժերի մաս: Ռազմական դրության պայմաններում ռազմական դրության ռեժիմի իրականացմանը կներգրավվի ամբողջ ոստիկանությունը, այդ թվում` գվարդիան: Ավելացնենք նաեւ, որ գվարդիա ստեղծել-չստեղծելու հարցը սահմանադրական փոփոխությունների հետ կապ չունի, եւ այս հարցում որոշակիություն հնարավոր է երեք տարվա ընթացքում»:
Նկատենք, որ ներքին զորքերի կամ ազգային գվարդիայի ապագա հրամանատարի մասին ոչինչ չկա ոստիկանության պատասխանում:
«Ժողովուրդ» օրաթերթը ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից փորձեց պարզել` արդյո՞ք համապատասխան իրավական ակտ կամ օրենսդրական փաթեթի նախագիծ ներկայացվել է կառավարություն, եւ ինչ է այդ մասին մտածում գործադիրը: Ի պատասխան` մեզ հայտնեցին, որ այդ հարցի վերաբերյալ իրավական ակտի նախագիծ կառավարությանը չի ներկայացվել:

Իսկ ո՞ւմ կամ ո՞ր գերատեսչությանն է ոստիկանությունը նշված առաջարկությամբ դիմել: Տեղեկացանք, որ առաջարկությունը ներկայացրել են Հայաստանի Հանրապետության` 2018-2020 թվականների պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրում: Այնտեղ ոստիկանության զորքերի ապառազմականացման մասին կետ է նախատեսված: Այս նպատակով նախատեսվում է ոստիկանության զորքերի կազմակերպման եւ գործունեության կարգը կանոնակարգել բացառապես ոստիկանական օրենսդրական ակտերով եւ ուժը կորցրած ճանաչել «Ոստիկանության զորքերի մասին» ՀՀ օրենքը:

«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ՀՀ ներքին գործերի նախկին նախարար Սուրեն Աբրահամյանը ներքին զորքերը ոստիկանական գվարդիա դարձնելու առաջարկին ասաց. «Մենակ անվան փոփոխությամբ ոչ մի խնդիր չի լուծվի: Պետք է իմանաս նախ առաջինը այն խնդիրները, որոնք դրվելու են այդ կառույցների առջեւ, այն ֆունկցիաները, որոնք տրվելու են այդ կառույցներին` այդ խնդիրները իրականացնելու համար: Պետք Է իմանամ այդ բոլոր շարժառիթները եւ ամբողջական իմֆորմացիային տնօրինեմ, որ կարողանամ պատասխանել, հիմա դժվարանում եմ ասել»:

Մեկնաբանելով ոստիկանության այն կարծիքը, թե ոստիկանության գվարդիան, իրենց կարծիքով, պետք է հանդիսանա հակահաբեկչական, զանգվածային անկարգությունները կանխող ու խափանող պրոֆեսիոնալ ոստիկանական եւ ոչ թե ռազմական ստորաբաժանում, նախկին ոստիկանապետը նշեց. «Եթե իրենք են ենթադրություններով խոսում, ապա մեր վիճակը ինչ պետք է լինի, եթե ոստիկանական կառույցներն են այդ ամենը նախաձեռնողները, ապա չպետք է ենթադրեն, այլ հաստատ համոզված ասեն, ֆիքսեն՝ ինչի համար է դա` տարածաշրջանային խնդիրներ, մարտահրավերներ, ներքին խնդիրներ, արտաքին խնդիրներ…»:
Իսկ թե ինչ ապագա է սպասվում Լեւոն Երանոսյանի ղեկավարած կառույցին, արդյո՞ք նա կշարունակի մնալ իր պաշտոնում, ժամանակը ցույց կտա: Այս դեպքում՝ 3 տարիները:

Քնար Մանուկյան




Լրահոս