Սերժ Սարգսյանը վերջերս հաճախ է անդրադառնում Հայաստանի սոցիալ-տնտեսական վիճակին:
Տեղական ինքնակառավարման եւ տարածքային կառավարման մարմինների խորհրդաժողովի ելույթում նա հայտարարել էր. «Պետք է մարդկանց կշտամբել նրա համար, որ չեն ուզում աշխատել: Արդեն բավական է, հասկանում եք, պետությունը ի վիճակի չէ բոլորի սոցիալական խնդիրները լուծել: Մարդ եթե ուզում է լավ ապրել, պետք է աշխատի: Եթե առավոտից երեկո նա պատրաստ չէ աշխատելու, ուրեմն միշտ վատ է ապրելու, միշտ նախանձելու է ուրիշին, միշտ բամբասանքներն առաջին տեղն է դնելու եւ իրեն թվալու է, որ ամբողջ Հայաստանում բոլորը գող են, ու միայն ինքը գող չէ, դրա համար վատ է ապրում: Այս հարցերին պետք է ուշադրություն դարձնել, դուք ամեն օր շփվում եք այդ մարդկանց հետ»: Նման մի միտք նա հայտնել էր նաեւ վերջին հարցազրույցում. «Լավ ապրելու միակ բանաձեւը աշխատելն է, եւ բարեկեցության միակ ճանապարհը տնտեսական աճն է, եւ կարծում եմ՝ այս առումով կառավարությունը մեծ ջանքեր է գործադրում…»:
Համաձայնեք` հրաշալի է ասված. եթե մարդ ցանկանում է լավ ապրել, պետք է աշխատի: Սերժ Սարգսյանի ձեւակերպումն այդ առումով անխոցելի է, եւ ամենամեծ ցանկության դեպքում անգամ դժվար է չհամաձայնել նրա մտքերի հետ:
Բայց Հայաստանում շատ աշխատելը դեռ լավ ապրելու գրավական չէ: Ու եթե մանրամասն ուսումնասիրում ես տնային տնտեսությունների սպառողական ծախսերի կառուցվածքը, տխուր պատկեր է բացահայտվում: Հայաստանի բնակիչների ծախսերի մեջ տարեցտարի գնալով ավելացել են բնակկոմունալ ծառայությունների համար վճարվող գումարները, փոխարենը նվազել են ե՛ւ սննդի, ե՛ւ առողջապահության, ե՛ւ առավել եւս կրթության համար ծախսերը: Այլ կերպ ասած` մարդիկ աշխատում են, որպեսզի հասցնեն իրենց կոմունալ վճարումները կատարել, նաեւ վարկային պարտավորությունները մարել եւ միայն դրանից հետո մտածում են ապրուստի մասին:
Եւ այսպես` 2004թ. մեկ շնչի հաշվով ամսական ծախսերի մեջ սննդի համար վճարը կազմել է 56.1 տոկոս: 2008թ.՝ Սերժ Սարգսյանի պաշտոնավարման առաջին տարում սննդի համար ծախսը կազմել է ամսական միջինի 51.9 տոկոսը: Հետագա տարիներին այդ նպատակով ծախսերն էապես կրճատվել են, եւ արդեն 2014թ. մարդիկ սննդի համար ծախսել են գումարի 45.7 տոկոսը, 2015թ.՝ 43.6 տոկոսը, 2016թ.՝ 42.1 տոկոսը:
Միաժամանակ նկատենք, որ սննդի համար ծախսերն ամենեւին էլ գների էժանացման հետեւանքով չեն պակասել: Ընդհակառակը, այս ոլորտում գները տարիներ շարունակ աճել են թռիչքաձեւ: Արդյունքում մարդիկ ստիպված են եղել կրճատել իրենց ուտելիքի համար ծախսը, ու հիմա ՀՀ-ում յուրաքանչյուր 3 բնակչից 2-ը համարվում է թերսնված:
Նշենք, որ պաշտոնական վիճակագրությամբ` Հայաստանի բնակչության կողմից սպառված սննդամթերքի միջին էներգետիկան պետք է կազմի ամենաքիչը 2 հազար 100 կկալ, հակառակ դեպքում մարդը համարվում է թերսնված: 2016թ. Հայաստանում 2 հազար 100 կկալ-ից պակաս ստացող բնակչության մասնաբաժինը 62.9 տոկոս էր, 2015թ.՝ 60.8 տոկոս, 2014թ.` 60.2 տոկոս, 2013թ.` 59.2 տոկոս, իսկ, օրինակ, 2012թ.` 52.9 տոկոս: Այսինքն՝ թերսնվածների թիվը Հայաստանում տարեցտարի ավելի է շատացել:
Բայց վերադառնանք ամսական ծախսերին: Այս տարիներին աճել են ծառայությունների համար արված ծախսերը, սակայն դրանք հիմնականում բնակկոմունալ ծախսերի հետեւանքով: Այլ կերպ ասած` այս տարիներին գազը, էլեկտրաէներգիան, ջուրն այնքան են թանկացել, որ մարդիկ ստիպված են եղել իրենց ստացած եկամուտից ավելի ու ավելի մեծ գումար հատկացնել այդ նպատակով: Պարզ ասած, մարդիկ աշխատել են «Գազպրոմ-Արմենիային» ու ՀԷՑ-ին «վճարելու» համար, իհարկե, իրենց սպառած գազի եւ էլեկտրաէներգիայի դիմաց: Ըստ պաշտոնական վիճակագրության` 2004թ. բնակկոմունալ վճարումները կազմել էին ամսական ծախսերի 6 տոկոսը: Արդեն 2008թ. դրանք ավելացել են՝ 9.1 տոկոս, 2014թ.` 13.5 տոկոս, 2015թ.` 13.5 տոկոս, իսկ արդեն 2016թ.` 14 տոկոս:
Փոխարենը մարդիկ այս տարիներին ստիպված են եղել ավելի ու ավելի քիչ վճարել առողջապահության եւ կրթության նպատակով: 2004թ. ՀՀ բնակիչն իր ամսական միջին ծախսի 7.8 տոկոսն ուղղել է առողջապահության նպատակով, 2008թ. այդ թիվը նվազել է՝ 3.6 տոկոս, 2015թ.` 6.2 տոկոս, եւ ահա 2016թ. առողջապահության համար ծախսը կազմել է 5.2 տոկոս: Կրթության նպատակով ծախսերը 2004թ. կազմել են ամսական միջինի 3.7 տոկոսը, 2008թ.` 4.2 տոկոսը, իսկ արդեն 2016թ.` 1.5 տոկոսը:
Նման ցուցանիշներ կարելի է շատ մեջբերել: Բայց այսքանն էլ բավական է` ստեղծված իրավիճակի պատկերը հասկանալու համար: Իսկ պատկերը բավական տխուր է, նույնիսկ կարելի է ասել՝ ողբերգական: Ավելին` այս իրավիճակի հետեւանքներն իրենց միանգամից զգացնել չեն տալու, այլ կամաց-կամաց, հետեւողականորեն: Ի վերջո, սա նաեւ ապացույցն է այն բանի, որ այսօր Հայաստանի հասարակությունը չի զարգանում, դեռ ավելին` բռնել է ետընթացի ուղին, դրան գումարած՝ 29.4 տոկոս աղքատությունը:
ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ
ՍԵՎ ՑՈՒՑԱԿ
ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի հրավերով Արցախ ժամանած եվրոպական պատվիրակության անդամներն առաջիկայում կարող են հայտնվել Ադրբեջանի սեւ ցուցակում: Ինչպես հայտնի է՝ ցանկացած քաղաքական գործիչ, լրագրող, ով այցելում է Արցախ, մեխանիկորեն հայտնվում է Ադրբեջանի սեւ ցուցակում, ենթադրվում է, որ այդ պատվիրակության անդամները, քաղաքական գործիչները եւս կհայտնվեն այդ ցուցակում: Եւ ահա, «Ժողովուրդ»-ի տեղեկություններով` այդ ցուցակում կարող են հայտնվել նաեւ նշված պատվիրակության անդամները. ադրբեջանական լոբբին այդ ուղղությամբ արդեն իսկ սկսել է իր աշխատանքները` փորձելով ազդել այդ մարդկանց վրա: Հավելենք, որ պատվիրակության կազմում են եղել տարբեր երկրների ներկայացուցիչներ Տանզանիայից, Բրազիլիայից, ԱՄՆ-ից, Ավստրալիայից եւ Եվրոպայի տարբեր երկրներից:
ՀԵԳՆԵՑԻՆ
Երեկ խորհրդարանում հետաքրքիր իրավիճակ էր ստեղծվել: Իշխանություններին եւ կառավարությանը քննադատելուց բացի` «Ծառուկյան» խմբակցության պատգամավորներն անցել են միմյանց «կծելուն»: ՀՀ «Էներգախնայողության եւ վերականգնվող էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում եւ փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագծի քննարկմանը, երբ Սերգեյ Բագրատյանը ներկայացրեց նախագիծը, Վարդան Բոստանջյանը նշեց. «Պարոն Բագրատյանի ելույթից հետո ես հասկացա, որ Հայաստանի Հանրապետությանն, ըստ էության, էլ ոչ մի բան պետք չի, սա կլինի, արդեն չափազանց լավ կապրենք»: «Պարոն Բոստանջյան, Դուք ուզում եք, որ այս օրենքով լավ ապրեք, Դուք լավ չեք ապրելու, որովհետեւ Ձեր գործընկերների նկատմամբ հեգնանքի փոխարեն հարգանք պետք է ունենաք: Ես հեգնանքի աշխարհի չեմպիոն եմ, եթե ես ուզեմ, Ձեր ամեն մի ելույթը կհեգնեմ»,- պատասխանեց Բագրատյանը: Պատգամավորին փորձեց հանդարտեցնել ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը` նշելով. «Այստեղ հեգնանքի չեմպիոն չկա, այստեղ փոխադարձ հարգանքի 105 չեմպիոն կա»:
ԵՐԵՔ ՌՈՒՍԱԿԱՆ ԱՎՏՈՄԵՔԵՆԱ
ՀՀ քննչական կոմիտեի աշխատակազմը երեք հատ ավտոմեքենա է գնել: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ քննչական կոմիտեն մարդատար 3` «Պատրիոտ», «Ուազ» մակնիշի մեքենաների համար պետական բյուջեից ծախսել է 25 մլն 200 հազար դրամ: Այսինքն` յուրաքանչյուր մեքենայի համար քննչական կոմիտեն վճարել է 8 մլն 400 ազար դրամ: Ավտոմեքենա գնելու համար կառավարությունը քննչական կոմիտեին գումար տրամադրել է դեռեւս հոկտեմբեր ամսին: Այս գնումը կոմիտեն պատճառաբանել է, որ ունեցած 78 հատ տրանսպորտային միջոցները չեն բավարարում` բնականոն աշխատանքն ապահովելու համար:
Ի դեպ, տեղեկացնենք, որ գերատեսչությունը պահանջել է, որպեսզի մեքենաները լինեն ՌԴ 2017 թվականի արտադրության, գույնը` սեւ: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ՀՀ քննչական կոմիտեն նոյեմբերի 21-ին պայմանագիր կնքել է «Կարկոմավտո» ընկերության հետ, որի սեփականատերը նախկին պատգամավոր Կարեն Շախմուրադյանն է:
ՉԵ՞Ն ՀՐԱՊԱՐԱԿԵԼ
ՀՀ ԱԳՆ-ի անունից հրապարակվել է մի հայտարարություն, որտեղ հերքվել են Շառլ Ազնավուրի` նախօրեին ֆրանսիական պարբերականի հետ զրույցում արված հայտարարությունները: ՀՀ ԱԳՆ-ի լրատվական ծառայության անունից տարածված այդ հայտարարությունում մասնավորապես ասված էր, որ հայկական մամուլում ներկայացված «Միլիոններ են գողանում, մնում են անպատիժ» հոդվածում, որտեղ ներկայացվում էր հանրաճանաչ շանսոնյե Շառլ Ազնավուրի` «Nouvelle d’Armenie» պարբերականի համար Հայաստանի իշխանությունների մասին արված արտահայտությունը, թե «ձու գողացողին բանտարկում են, իսկ միլիոններ գողացողին թողնում են անպատիժ», «ներկայացված են փոփոխված փաստեր»: Այն անդրադարձը, թե իբր Շ. Ազնավուրի խոսքով, ինքն այս թեմայի շուրջ խոսել է Հայաստանի ղեկավարների հետ «..ես նրանց չեմ խնայում: Ասում եմ այն, ինչ որ մտածում եմ», եւս անճշտություններ ունի, քանի որ Ազնավուրը նշել է հետեւյալը.«Ես դա ասել եմ հայերին»,-ասված էր ԱԳՆ լրատվական ծառայության անունից հրապարակված տեքստում: Ավելի ուշ այդ հրապարակումների մեծ մասը ջնջվել է որոշ կայքերից: Factor.am-ի հարցմանն ի պատասխան` ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանը հայտնել է, որ ԱԳՆ-ն նման հայտարարություն չի տարածել: Ի դեպ, ԱԳՆ-ն պատրաստվում էր հերքում հրապարակել Ազնավուրի հայտարարությունները ներկայացրած հոդվածի կապակցությամբ, եւ հենց այդ հերքման սեւագիր, չստուգված տարբեարկն էլ հայտնվել է մամուլում:
ԽԱՌՆԱՇՓՈԹ ԱԺ-ՈՒՄ
Ազգային Ժողովի երեկվա արտահերթ նիստը մեկնարկել է խառնաշփոթով: Նիստի սկզբում պատգամավորների գրանցման էլեկտրոնային համակարգը չի գործել: Պատգամավորները փորձել են գրանցվել, սակայն լուսատախտակներին որեւէ բան չի երեւացել: ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը խնդրել է կրկնել գրանցումը: «Որ էկրան չկա, ո՞նց ես գրանցում»,-տեղից նկատել է Հանրապետական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը: Նույն խմբակցության պատգամավոր Սեյրան Սարոյանն էլ ձեռքով ցույց է տվել էկրանի կողմն ու շարունակել. «Կինոն չկա, էդ տելեվիզրները միացրեք»: Արա Բաբլոյանն առաջարկեց սկսել աշխատանքները, սակայն Սեյրան Սարոյանը արձագանքեց, որ իրենք չեն գրանցվել: Էլեկտրոնային համակարգը գործել է, սակայն գրանցված պատգամավորների գրանցման պատկերը հակառակ ցույց տրվեց էկրանի վրա: Խառնաշփոթի ժամանակ որոշ պատգամավորներ գրանցել են նաեւ բացակաների փոխարեն:
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳԵՐԻ՞Ն ԵՆ
«Ելք» խմբակցության պատգամավորները բողոքել են, որ կարեւորագույն հարցերը 24 ժամվա քննարկման ռեժիմով են բերվում խորհրդարան, ինչը կառավարության սխալ աշխատանքի արդյունքն է: «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը նշել է. «Տանել նման օրենքները նման քննարկման, սխալ է: Ազգային ժողովը կառավարության գերին չէ, մենք չե՞նք կարողանում ասել, որ օրենքները 1 ամիս շուտ ուղարկեն, սենց չի լինի, պարոն Բաբլոյան ջա՛ն»: Բողոքին միացել են նաեւ «Ծառուկյան» խմբակցությունից Նաիրա Զոհրաբյանը. «Ես հասկանում եմ, որ 21-րդ դարն արհեստական ինտելեկտի դար է, բայց դա դեռ ՀՀ չի հասել, ովքեր հանդիսանում են կոճակ սեղմող, միգուցե շատ են, բայց «Ելք»-ն ու «Ծառուկյան» դաշինքը այդ «սրբազան» պարտքը կատարելու ջատագով չեն»: