2011 թվականի փետրվարի 1-ին լույս տեսավ «Ժողովուրդ» օրաթերթի առաջին համարը, որն անվճար բաժանվեց բոլոր կրպակներում: Օրաթերթի առաջին համարի շապիկին գրված էր. «Առանց վերամբարձ խոսքերի եւ «սեթեւեթանքների», միանգամից կարող ենք վստահեցնել, որ մեր թիկունքում չկա կանգնած որեւէ քաղաքական ուժ, անգամ ամենասուր աչքերով եւ գործիքներով նայելու դեպքում մեր թիկունքում չեն երեւա որեւէ օլիգարխի կամ օսլայած մազերով երիտասարդների ականջներ, թեւեր, ոտքեր եւ այլ մարմնամասեր: Մենք չունենք «պապաներ», չունենք թելադրողներ եւ պահանջներ ներկայացնողներ: Եւ պատահական չէ մեր կողմից ընտրված անունը՝ «Ժողովուրդ»: Այն լինելու է իսկապես բոլորի թերթը»: Անցել են այսքան տարիներ, բայց «Ժողովուրդ»-ը հավատարիմ է մնում իր անվանն ու կարգախոսին, այն է` «Օրաթերթ բոլորի եւ ամեն ինչի մասին»: Մենք չունենք տաբուներ, սիրելի և ատելի մարդիկ։ Մեր գլխավոր սկզբունքն օբյեկտիվությունն է։ «Ժողովուրդ» օրաթերթի և ArmLur.am լրատվականի խմբագրակազմը գիտակցում է մեծ պատասխանատվության արժեքը և իրացնում իր բաժին իշխանությունը՝ որպես չորրորդ իշխանություն:
Հ.Գ. Ռեպորտաժը պատրաստված է օրաթերթի 5-ամյակի առթիվ