«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Խորհրդարանում մարտի 1-ի թեմայով լսումների ժամանակ աղմկալի փաստեր բացահայտվեցին: Պարզվում է` Մարդու իրավունքների եվրոպական դատարանում մարտի 1-ի գործի վերաբերյալ բացատրության մեջ ՀՀ կառավարությունն այդ օրը մայրաքաղաքի կենտրոնում կատարված սպանությունների մասին պարզապես նշել է, թե դրանք անհրաժեշտ են եղել` առանց որեւէ հիմնավորում ներկայացնելու: Մարտի 1-ի զոհերից Գոռ Քլոյանի հայրը՝ Սարգիս Քլոյանը, երեկ հայտարարել է. «Կառավարությունը պատասխանել է դատարանին, որ անհրաժեշտ են եղել սպանությունները, առանց հիմնավորելու: Պատկերացնո՞ւմ եք»:
Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի իշխանությունների բնույթը վաղուց ի վեր նորություն չէ որեւէ մեկի համար, այնպես որ՝ կառավարության կողմից նման պատասխանը միանգամայն բնական է:
«Ժողովուրդ»-ն առիթ ունեցել է տեղեկացնելու, որ 2015թ. Սահմանադրության փոփոխությունների նախագծի նախնական տարբերակի մեջ իշխանություններն ամրագրել էին մարդուն «բացարձակապես անհրաժեշտության» դեպքում կյանքից զրկելու իրավունքը. «Կյանքից զրկելը չի համարվում սույն հոդվածի խախտում, եթե այն հետեւանք է այնպիսի ուժի գործադրման, որը բացարձակապես անհրաժեշտ է»,- նշված էր նախագծում։
Հետագայում հանրային ճնշման ներքո իշխանությունները, բարեբախտաբար, ընկրկեցին ու նախագծից հանեցին այս նախադասությունը: Բայց, դե, «անհրաժեշտության դեպքում» մարդկանց սպանելն այս իշխանությունների ենթագիտակցության մեջ է նստած. ապացույցը 1999թ. հոկտեմբերի 27-ի եւ 2008թ. մարտի 1-ի ոճրագործություններն են, որոնց հետեւեց բացարձակ մենիշխանությունը:
Ավելի մանրամասն՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: