Կառավարությունը երեկվա նիստում հավանության է արժանացրել «Ինժեներական քաղաք» ստեղծելու հայեցակարգը: ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Սուրեն Կարայանը մանրամասներ է հայտնել հայեցակարգի վերաբերյալ` տեղեկացնելով, որ «Ինժեներական քաղաքը» կտեղակայվի Երեւանի Բագրեւանդի փողոցի վրա: Քաղաքի ստեղծմանն ուղղված ներդրումները, Կարայանի խոսքերով, կազմելու են 21.2 միլիոն դոլար, որից 10.5 միլիոն դոլարը համաֆինանսավորումն է Համաշխարհային բանկի՝ «Առեւտրի եւ որակի ենթակառուցվածքի խթանման» վարկային ծրագրի շրջանակներում, իսկ մնացածը մասը կներդրվի National instruments կոնսորցիումի կողմից:
Հայաստանի կառավարության համառությանն իսկապես կարելի է նախանձել: Տեւական ժամանակ է` գործադիրն իրար հետեւից մշակում եւ ընդունում է զարգացման մասին հայեցակարգեր: Մեկ Հայաստանը դարձնում են Սինգապուր, մեկ՝ Եվրոպա, մեկ՝ բիզնեսի առումով նախանձելի երկիր եւ այսպես շարունակ: Բնականաբար, ամեն անգամ այդ ծրագրերի վրա հսկայական միջոցներ են ծախսում, բայց անօգուտ. ծրագրերն այդպես իրականություն չեն դառնում:
Ընդ որում, միայն Կարեն Կարապետյանի կառավարությունը չէ, որ որդեգրել է այս գործելաոճը: Նախկինում էլ Տիգրան Սարգսյանի կառավարությունն էր պարբերաբար հանդես գալիս աշխարհացունց ծրագրերով: Հիշում եք` Գյումրին վերածում էին տեխնիկական կենտրոնի, Դիլիջանը` դարձնում ֆինանսական կենտրոն, հետո Ջերմուկը փորձեցին տուրիզմի կենտրոնի վերածել եւ այսպես շարունակ: Հիշում եք նաեւ այս նախաձեռնությունների ճակատագիրը. ծրագրերը մնացին օդում կախված: Իհարկե, այդ ընթացքում ահռելի գումարներ ծախսվեցին (որոնց մի մասը հոսեց նույն այդ պաշտոնյաների գրպանները), իշխանություններն իրենց PR-ն արեցին եւ վերջ:
Դժվար չէ ենթադրել՝ նույնն է լինելու նաեւ այս դեպքում: Իհարկե, Կարեն Կարապետյանը խոստացել էր շուռ տալ աշխարհը, եւ հիմա այդ շրջանակներում պարբերաբար տարբեր ծրագրեր են ներկայացնում: Բայց արի ու տես, որ ապարդյուն. չէ՞ որ մինչեւ հիմա Կարեն Կարապետյանի հռչակած ծրագրերի՝ «դմփոց ռեֆորմների» մեծ մասն այդպես էլ չի իրագործվել, նրա հանձնարարականները չեն կատարվել: Էլ ուր մնաց իրագործվի ինժեներական քաղաք կառուցելու ծրագիրը: Լավագույն դեպքում կստեղծվի մի գրասենյակ, որտեղ Կարեն Կարապետյանի մերձավորներից մեկը կդառնա տնօրեն, տեւական ժամանակ կստանա ահռելի աշխատավարձ, մի քանի ձեւական քայլ կանի եւ վերջ, ու այս ինժեներական քաղաքն էլ կմոռացվի, ինչպես դրա նախորդները: