ՏԵՍԱՆՅՈՒԹ. Օրենքներ` «չեղած տեղից». վարչապետի ուղևորությունների ոդիսականը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վարչապետ Կարեն Կարապետյանի` Շվեյցարիա կատարած այցի ծախսային մասն այդպես էլ պահում են կողպեքի տակ: Հիշեցնենք, որ հունվարի 22-ին վարչապետի գլխավորած պատվիրակությունը մեկնել էր Շվեյցարիա` մասնակցելու Դավոսի տնտեսական համաժողովին: Կարապետյանի` սոցիալական ցանցում հրապարակած լուսանկարից պարզ դարձավ, որ երկրի բարձրագույն պաշտոնյաներին սպասարկող օդանավով չէ նա մեկնել, այլ մասնավոր օդանավով: Կառավարությունից ավելի ուշ պարզաբանեցին, որ օդանավի համար բյուջեից գումար չի տրամադրվել:

Եվ այսպես` Շվեյցարիայում ՀՀ պատվիրակության` կառավարության աշխատակազմը ներկայացնող անդամների ծախսերի համար բյուջեի` արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցներից հատկացվել է 6,7 մլն դրամ: Իսկ Ղազախստանի Ալմաթի քաղաքում ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստին մասնակցելու համար բյուջեից ծախսվել է 1,1 մլն դրամ: Վարչապետի ծախսերի մասին, սակայն, կառավարությունից չեն հայտնում` պատճառաբանելով, թե արարողակարգային, կեցության, տրանսպորտային սպասարկման ծախսերը, համաձայն «Գնումների մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի 2-րդ կետի, ներառված են պետական գաղտնիք պարունակող գնումների պլանում եւ հրապարակման ենթակա չեն: Ստացվում է` Հայաստանի քաղաքացին իրավունք չունի տեղեկանալու, թե Կարեն Կարապետյանը որքան գումար է վատնել Շվեյցարիա եւ Ղազախստան կատարած այցերի ընթացքում: Մինչդեռ տրամաբանությունը հւուշում է, որ անվտանգության նկատառումներից ելնելով` պետք է գաղտնի պահեին ոչ թե ծախսի չափը, այլ ծառայություն մատուցած ընկերությունների անունները. ասենք` չհայտնել, թե որտեղ է իջեւանել վարչապետը արտերկրում, որտեղ է ճաշել եւ այլն: Բայց ծախսված փողի չափը, թերեւս, պարտադիր է հրապարակելը:

Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում:

Մերի Մարտիրոսյան, Էդգար Բաղդասարյան




Լրահոս