Հայաստանի խորհրդարանն այսօր արտահերթ նիստում երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունեց, «Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին» եւ կից ներկայացված օրենքների փաթեթը՝ 63 կողմ, 26 դեմ քվեարկությամբ:
Ըստ այս օրինագծի, կառավարությունը կազմված է վարչապետից, առաջին փոխվարչապետից, 2 փոխվարչապետներից եւ 17 նախարարներից: Օրինագծով կառավարությունը համարվում է կազմավորված, եթե նշանակվել են, բացի վարչապետից, կառավարության անդամների 2/3-ը:
Քվեարկությունից առաջ «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը նշեց, որ անընդունելի պրակտիկա է, երբ առաջին ընթերցումից հետո երկրորդ ընթերցման ժամանակ ներկայացված փաթեթի մեջ ներառվում է նոր նախագիծ, որը կապ չունի փաթեթի հետ: «Հիմա այս փաթեթում ընդունեցինք «Երեւանի մասին» օրենքի փոփոխությունները, որը երեկ է մտել նախագծի մեջ, որի մասին խմբակցությունները տեղյակ չեն»,-ընդգծեց նա:
ԱԺ-ն ընդունեց «ՀՀ պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ՝ 64 կողմ, 26 դեմ քվեարկությամբ:
«Հանրաքվեի մասին» ՀՀ սահմանադրական օրենքի և կից ներկայացված «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրենքն ամբողջությամբ ընդունվեց 65 կողմ, 26 դեմ քվեարկությամբ:
«Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծն ընդունվեց միաձայն՝ 89 կողմ քվեարկությամբ: