ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԸ ԿԵՂԾ ՓԱՍՏԱՐԿ Է ԲԵՐՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հանուն Հայաստան պետության» փրկության ճակատի անդամները երեկ հերթական հանրահավաքն անցկացրին Ազատության հրապարակում, որը կրկին սակավամարդ էր: Ապրիլի 9-ից ճակատի հանրահավաքներն ամենօրյա են դառնալու իսկ մինչ այդ էլ շարունակվելու են բանակցությունները հասարակական-քաղաքական սեկտորի հետ:

Սակայն ինչպես երեւում է՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության եւ «Հանուն Հայաստան պետության» ճակատի միջեւ բանակցություններն այնքան էլ կառուցողական չեն ընթանում, ինչի մասին են վկայում նաեւ երկու կողմից հնչող հայտարարությունները: Մասնավորապես երեկ կայացած ասուլիսի ժամանակ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախագահ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ իրենք մերժում են բռնությունը ոչ միայն որպես գործողություն, այլեւ հակագործողություն: «Հանուն Հայաստան պետության» ճակատից այս կապակցությամբ հնչում են տարբեր գնահատականներ, եւ քանի դեռ ճակատի անունից չկա միասնական, հստակ հայտարարություն, այս խնդիրը կմնա առկախված», – նշեց նա:
Հետաքրքիրն այն է, որ ճակատի անդամները չեն հայտարարում, թե իրենք բռնության միջոցով են պայքար տանելու: Երեկ էլ ճակատի անդամներն իրենց ելույթներում նշեցին, թե կողմ են քաղաքացիական խաղաղ անհնազանդությանը:
Այս եւ այլ հարցերի շուրջ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է ճակատի անդամ, ԱԺ նախկին պատգամավոր Ալբերտ Բաղդասարյանի հետ:
-Պարո՛ն Բաղդասարյան, հայտնի է, որ ճակատի անդամներն այս օրերին հանդիպումներ են ունենում տարբեր շրջանակների հետ: Ի՞նչ արդյունքներ կան, ձեզ միացողներ կլինե՞ն:
-Արդեն ռեալ կան անհատներ եւ ուժեր, որոնք միացել են: Շաբաթվա մեջ մեկ օր հանդիպում ենք կոնսուլտացիաների, արդեն դա պարբերաբար բնույթ է կրում: Առայժմ ձեռնպահ ենք մնում անուններ հրապարակելուց, որ իրենք էլ մինչեւ վերջ կողմնորոշվեն: Գաղտնիք չէ, որ առաջիկայում սպասվում է պայքարի նոր ալիք, մենք կողմ ենք, որ ժողովուրդը համախմբվի: Թե ինչ ճանապարհով եւ որտեղ, կարեւոր չէ, կարեւոր է, որ հույսն արթնանա եւ համախմբվեն:
-Սակայն տեսակետ կա, որ բոլոր պայքարող ուժերը պետք է միավորվեն, որպեսզի ժողովուրդն էլ համախմբվի: Արդյո՞ք հնարավոր է առանձին-առանձին հաջողության հասնել:
-Առանձին-առանձին բացառված է, որ որեւէ մեկը հաղթանակի հասնի: Ոչ մեկը չունի վստահության 100 տոկոսանոց պաշար ժողովրդի մոտ: Եթե միավորվեն ակտիվ քաղաքական գործիչները, հայտ ներկայացնողները, մարդկանց մեջ հույս կառաջանա: Ի վերջո, նրանք միավորվելու են մի գաղափարի շուրջ, որի պատճառով էլ համաձայնության կգան:
-Այսինքն՝ համակարգի՞ դեմ պայքար, ոչ թե անձերի՞:
-Ես դեռեւս 1996 թվականից միշտ պնդել եմ՝ քանի դեռ սահմանադրական կարգը չի ապահովում ազատ դեմոկրատական հարաբերություններ, արդար դատական համակարգ, ում ուզում եք փոխարինեք, կդառնա Սերժիկ: Եթե մնա այս համակարգը, ուզենանք էլ` լավ բան անենք, ում էլ դնենք այդտեղ, կդառնա Սերժիկ:
-Իսկ ճակատն ինչպիսի՞ ճանապարհային քարտեզով է առաջ շարժվելու: «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախագահ Նիկոլ Փաշինյանը նշեց, թե իրենք դեմ են բռնությանը եւ հենց դա համարեց տարակարծություն: Ի վերջո, բռնությունը ձեր ծրագրերում առկա՞ է:
-Դա իշխանության նետած թեզն է, որը չեմ հասկանում, թե ինչու է Նիկոլ Փաշինյանն ամեն անգամ այդպես անում, կարծես Սերժին հաշվետվություն տան: Ոչ մեկը չի հավաքվել, ինչ-որ բան արել, որ որոշենք: Հռչակագրում բռնությունը չկա, որեւէ մեկի մասնավոր խոսքում չկա: Դա կեղծ օրակարգ է, դա կեղծ փաստարկ է, ես կոչ կանեի, որ այդ կեղծ փաստարկից դուրս գա եւ հասկանա մի բան՝ եթե չմիացանք, ոչ մի արդյունք չենք ստանա: Քաղաքականության տեսակետից մինչեւ չես թռել, մի՛ ասա հոպ: Այսինքն` ժողովրդին հավաքենք, մեկ էլ կտեսնենք, որ այդ թեմայով խոսելն ընդհանրապես իմաստ չունի:
-Ձեր եւ իրենց միջեւ քննարկումների ժամանակ այդ թեմային անդրադարձ եղե՞լ է:
-Ոչ մեկը նման հարց չի դրել, որ քննարկենք՝ բռնություն անե՞նք, թե՞ ոչ: Մեր ճանապարհային քարտեզում, հռչակագրում հստակ նշված է՝ միջազգայնորեն ընդունված բոլոր միջոցները կիրառելու ենք օրենքով ընդունված, ՄԱԿ-ի խարտիայով հաստատված եւ այլն: Ընդհանրապես չարժի այդ մասին խոսել, հիմնական խնդիրը սա է՝ ինչի համար ենք հավաքվել եւ ժողովրդով: Երբ իրենց հետ հավաքվում եք, նշանակում է` բռնությունը դադարել:
-Մինչ ապրիլի 9-ը ի՞նչ գործունեություն եք ծավալելու: Ճակատը դադա՞ր է վերցնում:
-Ապրիլի 9-ից ոչ միայն ամենօրյա հանրահավաքներ կսկսվեն: Հիմա գնում են կոնսուլտացիաներ, միավորումներ կլինեն: «Ազատամարտիկների դաշինք»-ի անդամները եւս հայտարարել են, որ իրենք մեզ հետ են: Միասին կփորձենք պայքարել:

Զրուցեց ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ

 

 

 

ԶՈՀՎԱԾ ՀԵՐՈՍԻ ԸՆՏԱՆԻՔՆ ԱՆՏԵՍՎԱԾ Է

Ապրիլյան պատերազմի հերոս, ժամկետային զինծառայող Արման Անդրեասյանը Շիրակի մարզի Մեծ Մանթաշ գյուղից էր։ Արմանը զոհվել է Ջաբրաիլում. նրա դին ադրբեջանցիները հայկական կողմին հանձնել են զոհվելուց մի քանի օր անց:

Այսօր Անդրեասյանների ընտանիքը սոցիալապես անապահով պայմաններում է ապրում: Արմանը ընտանիքի հինգերորդ՝ կրտսեր զավակն էր, մեկն այն հինգից, ում մայրը՝ Լիլիֆար Անդրեասյանը, բանակ էր ուղարկել, սակայն հինգերորդին՝ Արմանին, տիկին Լիլիֆարը այդպես էլ բախտ չունեցավ հետ՝ տուն դիմավորելու։
«Իմ գյոզալական էրեխուն տարան, ինքն էլ իր կյանքի գնով երկու զինվորի կյանք փրկեց՝ Արման Ավետիսյանի եւ Համբարձում Վարդանյանի։ Այդ տղաները եկան մեր տուն, խոսեցին, պատմեցին»,- լացակումած հիշում է տիկին Լիլիֆարը:
Պարզվում է, որ Արմանի մայրը հիվանդ է։ Գլխուղեղի անոթների խցանում ունի։ «Որոշ ժամանակ պառկեցի հիվանդանոցում, չօգնեց։ Վիրահատության պետք է ենթարկվեմ։ Վիրահատությունն արժի 2 մլն 200 հազար դրամ։ Դիմել եմ պաշտպանության նախարարությանը, անարդյունք էր. ասացին` այդ վիրահատությունը գումարով է, պետք է վճարես գումարը, որ վիրահատվես։ Նամակ եմ գրել անգամ Սերժ Սարգսյանին, ապարդյուն։ Ե՛վ վիրահատությանս համար եմ դիմել, ե՛ւ անասնագոմի կառուցման։ Տան վերանորոգման խնդիր էլ ունեմ։ Սերժ Սարգսյանը ուղարկում է մարզպետարան, մարզպետարանը ուղարկում է գյուղապետարան, գյուղապետարանն էլ իր հերթին ուղարկում է կրկին մարզպետարան»,- ներկայացրեց նա։
Իսկ իշխանությունները չեն էլ ուզում հետաքրքրվել, թե ինչ վիճակում են իրենց հերոսի ծնողները։ «Արմանի զոհվելուց հետո ամուսինս էլ հիվանդացավ, հիվանդանոց չցանկացավ գնալ, տանն է բուժվում։ Տեսնում եմ՝ շատերին տներ են տվել, ապահովել են ամեն ինչով։ Բան չունեմ ասելու, շատերս ենք որդիներ կորցրել քառօրյա պատերազմում, բայց ինչքանո՞վ է ճիշտ, որ բոլորին հավասար չեն համարում։ Էս անտեր երկրում հավասարություն չկա։ Իշխանությունները մեզ խաբում են ամեն հարցում։ Խոսք տվեցին, որ պետք է օգնեն` տունս վերանորոգեմ, խոսք տվեցին, որ պետք է օգնեն` անասնագոմ կառուցեմ։ Հետո սկսեցին ամենքն իրար վրա գցել ու մեզ վազեցնել մեկ մեկի մոտ, մեկ` մյուսի։
2016-ին երբեմն գալիս էին, գնում, հետո բոլորը կարծես ամեն ինչ մոռացան։ Ի դեպ, 2016 թվականին այդ ժամանակ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի կինը՝ Ռուզաննա Խաչատրյանն էր եկել մեր տուն, ուզում եմ իմանալ ինչու՞ էր քառասուն մեքենայով եկել, մեզնի՞ց էր վախենում։ Զոհվածի մայր եմ, մեկ ծաղիկն ի՞նչ էր, որ մարտի 8-ին որպես վերաբերմունք ինձ չուղարկեցին»,-հավելեց տիկին Լիլիֆարը։

ԼՅՈՒՍԻ ՊՈՂՈՍՅԱՆ

 

 

 

ՎԱՆԱՁՈՐԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՆԻՍՏԵՐՆ ԱՅԼԵՎՍ ԻՐԱՎԱԶՈՐ ԵՆ

2017-ի նոյեմբերի 10-ին ՀՀ Սահմանադրական դատարանը բավարարել էր ԱԺ մի խումբ պատգամավորների դիմումը, որով վերջիններս պահանջում էին անվավեր ճանաչել ՀՀ տեղական ինքնակառավարման մասին օրենքի այն դրույթը, ըստ որի` Վանաձորի ավագանու ՀՀԿ եւ ՀՅԴ խմբակցությունների ներկայացուցիչները, չունենալով քվորում, նիստեր են գումարում եւ որոշումներ կայացնում:

ՍԴ-ն հակասահմանադրական էր ճանաչել Վանաձոր համայնքի ավագանու այդ նիստերը: Եւ ինչպես ՍԴ որոշումը հրապարակելիս ասել էր այն ժամանակ ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը. ««Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 64-րդ հոդվածի 3-րդ կետը հակասահմանադրական է: Վանաձորի համայնքի ավագանու առաջին նիստի` 2017թ. մարտի 31-ի N 2-Ն, 7-Ն, 8-Ն, 9-Ն որոշումները հակասահմանադրական են»: Նշենք, որ ՏԻՄ օրենքի 64-րդ հոդվածի 3-րդ մասը սահմանում է, որ «ավագանու նիստն իրավազոր է, եթե նիստին ներկա են որոշում ընդունելու համար անհրաժեշտ թվով ավագանու անդամներ»:
Վանաձորի ավագանիում «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Քրիստ Մարուքյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նշեց, թե ՏԻՄ մասին օրենքի մեջ համապատասխան փոփոխությունը կատարվել է փետրվարին, դրան համապատասխան կատարվել են փոփոխություններ նաեւ ավագանու կանոնակարգում: «Հիմնական խնդիրն այն էր, որ հակասահմանադրական ճանաչված նիստեր կամ որոշումները չեղյալ չհամարվեցին եւ դա հետադարձ ուժ չունեցավ: Այսինքն` դա մի բան էր, որը պիտի աներ կառավարությունը, ԿԸՀ-ն` ելնելով ՍԴ վճռից, բայց քանի որ մենք գիտենք, թե ինչ համակարգի հետ գործ ունենք, եւ մարդիկ ինչպես են ընտրվում, հետեւաբար ընդամենը արձանագրեցինք, որ իրավական ճանապարհով մեր քայլերը սպառված են, քաղաքական ճանապարհով` եւս, որովհետեւ ՀՀԿ եւ ՀՅԴ-ն միասին նոր հուշագիր ստորագրեցին ՀՎԿ-ի հետ, եւ դրանով իրավական ճանապարհից բացի` սահմանափակվեց նաեւ քաղաքական ճանապարհը: Քաղաքական առումով այն մեծամասնությունը, որը ձայն էր տվել ՀՀԿ-ի թեկնածուին, արդեն ի հայտ եկավ, եւ ինչի համար մի տարի պայքարում էինք, ընդամենը տեղի ունեցավ այդքան ուշ»:
Դեկտեմբերի 20-ից ԼՀ կուսակցության անդամները մասնակցում են նիստերին: Ըստ Մարուքյանի` ոչ իրավազոր նիստեր դեկտեմբերից այս կողմ չեն եղել: Այս պահին նիստերի իրավազորության հետ կապված որեւէ խնդիր չի տեսնում, բայց այն ճանապարհը, որով ձեւավորվել էր Վանաձորի իշխանությունը, դրա հետ կապված իրենք ունեին եւ ունեն խնդիրներ: «Մենք չենք ընդունում, որ դա ճիշտ, օրինական կամ սահմանադրորեն հիմնավորված ճանապարհով է ձեւավորվել»:
Նրա խոսքով` մարտի 31-ից հետո օրենքը արդեն ուժի մեջ է մտնում եւ դրանով իսկ արդեն արգելվում է օրենքի երկակի մեկնաբանությունը: Մինչ այդ իրենք օգտվում էին դրանից, երբ օրենքի մի կետով մի բան էր ասվում, մյուսով` մեկ այլ:
Այսուհետ ավագանու նիստերն ընթանալու են բնականոն հունով: «ՄԵնք թվով երկրորդ խմբակցությունն ենք ավագանու ներսում, ինչքանով հնարավոր կլինի վերահսկել, հակակշռել եւ փոխզսպել իշխող ձեւավորված կոալիցիային, մենք առավելագույնը կանենք»:

ՄԱՐՋԱՆ ՉՈԲԱՆՅԱՆ
Վանաձոր




Լրահոս