Պահանջում ենք անհապա՛ղ բաց թողնել Նիկոլ Փաշինյանին և մնացած ձեռբակալվածներին. սփյուռքյան կազմակերպության հայտարարություն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վերջին 10 տարիների ընթացքում, Հայաստանի Հանրապետության քաղաքացին ապրել և դիմակայել է այնպիսի քաղաքական և սոցիալական ծանր պայմաններում որոնք հետևանքն են երկրի ապաշնորհ ղեկավարության և համատարած անօրինականությունների։
Սակայն պատերազմի բովով անցած և հաղթանակած ժողովուրդը երբեք չի ընկրկել և փորձել է անել անհնարինը որպեսզի դիմակայի և միաժամանակ անառիկ պահի իր երկրի սահմանները։ Սակայն իշխանության մոլուցքով տարված մի խումբ դավադիրներ, Սերժ Սարգսյանի գլխավորությամբ, ընտրակեղծիքների և բռնաճշումների միջոցով գրավելով իշխանությունը, դանդաղորեն երկիրը հասցրեցին ծայրահեղ ծանր վիճակի, չընկրկելով ոչնչի դիմաց։ Այն որ Սերժ Սարգսայնը եկել է իշխանության ընտրակեղծիքների գնով, ընտրակեղծիքների դեմ պայքարի ելած ՀՀ քաղաքացիների արյան գնով, արդեն իսկ բավական է, որպեսզի նա ամենաչնչին իսկ իրավական դաշտի և արդարադատության գոյության դեպքում դատապարվեր որպես պետական հանցագործ։ Արդարադատության բացարձակ բացակայության և քաղաքական դաշտի իսպառ ոչնչացման պայմաններում ՀՀ քաղաքացին դուրս է եկել խաղաղ անհնազանդության։ Խաղաղ անհնազանդությունը, ըմբոստացումը անարդարության և բռնապետության դեմ ժամանակակից աշխարհի իրավական բոլոր նորմերով ընդունելի են և արդարացված։

Սակայն ժամեր առաջ, Սերժ Սարգսյանը ուղիղ եթերում, բազմաթիվ լրագրողների աչքի առաջ առանց մի պահ երկմտելու ուղղակի ձևով սպառնաց խաղաղ անհնազանդության դուրս եկած ժողովրդին նոր «Մարտի 1»ով։ Սա ոչ այլ ինչ քան պետական լծակներին տիրացած, պետական ռեժիմի կողմից բացահայտ սպառնալիք, պետական ահաբեկչություն։
Կոչ ենք անում անհապաղ, բոլոր տեղական և միջազգային իրավական կազմակերպություններին միջոցներ ձեռք առնել պետական ահաբեկչության մեջ մեղադրվող Սերժ Սարգսյանին մեկուսացնելու համար, քանի որ նա չի թաքցնում իր բացահայտ սպառնալիքները ՀՀ քաղաքացիների նկատմամբ և իր անհավասարակշիռ վարքագծով ահաբեկչության վտանգ է ներկայացնում խաղաղ անհնազանդության դուրս եկած ժողովրդի նկատմամբ։
Պահանջում ենք անհապա՛ղ բաց թողնել Նիկոլ Փաշինյանին և մնացած ձեռբակալվածներին:
«Հայկական Վերածնունդ» սփյուռքյան կազմակերպություն




Լրահոս