Ինչպիսին էր իրադրությունն առաջնագծում անցած շաբաթ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Անցնող շաբաթվա ընթացքում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում արձանագրվել է լարվածության նկատելի աճ:

Արցախի ՊՆ-ից հայտնում են, որ մասնավորապես՝ ապրիլի 21-ի ժամը 14:25-ից սկսած արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի տարբեր հատվածներում, մասնավորապես՝ արեւելյան եւ հարավ-արեւելյան ուղղություններում, նկատվել են հակառակորդի կենդանի ուժի եւ զինտեխնիկայի կուտակումներ ու ակտիվ տեղաշարժեր:

Ստեղծված օպերատիվ իրադրությունը տեղում գնահատելու նպատակով ԱՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լեւոն Մնացականյանն ապրիլի 22-ին այցելել է բանակի արեւելյան ուղղությամբ տեղակայված մարտական դիրքեր, ծանոթացել առաջնագծում տիրող իրավիճակին, ստուգել զորքերի մարտական պատրաստականության աստիճանը` տալով հետագա գործողությունների համար անհրաժեշտ մի շարք ցուցումներ ու հանձնարարականներ: Բանակի հրամանատարի համոզմամբ օպերատիվ-մարտավարական իրադրությունը լրիվությամբ գտնվում է պաշտպանության բանակի վերահսկողության ներքո եւ ձեռնարկվում են բոլոր անհրաժեշտ միջոցառումները հակառակորդի հավանական սադրանքները կանխելու համար:

Առաջնագծում ստեղծված լարված իրադրությանն ապրիլի 23-ին անդրադարձել են նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները՝ կոչ անելով կողմերին անհապաղ քայլեր ձեռնարկել լարվածության թուլացման ուղղությամբ, խստորեն հետեւել հրադադարի ռեժիմի պահպանմանը եւ ծանր հրետանին հետ պահել առաջնագծից:

Ընդհանուր առմամբ, ապրիլի 22-ից 28-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 400 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով շուրջ 4000 կրակոց:

ՊԲ-ի առաջապահ զորամասերը հակառակորդի սադրիչ գործողությունները կանխելու համար դիմում են անհրաժեշտ քայլերի եւ շարունակում վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն:




Լրահոս