Հարց քաղաքացիներից` եթե աշխատողը ունի 22 տարվա մանկավարժական ստաժ, կարող է օգտվել մանկավարժական կենսաթոշակից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. 1995թ. աշխատում եմ Դիլիջանի պետական քոլեջում: Ունեմ 38 տարվա աշխատանքային ստաժ, որից 22 տարի մանկավարժական է: Խնդրում եմ ասեք` ես կարող եմ օգտվել մանկավարժական թոշակից:

Արթուր Եղիազարյան (ք. Դիլիջան)

ՊԱՏԱՍԽԱՆ. «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` մասնակի կենսաթոշակ նշանակվում է կրթության, մշակույթի որոշ կատեգորիաների աշխատողներին, եթե լրացել է նրանց 55 տարին եւ ունեն առնվազն 25 օրացուցային տարվա աշխատանքային ստաժ, որից առնվազն 12 օրացուցային տարին մասնագիտական ստաժ է:
Մասնակի կենսաթոշակի իրավունք տվող մասնագիտական աշխատանքային ստաժում հաշվառվում են Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանված ցանկում նշված մասնագիտություններով եւ պաշտոններում մինչեւ 2003թ. օգոստոսի 1-ն աշխատած ժամանակահատվածները:
Համատեղությամբ աշխատած ժամանակահատվածը մասնագիտական աշխատանքային ստաժում չի հաշվառվում:
«Կրթության, մշակույթի որոշ կատեգորիաների աշխատողներին մասնակի կենսաթոշակի իրավունք տվող մասնագիտությունների եւ պաշտոնների ցանկը» (այսուհետ` ցանկ) հաստատվել է ՀՀ կառավարության 2011թ. մայիսի 5-ի թիվ 665-Ն որոշմամբ:
Քանի որ Ա. Եղիազարայնի մասնագիտական ստաժը հաշվարկվում է 1995 թվականից, ապա նա չի կարող մինչեւ 2003 թվականի օգոստոսի 1-ն ունենալ պահանջվող 12 տարվա մասնագիտական ստաժը, ուստի նրան չի կարող նշանակվել մասնակի կենսաթոշակ:

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության հասարակայնության հետ կապերի վարչություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Նշենք, որ մասնակի կենսաթոշակ նշանակելու համար հաշվառման դիմումն ու անհրաժեշտ փաստաթղթերն ընդունվում են սահմանված կարգով, իսկ քաղաքացուն տրվող ստացականում նշվում են նաեւ կենսաթոշակ նշանակելու համար կենսաթոշակ նշանակող ստորաբաժանում ներկայանալու ժամկետը եւ լրացուցիչ անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը:

Հարգելի′ ընթերցողներ, եթե ունեք հարցեր, կարող եք զանգահարել (096, 093, 010) 54 64 23 հեռախոսահամարներով կամ Ձեր հարցերն ուղարկել [email protected], [email protected] էլեկտրոնային հասցեներով, ինչպես նաև փոստով` ք. Երևան, Աբովյան 22ա/3 (0010) հասցեով: Ձեր բոլոր հարցերի պատասխանները մենք կտեղադրենք ինչպես «Ժողովուրդ» օրաթերթում, այնպել է ArmLur.am կայքում:




Լրահոս