Մայիսի 1-ին Ազգային ժողովում քննարկվում էր Նիկոլ Փաշինյանին վարչապետ ընտրելու հարցը: Քվեարկության արդյունքում, սակայն, Հանրապետական կուսակցության մեծամասնությունը դեմ քվեարկեց Փաշինյանի վարչապետությանը: Վերջինս քաղաքացիներին կոչ արեց վերսկսել խաղաղ անհնազանդության գործողությունները, տոտալ գործադուլ ու դասադուլ հայտարարել: Գործադուլին միացել է նաեւ Եղիշե Չարենցի տուն-թանգարանը: «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է թանգարանի տնօրեն Անահիտ Ասատրյանի հետ:
-Տիկի՛ն Ասատրյան, ի՞նչ տպավորություն ստացաք մայիսի 1-ին Ազգային ժողովում հնչած ելույթներից:
-Դրանք թույլ ռեժիսորի բեմադրած ներկայացման տպավորություն էին թողնում: Հանրապետականներից համատարած սուտ էր հնչում: Շատ տպավորված եմ Նիկոլ Փաշինյանի ելույթից, համարում եմ, որ նա իրոք վարչապետի արժանի թեկնածու է: Բայց քանի որ Ազգային ժողովը վարչապետ չընտրեց, ես չեմ կարող հանգիստ գնալ աշխատանքի, դա դեմ է իմ խղճին եւ բարոյականությանը: Անկեղծ ասած, երբ հանրապետականները դեմ քվեարկեցին Փաշինյանին, մի պահ տրամադրության անկում ունեցա, բայց հետո էլի խանդավառվեցի եւ հիմա էլ ասում եմ, որ պետք չէ վհատվել, հարկավոր է առաջ գնալ:
-Ձեզ համար պա՞րզ էր՝ ինչու ՀՀԿ-ականները դեմ քվեարկեցին ժողովրդի թեկնածուին:
-Անկեղծ ասած՝ ոչ: Չեմ կարծում, որ նրանց մեջ չկար գոնե 5-6 հոգի, որոնք կցանկանային կողմ քվեարկել:
-Ուզում եք ասել՝ «վերեւներից» պատգամավորների վրա ճնշում է եղե՞լ:
-Նույնիսկ եթե եղել է, ՀՀԿ-ականները պետք է գիտակցեն, որ ապրում են Հայաստանում, որ իրենց երեխան գնում է դպրոց, ինչպե՞ս են նայելու մարդկանց աչքերի մեջ, որքան էլ որ շարժման մասնակիցները բարի են եւ անհատական թշնամանք չեն տածում իրենց նկատամամբ:
-Այս շարժումը երբեմն համեմատում են 1988-ի շարժման հետ: Ի՞նչ ընդհանուր եզրեր եք տեսնում:
-Իհարկե, դրանք շատ տարբեր շարժումներ են, այս շարժումը 88-ի շարժման շարունակությունն է, ինչ-որ առումով, բայց, միեւնույն ժամանակ, տարբերվում է դրանից: 88-ինը Սովետական Միության փլուզման գործընթացն էր, իսկ այս շարժման մասնակիցները անկախության սերնդի ներկայացուցիչներ են, երիտասարդներ, որոնք չեն տեսել ԽՍՀՄ-ն, այդ առումով ինֆորմացիայի պակասն օգնում է նրանց: Մեր երիտասարդները ազատ են, ուղիղ, համարձակ եւ ազնիվ:
-Տիկի՛ն Ասատրյան, այս օրերին որքանո՞վ եք կարեւորում շարժմանը մշակութային կառույցների միանալը:
-Շատ եմ կարեւորում: Մշակութային հարթակը լսելի հարթակ է:
-Ուշագրավ է հատկապես այն, որ պետական կառույցն է միանում շարժմանը, ինչպես եղավ Ձեր թանգարանի դեպքում:
-Այստեղ խնդիրն անգամ պետական կամ ոչ պետական կառույց լինելու մեջ չէ: Ամեն մարդ պետք է իր խղճի մտոք շարժվի: Լռելու ժամանակներն անցել են:
-Ինչպես որ արեց Ֆելիքս Ցոլակյա՞նը՝ միակ ՀՀԿ-ականը, որ քվեարկեց Փաշինյանի օգտին, ինչպես ինքն է ասել՝ խղճի թելադրանքով:
-Այո, կարելի է ասել, նա հերոսական քայլ արեց: Այդ շրջապատից իսկապես դժվար է դուրս գալ եւ քայլ անել. ինքը արեց:
-Շարժմանը մտավորականների ներգրավվածությունը Ձեզ բավարարո՞ւմ է:
-Ես չգիտեմ՝ այն, ինչ ես արել եմ՝ գործադուլը, դա ակտիվությու՞ն է: Ես գնում եմ ցույցերին, անում եմ իմ քայլը, չգիտեմ՝ դրանից բացի էլ ինչպես պետք է այդ ակտիվությունը դրսեւորվի: Ամեն դեպքում, եթե ժողովուրդը ցանկանա որեւէ մեկի ձայնը լսել, կարող է այդ մարդուն գտնել:
-Ըստ Ձեզ՝ ո՞րն է լինելու ժողովրդի հաջորդ քայլը:
-Ուզի-չուզի՝ այս վիճակը պետք է որեւէ հանգուցալուծում ստանա, որովհետեւ այսպես շարունակվել չի կարող: Մարդիկ մեղք են: Չի կարելի ժողովրդին պահել այս լարված իրավիճակում: «Ինչ ուզենք՝ կանենք»-ը ժողովրդին վաղուց չի վախեցնում: Տեսնում ենք՝ որքան ուրախ են մարդիկ, այսինքն՝ ճնշումներն այլեւս որեւէ դեր չեն խաղում:
-Ըստ որոշ վերլուծությունների՝ ՀՀԿ-ականները հույս ունեն այժմ ժամանակ շահել եւ արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքում նորից մեծամասնություն կազմել խորհրդարանում, ի՞նչ կասեք:
-Եթե ՀՀԿ-ականների մեջ բացի իրենց հոգու մաղձից՝ գոնե մի քիչ թասիբ եւ սթափություն է մնացել, պետք է Նիկոլ Փաշինյանի օգտին քվեարկեն: Սա է իմ ասելիքը:
Աննա Բաբաջանյան