Անի համայնքի ղեկավար ՀՀԿ-ական Արտակ Գևորգյանի դեմ ստորագրահավաք է սկսվել։ Բնակիչները պահանջում են համայնքի ղեկավարի հրաժարականը: Հիշեցնենք, որ Սառնաղբյուրը ընդգրկված է Անի համայնքի կազմում: Սառնաղբյուրի բնակիչ Մնաց Ալեքսանյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Անվստահություն ենք հայտնում համայնքի ղեկավար Արտակ Գևորգյանին՝ իր պաշտոնական լիազորությունները ոչ ճիշտ և անհետևողական կատարելու և չկատարելու համար։ Սառնաղբյուր համայնքում չեն վստահում մինչ օրս նրա ներկայացրած և ոչ մի պլանի և անձնապես հենց իրեն՝ որպես համայնքի ղեկավարի։ Նա չի կատարել Սառնաղբյուր համայնքին վերաբերվող իր հաշվետվություններում նշված գործողությունները, մինչ օրս դեռ քանդուքարափ է Սառնաղբյուր-Մարալիկ ճանապարհը։ Այս և այլ բնույթի թերություններով հանդերձ, ասում ենք ՝ «Ո՛չ, Արտակ Գևորգյանին»։ Հայտնի է, որ մոտ 800 հոգի ստորագրել է թղթի տակ: Համայնքի վարչական ղեկավար Գեւորգ Աճեմյանը մեզ հետ զրույցում հայտնեց. «Խոշորացումից ամբողջ համայնքն է դժգոհ, նաեւ հարեւան համայքն ու Հայաստանի բոլոր խոշորացված համայնքները: Բայց մեր գյուղում համատարած դժգոհություն համայնքի ղեկավարի անձի հանդեպ այս պահին չկա»:
Անի համայնքի ղեկավար Արտակ Գեւորգյանը ArmLur.am-ի հետ զրույցում հետեւյալ գնահատականն է տվել. «Ոչ մի խնդիր ոչ մի բնակավայրի ոչ մի բնակչի հետ չունեմ: 5 ամիս առաջ եմ ես ընտրվել, ու փորձում ենք միասնական զագացնել Անի համայնքը: Կանգնած ենք ամբողջ հասարակության կողքին: Կան բարդություններ, կան դժվարություններ, խոշորացումը նոր գործընթաց է, որը բերել է բավականին դժվարություններ: Մենք թեւ-թիկունքի տված կազմակերպում ենք բոլոր աշխատանքները»:
Արտակ Գեւորգյանը Հայաստանի հանրապետական կուսակցության անդամ է, սակայն իրավիճակը կապել ներկայիս քաղաքական գործընթացների հետ համայնքի ղեկավարը հրաժարվեց:
Շուշանիկ Օհանյան
Շիրակ