Աշխատանքային այցով Թբիլիսիում գտնվող Նախագահ Արմեն Սարգսյանը մայիսի 26-ին հանդիպում է ունեցել Ֆինլանդիայի Նախագահ Սաուլի Նիինիստյոյի հետ։
Ընդգծելով, որ անցած տարի Հայաստանն ու Ֆինլանդիան թեւակոխեցին դիվանագիտական հարաբերությունների քառորդ դարը, Նախագահ Սարգսյանը գոհունակությամբ նշել է, որ այդ տարիների ընթացքում հայ-ֆիննական հարաբերությունները կայուն զարգացում են ապրել։ Արմեն Սարգսյանը կարեւորել է բարձր մակարդակի քաղաքական երկխոսության շարունակականությունը եւ հրավիրել է իր ֆին գործընկերոջը՝ պաշտոնական այց կատարելու Հայաստան։
Նախագահ Սարգսյանի խոսքով, Հայաստանն ու Ֆինլանդիան, լինելով փոքր երկրներ, ունեն բազմաթիվ ընդհանրություններ, որոնք լավ հիմք են ստեղծում համագործակցություն շրջանակն ընդլայնելու համար:
Ֆինլանդիայի Նախագահն ասել է, որ ուշի-ուշով հետեւել են Հայաստանում տեղի ունեցած վերջին փոփոխություններին եւ ուրախ են իրավիճակի քաղաքակիրթ ու խաղաղ հանգուցալուծմամբ։
Հանդիպմանը կողմերն անդրադարձել են նաեւ ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ստորագրումից հետո այդ փաստաթղթի շրջանակներում համագործակցության հեռանկարներին, ինչպես նաեւ մտքեր են փոխանակել տարածաշրջանային եւ միջազգային խնդիրների վերաբերյալ։