Սուպերվարչապետությանը` վերջ. Արմեն Սարգսյանը փոխե՞լ է իր դիրքորոշումը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, խոսելով իշխանության ոչ հավասարաչափ բաշխման, այսինքն՝ սուպերվարչապետության համակարգի փոփոխման անհրաժեշտության մասին, ասել է. «Ժամանակն է, որ քննարկենք, որպեսզի իշխանությունը հավասարաչափ բաշխված լինի, որպեսզի պետությունը, երկիրը եւ իշխանությունը լինի կայուն եւ ծառայի երկրին ու ժողովրդին, ոչ թե առանձին անհատներին»: Նա շեշտել է, որ այդպիսի փոփոխության մասին ամիսներ առաջ խոսել է նաեւ Նիկոլ Փաշինյանը, երբ դեռ ընդդիմության ղեկավար էր, խոսել են հանրության եւ հասարակության շատ ներկայացուցիչներ: Եվ բնականաբար խոսքն այստեղ նաեւ հենց նախագահին տրված լիազորությունների վերաբաշխման մասին է, ի վերջո այժմ ամեն ինչ կենտրոնացված է վարչապետի ձեռքում:

Բնական է, որ այս բոլոր փոփոխություններն արվել էին հենց Սերժ Սարգսյանի համար, ով մի քանի օր միայն զբաղեցրեց սուպերվարչապետի պաշտոնն ու համաժողովրդական շարժման ճնշման տակ հրաժարական տվեց: Հիմա, երբ Նիկոլ Փաշինյանն է այդ պաշտոնում, ով քննադատում էր այդ համակարգը, իսկապես փոփոխությունների ժամանակն է: Հավելենք, որ մայիսի 8-ին՝ վարչապետ ընտրվելուց անմիջապես հետո, Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ զրույցում նշել էր, թե ՀՀ-ում չպետք է լինի սուպերվարչապետություն։ Սակայն այստեղ հետաքրքիր է նույն Արմեն Սարգսյանի դիրքորոշումը, երբ ամիսներ առաջ նա նշում էր՝ համաձայն չէ, թե քիչ լիազորություններ ունի, իսկ հիմա էլ խոսում է դրանք լայնացնելու անհրաժեշտության մասին:




Լրահոս