Ճիշտ կլիներ, եթե երիտասարդներին առաջ տանեին մեծերի կողքին. ինչու՞ Վրեժ Հակոբյանն էկրաններին չի երևում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Կարինե», «Մորգանի խնամին», «Խաթաբալա», «Ժայռ», «Երկունք», «Բրավո, վիրտուոզ» ֆիլմերից, «Դժվար ապրուստ», «Դիմակահանդես», «Երանի» հեռուստասերիալներից հայտնի դերասան Վրեժ Հակոբյանը տեւական ժամանակ է՝ էկրաններին չի երեւում։ «Ժողովուրդ» օրաթերթը հետաքրքրվեց՝ ինչն է նրա պասիվության պատճառը։
«Նախ` հեռուստանախագծերից հրավերներ չեմ ստանում, հետո` արդեն բավական է` ինչքան նկարահանվեցի (ծիծաղում է)։ Թեպետ եթե տարիքիս եւ բնավորությանս վայել դեր լինի, կընդունեմ հրավերը։ Բայց հիմա բոլոր թեմաները պտտվում են երիտասարդների շուրջ, բոլոր դերերը տրվում են նրանց։ Նորավարտ ռեժիսորները նույնիսկ չեն ճանաչում մեր սերնդի դերասաններին։ Իհարկե, ես չեմ դժգոհում, հասկանում եմ, որ նախապատվությունը պետք է նրանց տրվեր, այսօր նոր կառավարության անդամներն էլ բոլորը երիտասարդներ են, բայց ճիշտ կլիներ, եթե երիտասարդներին առաջ տանեին մեծերի կողքին։ Նրանք ավագ սերնդի ներկայացուցիչներից շատ բան ունեն սովորելու»,-մեկնաբանեց պարոն Հակոբյանը։

Նա հիշեց՝ երբ Վահրամ Փափազյանը մտնում էր թատրոն, իրենք «պատի ծակերն էին» մտնում։ Հիմա այդ երեւույթը, դերասանի խոսքով, վերացել է։ Պարոն Հակոբյանը շեշտեց՝ երիտասարդների մեջ շատ շնորհալիները կան․ «Բայց չգիտես` ինչու, բոլորը մորուքով են, մեր ֆիլմերը մոնղոլական ֆիլմեր են հիշեցնում»,-ծիծաղելով ասաց մեր զրուցակիցը։
Նա նկատեց, որ երիտասարդներին երբեմն թվում է, թե տարեցներն իրենց արածն արդեն արել են եւ նոր բան չունեն տալու իրենց․ «Բայց վստահաբար կարող եմ ասել, որ այդպես չէ, միշտ էլ նոր բան կա մատուցելու»,-հավելեց պարոն Հակոբյանը։
Դերասանն անդրադարձավ նաեւ այսօրվա արվեստի ոլորտում բոհեմական միջավայրի պակասին․ «Մարդկանց հոգսերը շատացել են, եւ նյութը հոգեւորի համեմատ դարձել է դոմինանտ»,-եզրափակեց նա։

Աննա Բաբաջանյան




Լրահոս