Ինչ խնդիրներ են առանձնացնում ձու արտադրող ընկերությունները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովին են դիմել ձվի արտադրությամբ զբաղվող մեկ տասնյակից ավելի փոքր և միջին ընկերությունների ղեկավարներ՝ դժգոհելով ձվի իրացման շուկայում ստեղծված իրավիճակից: Հանձնաժողովը հունիսի 15-ին հրավիրել էր բաց քննարկում՝ լսելու արտադրողների մտահոգությունները և վերջիններիս հետ քննարկելու խնդիրը:

Ինչպես տեղեկացնում են ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի լրատվական ծառայությունից, քննարկման ժամանակ արտադրողները տեղեկացրեցին, որ խոշոր արտադրողները շուկայում ձուն վաճառում են ինքնարժեքից ցածր գնով, ինչի պատճառով համեմատաբար փոքր ընկերությունները մեծ վնասներն են կրում ՝ կանգնելով շուկայից դուրս մնալու վտանգի առաջ:

Գյումրիում գործունեություն իրականացնող «Ձեզ համար» ՍՊԸ տնօրեն Համբարձում Մաթևոսյանի, իրացման շղթայում խանութները հիմնականում ուղղակիորեն չեն համագործակցում իրենց հետ: Նրանք աշխատում են միջնորդավորված՝ վերավաճառողների միջոցով, որոնք իրենցից ձուն գնում են միջինում 25-30 դրամով, վերավաճառում են խանութներին և արդյունքում այն վերջնական սպառողին է հասնում 40 – 60 դրամով: ՍՊԸ տնօրենի խոսքերով, իրենց թռչնաֆաբիկաներում առկա է հազարից առավելագույնը տաս հազար թռչուն, ինչը նշանակում է, որ իրենք արտադրական ծավալներով տասնյակ անգամ զիջում են խոշոր արտադրողներին: «Արամուս» ՍՊԸ տնօրեն Հրայր Ասլանյանի խոսքերով, իրենց հաշվարկներով ձվի ինքնարժեքը արտադրողների մոտ կազմում է 41-42 դրամ: Հետևապես նրանք չեն կարող վաճառք իրականացնել 25 դրամով, ինչը ըստ արտադրողի այսօր փաստացի կատարվում է: Երազգավորս գյուղում գործունեություն իրականացնող անհատ ձեռնարկատեր Սուրեն Գրեյանն էլ հարց է բարձրացնում ձվի մակնշման հետ կապված, ինչը ևս կարող է անհավասար պայմաններ ստեղծել դաշտում: Ըստ արտադրողի, խոշոր ընկերությունների մոտ շատ հաճախ տեղի է ունենում արտադրական ծավալների ավելցուկ, պահանջարկով պայմանավորված՝ վերջիններս ստիպված պահեստավորում են իրենց արտադրանքը, ապա այն որոշ ժամանակ անց հանում են շուկա՝ տվյալ օրվա մակնշումով: Ըստ արտադրողների տեսակետի, պետք է նաև լիմիտավորվի ձվի արտադրության կամ ներկրման ծավալները: Հանձնաժողովում տեղի ունեցած քննարկման ժամանակ, նրանք առաջարկեցին, որպեսզի որոշակի ծավալներից ավելի արտադրելու կամ ներկրելու պարագայում կիրառվի ավելի բարձր հարկային շեմ, ինչն իրենց կարծիքով դաշտում որոշակի կանոնակարգում կմտցնի:

ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանը նշեց, որ թեև դաշտը մրցակցային է, սակայն կան խոշոր ընկերություններ, որոնց գործունեության նկատմամբ, ինչպես նաև արտադրանքն իրացնող խոշոր առևտրային կետերի նկատմամբ իրականացվում է որոշակի վերահսկողություն և կան օրենքով սահմանված որոշակի սահմանափակումներ: Հանձնաժողովը լայնածավալ ուսումնասիրություն կսկսի՝ ներառելով ողջ շղթան՝ փաստաթղթաշրջանառությունից մինչև գնագոյացում և իրացման շուկա: Մանրամասն կուսումնասիրվեն արտադրողների կողմից ներկայացված խնդիրները և օրենսդրական խախտումները փաստող հանգամանքների առկայության դեպքում Հանձնաժողովի կողմից կկիրառվեն համապատասխան միջոցներ:

Շաբոյանը նշեց նաև, որ եթե ուսումնասիրության ընթացքում պարզվեն, որ, ասենք, իսկապես առկա են մակնշման հետ կապված, կամ ինչպես արտադրողներն են պնդում հարկային դաշտում գտնվող խնդիրներ, ապա Հանձնաժողովը կհամագործակցի Հարկային մարմնի, ինչպես նաև Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության հետ՝ խնդրի լիարժեք կարգավորմանը հասնելու նպատակով:




Լրահոս