ՏՈՒԳԱՆՔՆԵՐԻ ՀԱՄԱՆԵՐՈՒՄԸ` ԴԺԳՈՀՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՌԻԹ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ճանապարհային երթեւեկության խախատումների համար տուգանված վարորդների նկատմամբ համաներում կիրառելու նախաձեռնությունը լուրջ մտահոգություններ, դժգոհություններ է առաջացրել մի մասի մոտ, իսկ մյուս մասն էլ ոգեւորված եւ ուրախ են:

Նշենք, որ ՀՀ ոստիկանությունը աշխատանքային կարգով արդարադատության նախարարությանն առաջարկել է միջնորդել կառավարությանը ազգային ժողովում հանդես գալ համաներման ակտ ընդունելու նախաձեռնությամբ, ինչի արդյունքում կդադարեցվի 2012 թվականի հունվարի 1-ից մինչեւ 2017 թվականի դեկտեմբերի 31-ը կայացված վարչական ակտերի կատարումը եւ կչեղարկվեն 13,7 մլրդ դրամի չափով տուգանքները: Բայց այս հարցը դեռ մտադրությունների, նախագծերի մակարդակում է եւ իրավական տեսք չի ստացել: ՀՀ ճանապարհային ոստիկանության պետի տեղակալ Արմեն Խաչատրյանի խոսքերով` այս քայլը կատարվում է թեթեւացնելու սոցիալական բեռը. «ՀՀ-ում կան քաղաքացիներ, որոնք ֆինանսական անհաղթահարելի հանգամանքների պատճառով չէին կարողացել 2012 թվականից առ այսօր վճարել այդ տուգանքները: Եթե այդ քաղաքացիները այդ տուգանքների չափով ունենային դրամական հաշիվ, գույք եւ անհրաժեշտ միջոցներ, ապա հարկադիր կատարման ծառայության միջոցով վարչական ակտերի կատարումը արդեն իսկ իրականցված կլինեին»:
Ըստ ՀՀ ճանապարհային ոստիկանության` մի շարք վարչական զանցանքների տեխնիկական միջոցներով հայտնաբերման դեպքում, հիմք ընդունելով Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 21-րդ հոդվածը, իրավախախտ վարորդները կազատվեն վարչական պատասխանատվությունից: Ներկայացնենք այդ զանցանքներից մի քանիսը.
– տրանսպորտային միջոցը կանգնեցվել է այն վայրում, որտեղ կանգնած տրանսպորտային միջոցի եւ հոծ գծի կամ բաժանարար գոտու կամ երթեւեկելի մասի հակառակ կողմի եզրի կամ որեւէ արգելքի միջեւ տարածությունը 3 մ պակաս է /ՎԻՎ ՀՀ օրենսգրքի 124 հոդվածի 21-րդ մաս/,
– տրանսպորտային միջոցը կանգնեցվել է երթեւեկելի մասի հետ հետիոտնային անցումների շփման եզրերից 5 մետրից պակաս վայրում / ՎԻՎ ՀՀ օրենսգրքի 124 հոդվածի 21-րդ մաս/,
– գիշերային ժամերին (23:00-ից հետո) տրանսպորտային միջոցը կանգնեցվել է ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների կանգառի կետում /ՎԻՎ ՀՀ օրենսգրքի 124 հոդված 25 մաս/,
– տրանսպորտային միջոցը համընթաց հոսքերը բաժանող հոծ գծանշումը հատել է ոչ բոլոր (4) անիվներով / ՎԻՎ ՀՀ օրենսգրքի 124 հոդվածի 1-ին մաս/
Բացի այս ՃՈ տեսուչների կողմից նույնպես մի շարք իրավախախտումներ հայտնաբերելու դեպքերում պարտադիր կիրառվելու է «բանավոր դիտողություն» ներգործության միջոցը, իսկ այլ, ոչ կոպիտ իրավախախտումների դեպքերում նշված ներգործության միջոցի կիրառումը ոստիկանության ծառայողներին խրախուսվելու է: Այդ զանցանքներն են. տրանսպորտային միջոցի վարորդը այն վարելու ընթացքում ծխել է (բացառությամբ հասարակական տրասպորտում) /ՎԻՎ ՀՀ օրենսգրքի 135.2 հոդվածի 1-ին մաս/, տրանսպորտային միջոցի վարորդը երթեւեկության գոտիները փոփոխելիս կամ մանեւր կատարելիս չի օգտվել լուսային թարթիչներից / ՎԻՎ ՀՀ օրենսգրքի 124 հոդվածի 12-րդ մաս/ եւ այլն: Նաեւ ՀՀ տարածքի բնակավայրերի՝ 60կմ/ժ-ից ցածր արագությամբ ռեժիմի վայրերում լուսանկարահանող-արագաչափ սարքերի գործադրումը դադարեցվելու է:
Սակայն վարորդներից ոմանք պնդում են, որ տուգանքների համաներումը սխալ է: Բանն այն է, որ վարորդները առավոտից մինչեւ երեկո բողոքում են արագաչափ եւ տեսանկարահանող սարքերի կողմից նկարվելուց, բայց դարձյալ նույն խախտումն են թույլ տալիս: Եւ նման դեպքում անկարգապահ վարորդը շարունակում է նույն կերպ ավտոմեքենա վարել` հույս ունենալով, որ մի օր էլ են «ջրվելու» տուգանքները:
Հարկ ենք համարում հիշեցնել, որ դեռեւս 2012 թվականին այն քաղաքացիների համար, ում հողի եւ գույքահարկի պարտքը կուտակվել էր նախքան 2008 թվականը, այն ամբողջովին զրոյացվելու էր, սակայն սահմանափակումներով` հողի հարկի գծով` մինչեւ 2 մլն դրամ եւ գույքահարկի գծով` մինչեւ 1 մլն դրամ: Նշենք, որ գույքահարկի պարտքը 11.6 մլրդ դրամ էր կազմել, տուգանքները` 6 մլրդ դրամ: Ի դեպ, այս գումարների 60-70 տոկոսը բաժին էր ընկել գյուղաբնակներին: Բացի այս, գույքահարկի պարտքերի համաներում տեղի էր ունեցել նաեւ 1997 թվականին բոլոր անցած ժամանակների համար: Իսկ ահա 2015-ին 2012-ի հունվարի 1-ից մինչեւ 2015թ. հունվարի 9-ն ընկած ժամանակահատվածում վարչական իրավախախտում կատարած վարորդները, մինչեւ նույն տարվա հուլիսի 9-ը, վճարելով վարչական ակտով սահմանված տուգանքի մայր գումարը, ազատվեցին տուգանքի չափի ավելացած մասը եւ ԴԱՀԿ-ի կատարողական ծախսերը վճարելու պարտավորությունից:
Այդ տարիներին էլ որոշ վարորդների մոտ դժգոհությունների ալիք բարձրացավ. ովքեր մուծել էին ե՛ւ գույքահարկը, ե՛ւ տուգանքները, մտադիր էին անգամ դիմել դատարան` իրենց մուծածները հետ վերադարձնելու պահանջով: Իսկ ով չէր մուծել, շարունակեց չմուծել, ու կարծես թե դա շատերի մոտ սովորություն դարձավ. միեւնույն է, մի քանի տարի անց դարձյալ համաներում կհայտարարվի, իսկ պարտքերը կմարվեն:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

 

Դեռ կճշտի փոխվարչապետը
Երեկ ՀՀ կառավարության նիստին վարչապետ Նիկոլ Փաշինյանը նկատողություն արեց ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ Իշխան Կարապետյանին: Պատճառը ռուսական «Ռուսսելխոզնադզոր» կազմակերպությունից ստացած նամակներն են եղել, որոնց մասին Իշխան Կարապետյանը չի «զեկուցել»:
«Ինձ համար անկանկալ էր, որ ես տեղյակ չեմ եղել այդ նամակների մասին: Ուզում եմ իմանալ, թե ում է զեկուցվել այդ նամակների մասին: Վարչապետի պաշտոնը ստանձնելուց հետո իմ առաջին գործողություններից մեկն էլ եղել է այն, որ ես զանգել եմ ձեզ եւ հարցրել եմ, թե արդյոք մենք խնդիրներ ունենք գյուղմթերքի արտահանման հետ կապված: Դուք ասել եք, որ, ըստ էության, խնդիր չկա: Բայց հիմա այդ խոսակցությունից հետո դուք ստացել եք երկու նամակ: Այս դեպքում նկարագրեք ձեր գործողությունները. ինչո՞ւ չեք զեկուցել տվյալ խնդրի մասին»,- հարցրեց վարչապետը:
Իսկ ահա Իշխան Կարապետյանը, ի պատասխան վարչապետի հարցին, արդարացավ. «Պարո՛ն վարչապետ, նման քննարկումներ եղել են գյուղատնտեսության նախարարի հետ, ես փորձել եմ կապվել նաեւ պարոն Միրզոյանի հետ, սակայն չի ստացվել: Այդ իսկ պատճառով սահմանված կարգով գործողությունները իրականացվել են: Նախ իրականցվում է ուժեղացված բացթողման ռեժիմ տեղական մթերքի, որի վերաբերյալ ծառայությունը հայտարարություն է տարածել: Իսկ դեպքը վերաբերել է մեկ ընկերությանը: Վերին Լարսի անցակետում իրականացվում էր մոնիտորինգային ծրագիր` ուժեղացված ռուսական «Ռուսսելխոզնադզոր»-ի կողմից: Հիմնական խնդիրները վերաբերում են Հայաստանից գնացող ապրանքների մակնշմանը, ՌԴ արտահանման կոնկրետ վայրին»:
Սակայն Փաշինյանն ընդհատեց Իշխան Կարապետյանի ելույթը եւ հայտարարեց, որ նամակներն այլ բովանդակություն ունեն եւ վերաբերում են սանիտարական կանոների պահպանման խնդրին: «Ընկերությունը, որի կողմից արտահանվող լոլիկի հետ կապված խնդիր է առաջացել, զգուշացրեք այդ ընկերությանը, եւ դուք էլ ապահովեք, որ նման իրավիճակներ չծագեն: Ակնկալում եմ, որ այս հարցը մենք քննարկում ենք վերջին անգամ»,- արձագանքեց Նիկոլ Փաշինյանը:
Թե ինչու չի ստացվել կապ հաստատել առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանի հետ, «Ժողովուրդ» օրաթերթը հետաքրքրվեց նրա մամուլի խոսնակ Կարպիս Փաշոյանից: Սակայն փոխվարչապետի մամուլի խոսնակը հայտարարեց հետեւյալը. «Պարոն Միրզոյանը միշտ հասանելի է եւ աշխատում է մինչեւ ուժ ժամեր: Հնարավոր չէ, նա հասանելի է, եւ հնարավոր չէ իր հետ կապ չհաստատել: Առաջին փոխվարչապետը կճշտի, թե ինչու չի ստացվել իր մոտ կապ հաստատել»:
Իհարկե չի բացառվում, որ Իշխան Կարապետյանը պարզապես արդարանալու համար էր այս ամենն ասում` փորձելով անհարմար դրության մեջ դնել նորանշանակ փոխվարչապետ Արարատ Միրզոյանին: Ի վերջո, եթե հիշում եք, իշխան Կարապետյանը ՀՀ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի կադրերից է, նաեւ նրա բարեկամը:

Ս. Համբարձումյան

 

 

 

 




Լրահոս