Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Համաշխարհային բանկի Հարավային Կովկասի տարածաշրջանային տնօրեն Մերսի Տեմբոնին:
Վարչապետը կարևորել է ՀՀ կառավարության և Համաշխարհային բանկի ակտիվ ու արդյունավետ համագործակցությունը և հույս հայտնել, որ մեր երկրում տեղի ունեցող դրական փոփոխությունները հնարավորություն կտան երկկողմ փոխգործակցությամբ իրականացնել նոր ծրագրեր: Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է կառավարության առաջնահերթություններին ու տարբեր ոլորտներում նախատեսվող բարեփոխումներին, որոնք ուղղված են կոռուպցիայի, մենաշնորհների դեմ պայքարին, տնտեսության զարգացմանը, բիզնես միջավայրի բարելավմանը և այլն: Գործադիրի ղեկավարն ընդգծել է, որ ՀՀ կառավարությունը շահագրգռված է այս ուղղություններով ՀԲ-ի հետ համագործակցության ընդլայնմամբ:
Մերսի Տեմբոնը շեշտել է, որ Համաշխարհային բանկը պատրաստ է աջակցություն ցուցաբերել կառավարության ծրագրերի իրականացմանն ու մեր երկրի տնտեսության կարևոր ոլորտների զարգացմանը: ՀԲ տարածաշրջանային տնօրենը ողջունել է ՀՀ նոր կառավարության՝ ինստիտուցիոնալ փոփոխություններ իրականացնելու ծրագրերն ու ավելացրել, որ ՀԲ-ն պատրաստ է ներգրավվել Հայաստանի հետագա զարգացման ռազմավարական տեսլականը մշակելու և ձևավորելու աշխատանքներում:
Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են ՀՀ-ՀԲ փոխգործակցության զարգացմանը վերաբերող հարցերի լայն շրջանակ: