ՎԱՐՉԱՊԵՏԱԿԱՆ ՀՅՈՒՐԱԽԱՂԵՐՆ ԱՎԱՐՏՎԱԾ ԵՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մինչ հասարակությունը հետեւում է Սերժ Սարգսյանի մերձավորների վերաբերյալ այս օրերի կոռուպցիոն բացահայտումերին, իրավապահների կողմից նրանց բերման ենթարկելու եւ ձերբակալելու օպերացիաներին, հետաքրքիր կադրային փոփոխություններ են սկսվել ՀՀԿ-ում. կուսակցության առաջին փոխնախագահի պաշտոնից հրաժարվել է նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը: Հիշեցնենք` Կարապետյանը նախարարների իր թիմի հետ ՀՀԿ-ին անդամակցեց վարչապետի պաշտոնին նշանակվելուց հետո: Առայժմ նա հրաժարվել է կուսակցության փոխնախագահի պաշտոնից` շարունակելով դե յուրե մնալ ՀՀԿ-ական: Սակայն պարզ է, որ ՀՀԿ-ին Կարապետյանի հետագա անդամակցությունը կլինի սոսկ ձեւական, ընդ որում՝ ժամանակավոր: Նա կուսակցությունից միանգամից դուրս չի եկել, որպեսզի տպավորություն չստեղծվի, թե միայն «լավ օրերի ընկեր էր»: Բայց պարզ է, որ ՀՀԿ-ն շատերի, այդ թվում Կարապետյանի համար եղել է սոսկ միջոց իշխանության մեջ լինելու համար:«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` Կարապետյանը որպես ՀՀԿ փոխնախագահից հրաժարվելու պատճառաբանություն բերել է այն հանգամանքը, որ վաղուց կուսակցությունում ակտիվ գործունեություն չի ծավալում եւ ճիշտ է համարում, որ այդ պաշտոնում ակտիվ մեկը լինի: Այս որոշումը կուսակիցների համար թերեւս այնքան էլ անսպասելի չի եղել: Մասնավոր զրույցներում ՀՀԿ-ականները նշում են, թե վերջին իրադարձություններից հետո այսպիսի որոշման սպասում էին, առավել եւս երբ Սերժ Սարգսյանի հրաժարականից հետո շատ քիչ նիստեր են եղել, որին Կարեն Կարապետյանը մասնակցել է, իսկ մասնակցելիս էլ կրավորական դիրք է ընդունել: Մյուս մասն էլ, հակառակը, կարծում է, որ հենց այդ ծանր պահին Կարապետյանը պետք է ոչ թե լքեր կուսակցությունը, այլ ավելի ակտիվ գործեր եւ ի ցույց չդներ կուսակցությունում առկա խնդիրները:
Մեզ հասած տեղեկություններով` ՀՀԿ առաջին փոխնախագահի պաշտոնում այս պահին երկու հիմնական անուն է շրջանառվում՝ Վիգեն Սարգսյանն ու ՀՀԿ արտաքին կապերի գծով փոխնախագահ Արմեն Աշոտյանը: Սակայն այս հարցում դեռեւս որեւէ վերջնական որոշում չի կայացվել: Իսկ մինչ այդ արձանագրենք, որ ՀՀԿ-ն իշխանությունից հեռացվելուց հետո սկսել է կամաց-կամաց կազմաքանդվել. այս կուսակցությունից զանգվածային արտահոսք է սկսվել:

 

 

«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ ապօրինի զենք-զինամթերք պահելու, նաեւ յուրացումների մեջ մեղադրվող ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր գեներալ Մանվել Գրիգորյանը, որ գտնվում է կալանքի տակ, պահվում է Երեւան կենտրոն ՔԿՀ-ում՝ «ԿԳԲ-ի պադվալում»: Նրան, մեզ հասած լուրերի համաձայն , պահում են նույն այն 315 խցում, որտեղ ավելի քան մեկ տարի անցկացրեց ԼՂՀ ՊԲ նախկին հրամանատար, Արցախի հերոս Սամվել Բաբայանը, ում եւս կալանավորել էին ապօրինի զենք-զինամթերք պահելու համար: Ի դեպ, ՔԿՀ-ում Մանվել Գրիգորյանին, մեղմ ասած, լավ չեն դիմավորել: Կալանավորները լսելով, որ Մանվել Գրիգորյանին տանում են այն խուցը, որտեղ գտնվել է Սամվել Բաբայանը, սկսել են սուլել եւ իրենց խցերից Երեւան ՔԿՀ-ի ողջ տարածքով մեկ վանկարկել` «տուշոնկա -տուշոնկա»:

 

 

Հրազդանի քաղաքապետ Արամ Դանիելյանը հրաժարականի դիմում է ներկայացրել. այդ հարցը կքննարկվի ավագանու հուլիսի 2-ի արտահերթ նիսում: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Դանիելյանը հայտարարել է «Պատճառ չկա, իրավիճակ է փոխվել: 17 տարի աշխատել ենք, թող գան, ավելի լավ աշխատեն, էլ ի՞նչ ասեմ… »: Միայն թե, նկատենք, շատերի կարծիքով այս որոշումը կապված է թավշյա հեղափոխությունից հետո Հրազդանի քաղաքապետարանում անցկացվող ստուգումների հետ: Կոտայքի մարզպետարանն արդեն ծրագրել է նման ստուգումներ անցկացնել: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ ՀՀ Կոտայքի մարզպետ ՔՊ-ական Ռոմանոս Պետրոսյանը միջնորդություն է ներկայացրել ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Սուրեն Պապիկյանին: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում մարզպետ Պետրոսյանն ասել է. «Ես տեսնում եմ թշվառ մարզկենտրոն, թշվառ քաղաքացիներ… Չունենք այլ քաղաք, որտեղ այս աստիճան ոտնահարված լինի քաղաքացու շահը»:

 

 

Երեւանի պետական համալսարանի շուրջ կրքերը չեն հանդարտվում: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` օրերս 100 հոգի` երիտասարդ դասախոսներ, գնացել են ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանի բնակարան եւ պահանջել են թոշակառու դասախոսներին եւ գիտական աշխատանք չունեցող դասախոսներին կրճատել, միաժամանակ սպառնացել են, որ կրկին կվերսկսվի դասադուլների շարքը: Սիմոնյանը ասել է, որ կգնա այդ քայլին, սակայն որոշ ժամանակ անց իր մտերիմների շրջապատում ասել է, որ կրճատումներ չի անի` «որեւէ մեկի հացին վայիս չի լինի»: Ըստ մեզ հասած լուրերի` նա ասել է, որ սեպտեմբերին հրաժարական կտա, իսկ ամենահավանական թեկնածուն համարվում է ԵՊՀ Արեւելագիտական ֆակուլտետի դեկան, թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը: Նշենք, որ այս ֆակուլտետում է դասավանդում նաեւ ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը: Մելքոնյանը մեզ հետ զրույցում էլ նշել է, թե իր՝ ռեկտոր դառնալու մասին առաջին անգամն է լսում: «Ռեկտոր կարող է դառնալ գիտությունների դոկտորը, իսկ ես գիտությունների դոկտոր չեմ, բայց պատրաստվում եմ պաշտպանել, բայց դա ենթադրվում է աշնանը»,- ասել է նա:

 

 

ԱՆՓՈՓՈԽ ՍԱՌԸ
Հարեւան Թուրքիայում տեղի ունեցած նախագահական ընտրությունների արդյունքները սպասելի էին. ըստ նախնական տվյալների, ստանալով 53 տոկոս ձայն, հաղթող է ճանաչվել Թուրքիայի գործող նախագահ, «Արդարություն եւ զարգացում» կուսակցության ղեկավար Ռեջեփ Թայիբ Էրդողանը: Ընդ որում, այս անգամ արդեն Էրդողանը երկրի ղեկավարի պաշտոնը ստանձնում է նոր սահմանադրության համաձայն, ավելի ուժեղացված լիազորություններով:
Արդյոք Թուրքիայի նախագահի պաշտոնում Էրդողանի վերընտրությունից հետո կարելի է ակնկալել որեւէ առաջընթաց հայ-թուրքական հարաբերությունների բարելավման ուղղությամբ: Երեկվանից քաղաքական շրջանակներում այս հարցն է շոշափվում, բայց պատասխանը կարծես թե միանշանակ է՝ առայժմ ոչ: Հազիվ թե որեւէ դրական փոփոխություն արձանագրվի հայ-թուրքական հարաբերություններում, թեկուզ եւ այն պարզ պատճառով, որ հարեւան երկիրը շարունակում է դեռ 90-ականներից որդեգրած քաղաքականությունը՝ ՀՀ-ի հետ հարաբերությունների բարելավումը պայմանավորելով Արցախյան հիմնախնդրի լուծմամբ: Ու քանի դեռ չի լուծվել ԼՂ խնդիրը, կամ քանի դեռ Թուրքիան չի վերանայել իր դիրքորոշումը՝ հրաժարվելով մինչ օրս արտահայտած մոտեցումներից, ապա հարաբերությունների բարելավում ակնկալելը միամտություն կլինի:
Ճիշտ է, ՀՀ-ում թավշյա հեղափոխությունից հետո ՀՀ-ի եւ Թուրքիայի վարչապետների միջեւ հեռակա «երկխոսություն» եղավ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, թե ՀՀ-ն պատրաստ է Թուրքիայի հետ հարաբերություններ հաստատելուն առանց նախապայմանների: Մի քանի օր անց հետեւեց պաշտոնական Անկարայի արձագանքը. վարչապետ Բինալի Յըլդըրըմը հայտարարել էր, թե իրենք պատրաստ են երկխոսության. «Իհարկե, եթե Հայաստանը փոխի տարիներ ի վեր Թուրքիայի հանդեպ ունեցած թշնամական դիրքորոշումը, հրաժարվի Թուրքիայի տարածքային ամբողջականության ու սահմանների նկատմամբ ունեցած նկրտումներից, ամեն ինչից հրաժարվի, ցանկանա նոր էջ բացել, ապա մենք կուսումնասիրենք մանրամասներն ու դրան անհրաժեշտ պատասխան կտանք: Մենք ոչ ոքի, մասնավորապես մեր հարեւանների հետ չենք ցանկանում թշնամության մեջ լինել: Եթե այսպիսի մոտեցում լինի, կքննարկենք այն մեր պետության շահերի շրջանակում»:
Երկու երկրների ղեկավարների միջեւ հեռակա երկխոսությունն այսքանով ավարտվեց, ու որեւէ քայլ երկուստեք չարվեց: Հազիվ թե որեւէ քայլ արվի նաեւ առաջիկայում, եթե, իհարկե, լուրջ փոփոխություններ չլինեն միջազգային խաղացողների դիրքորոշումներում, երբ գերտերությունները նախաձեռնեն որեւէ գործընթաց: Բայց դա էլ մեծ հաշվով հեշտ չի լինելու, եւ ապագան լինելու է մշուշոտ:




Լրահոս