«Ելք» դաշինքում ներքին խմորումները շարունակվում են: Մինչ քաղաքական ուժը քննարկում է Ընտրական օրենսգրքի փոփոխությունները` պատրաստվելով արտահերթ խորհրդարանական ընտրություններին, դեռեւս անհայտ է մնում, թե ինչ է լինելու «Ելք» դաշինքի հետ եւ այդ դաշինքում ներգրավված ուժերի` առաջիկա ընտրություններին մասնակցության ձեւաչափը:
Ակնհայտ է, որ նման հարց դրվեց թավշյա հեղափոխութունից հետո, երբ Նիկոլ Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը հաջողվեց միայնակ` առանց մյուս ուժերի, հեղափոխություն անել եւ իշխանության գալ: Ընդ որում` մինչեւ հեղափոխությունը «Ելք»-ի մաս կազմող ԼՀԿ-ն ու իր ղեկավար Էդմոն Մարուքյանը, ըստ շրջանառվող լուրերի, փորձել էին ամեն կերպ խոչընդոտներ ստեղծել Փաշինյանի ճանապարհին: Պատահական չէ, որ նույն ԼՀԿ-ն ի սկզբանե քննադատում էր Փաշինյանի նախաձեռնություւնը, որակում ձախողված: Բայց հիմա` հեղափոխությունից հետո, ակնհայտ դարձավ, որ այս ուժն այժմ այնքան հեղինակություն ունի, որ կարող է միայնակ էլ մասնակցել ընտրություններին եւ հաղթել՝ ստանալով ձայների մեծամասնությունը:
Այժմ էլ դաշինքին մաս կազմող «Քաղաքացիական պայմանագիր», «Հանրապետություն» եւ «Լուսավոր Հայաստան» կուսակցություններում ակտիվ քննարկումներ են ընթանում` հասկանալու համար, թե իրավմամբ որն է ելքը: Եվ, եթե «Հանրապետություն» եւ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունների դեպքում ամեն ինչ միանշանակ է, եւ նրանք ցանկություն ունեն կրկին միասին մասնակցել ընտրությունների, ապա ՔՊ-ի դեպքում ամեն ինչ բարդ է:
Նախ նշենք, որ դեռեւս «Ելք» դաշինքի նախընտրական ծրագրում ամրագրված է եղել մեկ կուսակցություն դառնալու կետը, սակայն խորհրդարանական ընտրություններից մեկ տարի անց այդ դրույթը չի իրականացվել, ու հազիվ թե այն իրականություն դառնա: Իհարկե, հիմա ակտիվ քննարկումներ են սկսվել, սակայն միայն կուսակցության ներսում: Բացի կուսակցության ներսում քննարկումներից, մեր տեղեկություններով, օրեր առաջ էլ մեկ անգամ հանդիպել են երեք կուսակցությունների փաստացի առաջնորդները` Արամ Սարգսյանը, Նիկոլ Փաշինյանն ու Էդմոն Մարուքյանը, եւ քննարկման թեման էլ հենց սպասվելիք ընտրություններն են եղել: Ընդ որում` թե՛ Արամ Սարգսյանը, թե՛ Էդմոն Մարուքյանն իրենց խոսքում նշել են, որ իրենք պատրաստ են միասնական գնալ ընտրությունների, եւ որոշողը պետք է լինի հենց ՔՊ-ն, Նիկոլ Փաշինյանն էլ խոստացել է այդ մասին քննարկում ունենալ իր կուսակցությունում, սակայն մինչ այժմ որեւէ պատասխան չի տվել Սարգսյանին եւ Մարուքյանին:
Մեզ հասած տեղեկությունների համաձայն` «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության մեծամասնությունը դեմ է միասնական տարբերակին, եւ այդ մասին պարբերաբար բարձրաձայնել են քննարկումների ժամանակ: Միասնական տարբերակին դեմ չեն արտահայտվել միայն Նիկոլ Փաշինյանը, Սասուն Միքայելյանն ու Ալեն Սիմոնյանը: Թե ինչպիսի որոշում կկայացնի ՔՊ-ն, դեռ վաղ է ասել, սակայն ակնհայտ է, որ ամեն ինչ հենց նրանց ձեռքերում է:
Մեր տեղեկություններով` ՔՊ-ում այս երկու ուժերին համարում են բալաստ, որ իրենց հաշվին ԱԺ են մտնելու եւ վայելելու պատգամավորական «բարիքները»: Բացի այդ` ՔՊ-ում նեղացած են նաեւ այն պատճառով, որ Արամ Սարգսյանն ու ԼՀ-ի անդամ պատգամավորները դեմ են արտահայտվել Լենա Նազարյանի` խմբակցության ղեկավար դառնալուն, չնայած որ նրանք այս պահին մեծամասնություն են խմբակցությունում, այլ առաջարկել են Էդմոն Մարուքյանին: Սա եւս փոքրիկ վեճի պատճառ է դարձել եւ մինչ այժմ էլ լուծում չի ստացել:
Ակնհայտ է, որ թե՛ Լուսավոր Հայաստանում, թե՛ «Հանրապետություն» կուսակցությունում հասկանում են, որ առանց ՔՊ-ի իրենց համար դժվար կլինի անցողիկ շեմ հաղթահարել, միեւնույն ժամանակ չեն ցանկանում նվաստացածի կարգավիճակ ունենալ եւ խնդրել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը: Միեւնույն ժամանակ ընդգծենք, որ այս դաշինքին հաջողվեց հաղթահարել առաջին փորձությունը եւ հասնել նրան, որ Մանե Թանդիլյանը շարունակեց պաշտոնավարումը: Սա իհարկե փոքրիկ հաղթանակ է, բայց այս փուլում կարեւոր, երբ ամեն դեպքում տպավորություն ստեղծվեց, թե կառավարությունը միասնական է:
Ընդգծենք նաեւ, որ հենց Նիկոլ Փաշինյանը, Էդմոն Մարուքյանը եւ Արամ Սարգսյանն են միմյանց հետ քննարկումների արդյունքում որոշել ընտրել հրաժարականի դիմումը չստորագրելու տարբերակը, այնուհետեւ արդեն Թանդիլյանի հետ քննարկումներից հետո արդյունքի հասնել: Ընդ որում` մեր տեղեկություններով, Թանդիլյանին համոզելն այնքան էլ հեշտ չի ստացվել: Վերջինս ասել է, թե պետք է վեց ամսով հետաձգել օրենքը, սակայն համաձայնել է մնալ հենց այդ օրենքը հետագայում փոխելու պայմանով:
ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐ ՉԿԱՆ
Փետրվարի 13-ին Երեւանի քաղաքապետարանում ավագանու նիստին տեղի ունեցած միջադեպի առնչությամբ հարուցված քրեական գործը, կարծես թե, փակուղի է մտել: Ինչպես հայտնի է, վերոնշյալ օրը ավագանու «Երկիր Ծիրանի» խմբակցության անդամները Էրեբունի վարչական շրջանի բնակիչների խնդրանքով տարիներ շարունակ իրենց մոտ տիրող կոյուղաջրերի գարշահոտության խնդիրը տեղափոխել էին Երեւանի քաղաքապետարան: Մասնավորապես վերջիններս կոյուղաջուրը լցրել էին տարայի մեջ եւ փորձել էին մոտեցնել Տարոն Մարգարյանին, սակայն Տարոն Մարգարյանի հրահանգը` «դեմն առեք, շուտ, շուտ», լուրջ միջադեպի՝ ծեծկռտուքի պատճառ դարձավ: ՀՀԿ-ականները կասկածներ էին հայտնում, որ «Երկիր ծիրանի»-ի անդամները ցանկացել են «կիսլատա» լցնել քաղաքապետի վրա: Եւ ահա միջադեպից անցել է 5 ամիս, բայց փորձագետները չեն կարողանում վերջնական գնահատական տալ տարայում կյանքի համար վտանգավոր ազոտական թթու է եղել, թե պարզապես կոյուղաջուր: Դեռեւս մի քանի ամիս առաջ ՔԿ-ն հայտնել էր, որ «Փորձագետները հայտնել են, որ ներկայացված հետազոտելի օբյեկտներում բակտերիոլոգիական եւ կենսաբանական ծագման այլ բաղադրիչների, ինչպես նաեւ մարդու առողջությանը հնարավոր վնասակար ազդեցության կենսաբանական ծագման նյութերի պարունակությունը պարզել չեն կարող ՀՀ ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ում տվյալ բնագավառի նեղ մասնագիտական հետազոտությունների իրականացման հնարավորությունների բացակայության պատճառով: Ներկայումս վարույթն իրականացնող մարմինը փորձում է պարզել, թե մեր հանրապետությունում կա՞ն արդյոք համապատասխան մասնագետներ, որոնք ունեն անհրաժեշտ սարքավորումներն ու տեխնիկական հնարավորությունները այդօրինակ փորձաքննությունն անցկացնելու համար»: Սակայն, ինչպես պնդում են «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները, այդպես էլ լուրջ մասնագետներ չկան, որոնք կարող են հստակ պատասխան տալ հարցին: ՈՒ արդյունքում վարույթն իրականացնող մարմինը կանգնել է խնդրի առաջ: Իսկ լուրջ մասնագետներ չկան, որովհետեւ ժամանակին շատերը արտագաղթել են:
ԲԱԶՄԱԹԻՎ ՉԸՆԴԳՐԿՎԱԾ
Չնայած վեցերորդ գումարման Ազգային ժողովի գարնանային նստաշրջանն ավարտվեց, սակայն խորհրդարանում դեռեւս օրակարգում չընդգրկված բազմաթիվ նախագծեր կան: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ այս պահին օրակարգում չընդգրկված 71 նախագիծ կա, որոնք դեռեւս չեն հասցրել քննարկել մշտական հանձնաժողովներում: Ընդ որում, այդ 71 հարցերի մեծ մասը նոր է, եւ հեղինակել են հենց նոր կառավարության անդամները: Ընդ որում, տեղեկացանք, որ այդ նախագծերում միայն փոքր փոփոխություններ են կատարվել, ու առաջիկայում` արտահերթ նիստերին, սպասվում է նաեւ այդ հարցերի քննարկումը:
ՊԵՏՔ Է ԱՐԱԳԱՑՎԻ
Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի լիագումար նիստում 41 կողմ, 5 դեմ, 5 ձեռնպահ ձայներով ընդունվել է ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, կառույցում հայկական պատվիրակության ղեկավար Արմեն Աշոտյանի նախաձեռնությամբ եւ պատվիրակության կողմից ներկայացված հրատապ բանաձեւը: Այն վերաբերում է ԵՄ անդամ պետությունների ազգային խորհրդարաններում ՀՀ-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի վավերացմանը: Հրատապ բանաձեւը, վկայակոչելով 2018թ. ՀՀ ԱԺ-ի կողմից ՀՀ-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի վավերացումը, որպես եւս մեկ վերահաստատում Հայաստանի հանձնառության ԵՄ-ի հետ առավել ռազմավարական եւ հավակնոտ հարաբերությունների, կոչ է անում ԵՄ անդամ պետությունների ազգային խորհրդարաններին առանց անհարկի հետաձգումների վավերացնել համաձայնագիրը:
ԱՆԸՆԴՈՒՆԵԼԻ Է
ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Կարեն Նազարյանի խոսքով` անընդունելի են Սեւծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության գործունեությունը քաղաքականացնելու որոշ փորձերը. «Սեւծովյան տնտեսական համագործակցության կազմակերպությունը տարածաշրջանային տնտեսական համագործակցության կառույց է, այդ իսկ պատճառով գտնում ենք, որ անթույլատրելի են որոշ փորձերը քաղաքականացնելու կազմակերպության գործունեությունը իր լիազորությունների շրջանակը գերազանցող եւ կանոնադրությանը հակասող քաղաքական բնույթի փաստաթղթեր ընդունելու եղանակով»: Հիշեցնենք, որ Երեւանում մեկնարկել է Սեւծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության արտգործնախարարների խորհրդի նիստը: Հայաստանն Ադրբեջանին է փոխանցել նախագահությունը ՍԾՏՀԿ-ում:
ՉԻ ՀԱՍՏԱՏԵԼ
Երեկ «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում Երեւանի «Ելք» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը հրապարակել էր տեղեկություն, թե Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հրաժարականի դիմում է գրել, սակայն չի հրապարակվում: ArmLur.am-ի հետ զրույցում Երեւանի քաղաքապետարանի հասարակայնության եւ լրատվության հետ կապերի վարչության պետ Արթուր Գեւորգյանը նշել է, թե նման տեղեկատվություն չկա, եւ ինքը չի հաստատում այդ հրապարակման մեջ նշված տեղեկությունը: Բացի այդ` Արթուր Գեւորգյանը փոխանցել է, որ երեկ Տարոն Մարգարյանը հանդիպում է ունեցել Սանկտ-Պետերբուրգի փոխնահանգապետի հետ:
ԲԱՎԱՐԱՐ Է
ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում հակառակորդի կողմից արձակված կրակոցից 20 օր առաջ հրազենային վիրավորում ստացած ՊԲ զինծառայող Գեւորգ Խաչատրյանը տեղափոխվել է հիվանդասենյակ, վիճակը բավարար է: ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի պետի տեղակալ Արտաշես Խաչատրյանի տեղեկացմամբ` Գ. Խաչատրյանը Երեւանում չի վիրահատվել, հոսպիտալում դեռ երկար կմնա, կշարունակի բուժումը: Հիշեցնենք, որ հունիսի 7-ին հակառակորդի կողմից արձակված կրակոցից հրազենային վիրավորում էր ստացել Գ. Խաչատրյանը:
ՄԵՂԱԴՐԱՆՔ ԱՌԱՋԱԴՐԵՑԻՆ
Հունիսի 25-ին ձերբակալված Պետական պահպանության ծառայության պետի նախկին առաջին տեղակալ, երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին պետ Վաչագան Ղազարյանին երեկ մեղադրանք է առաջադրվել Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացրած հայտարարագրերում իր ունեցած դրամական միջոցների իրական չափի մասին հայտարարագրման ենթակա տվյալները թաքցնելու, ինչպես նաեւ ապօրինի հարստանալու համար: ՀՔԾ քննիչի կողմից միջնորդություն է ներկայացվել Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան` Ղազարյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու համար: