«Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է «Իմիջ կոդ», «Ինչ եփել այսօր», «Առավոտ լուսո» ծրագրերից հայտնի հաղորդավարուհի Յանա Դանիելյանի հետ, ով նկարահանվել է նաեւ «Աննա» հեռուստասերիալում: Յանան խոսել է ամառային հանգստի նախընտրելի տարբերակի, «Ինչ եփել այսօր» հարցի պատասխանը տնային պայմաններում գտնելու մեթոդների, կարիերան եւ անձնական կյանքը համատեղելու իր բանաձեւի եւ այլ թեմաների շուրջ:
-Յանա, ամռան առաջին ամիսն արդեն ավարտվում է, բայց շատերը դեռ չեն հասցրել մեկնել հանգստի: Հետաքրքիր է՝ պլանավորո՞ւմ եք, թե ուր պետք է մեկնեք: Իսկ, առհասարակ, հանգստի ո՞ր տարբերակն եք նախընտրում:
-Մենք ընտանիքով փորձում ենք համատեղել հանգիստն ու աշխատանքը: Շաբաթական մի քանի անգամ քաղաքի ներսում այցելում ենք լողավազան: Իսկ հանգստի մեկնելը իսկապես պարտադիր է: Ցանկալի է երկրից դուրս անցկացնել այն: Դեռ չգիտեմ՝ մենք ինչպես կպլանավորենք օգոստոսին նախատեսված արձակուրդը: Բայց ասեմ, որ սիրում եմ ծովափնյա հանգիստ, ջրի մեծ սիրահար եմ, մեծ էներգիա եմ ստանում ջրային գոտիներից: Իսկ, օրինակ, էքստրիմ այնքան էլ չեմ սիրում: Ինձ կարելի է դասել պասիվ հանգստի սիրահարների շարքին: Իհարկե, սիրում եմ ժամանցս հետաքրքիր կազմակերպել, բայց դա էքստրիմ չէ:
-Այս ամառվա նորաձեւության միտումներին հետեւե՞լ եք: Ի՞նչ թրենդներ կան, որոնք Ձեզ հոգեհարազատ են:
-Ասեմ, որ երբեք ընկած չեմ եղել նորաձեւության ետեւից: Նոր միտումներից շատերին հետեւում եմ, բայց ոչ բոլորն եմ կիրառում: Սովորաբար կրում եմ այն, ինչ ինձ համար հարմար է, ինչի մեջ ես ինձ ե՛ւ ֆիզիկապես, ե՛ւ հոգեպես լավ կզգամ: Իհարկե, իմ զգեստապահարանում կարելի է գտնել թրենդային հագուստ եւ աքսեսուարներ: Բայց, օրինակ, տեսեք, ասում են՝ հատկապես ամռանը վառ գույներ է պետք կրել: Իսկ իմ զգեստապահարանի իննսուն տոկոսը կազմում են սեւ եւ սպիտակ հագուստները: Ես ինձ հարմարավետ եմ զգում այդ գույների մեջ: Ամենակարեւորը դա է:
-Հեռուստադիտողները, հետեւելով Ձեր խոհարարական հաղորդմանը, ամեն օր իրենց համար գտել են «Ինչ եփել այսօր» հարցի պատասխանը: Դուք կարողանու՞մ եք ինչպես եթերում, տանը եւս ապահովել այդ բազմազանությունը խոհանոցում:
-Մեր ընտանիքի բոլոր անդամների խոհանոցային նախասիրությունները խիստ տարբեր են: Ոչ մեկը մյուսի նախընտրելի ուտեստը չի հավանում: Համենայն դեպս, փորձում եմ բոլորի ցանկությունները բավարարել: Կարելի է ասել՝ հասցնում եմ ամեն ինչ:
-Իսկ ինչպե՞ս եք հասցնում, ո՞րն է բանաձեւը: Ոչ բոլոր կանայք են կարողանում համատեղել կարիերան եւ ընտանիքի հոգսերը հոգալը:
-Իմ կյանքի կանոնն ու բանաձեւը հետեւյալն է՝ անհնարին ոչինչ չկա: Եթե մարդ ունի երազանքներ, նպատակներ եւ մեծ ցանկություն, անհաղթահարելի ոչինչ չի մնում: 21-րդ դարում արդեն շատ կանայք են կարողանում ընտանիք կազմել եւ կարիերա անել, եւ դա հիանալի է, բայց նաեւ պահանջում է շատ մեծ պատասխանատվություն: Ոչ բոլորն են համաձայն դրան եւ ոչ բոլորն են դա կարող, քանի որ այդ պարագայում ճանապարհի կեսից հոգնելու, հետ կանգնելու մասին խոսք լինել չի կարող:
-Ձեր դուստրն արդեն դպրոցական է: Երկրորդ բալիկի մասին Դուք եւ Ձեր ամուսինը՝ հաղորդավար Սուրեն Փահլեւանյանը, մտածո՞ւմ եք:
-Դեռ չենք մտածում այդ ուղղությամբ, չնայած որ միշտ էլ երկու բալիկ ունենալու ցանկություն եղել է, բայց մտածել ենք, որ բալիկների տարիքային տարբերությունը պետք է մեծ լինի: Հիմա մեր ամբողջ ուշադրությունը մեր աղջկա վրա է: Փորձում ենք ճիշտ կազմակերպել նրա ուսումը, ժամանցն ու դաստիարակությունը: Անկեղծ ասած՝ հիմա չեմ պատկերացնում երկրորդ բալիկի ներկայությունը մեր կյանքում, որովհետեւ բոլորս գերզբաղված ենք: Իսկ ես մաքսիմալիստ եմ, սիրում եմ ամեն ինչ իդեալական անել: Ամեն դեպքում, դեռ երիտասարդ ենք, կյանքն առջեւում է, ամեն ինչ էլ կհասցնենք:
Զրուցեց ԱՆԻ ԱՆՏՈՆՅԱՆԸ
ՄՈՈՒՐԻՆՅՈՅԻ ԿԱՐԾԻՔՈՎ
«Կցանկանայի, որ Անգլիա-Բելգիա խաղը վճռորոշ լիներ, բայց առաջին տեղի հարց է լուծելու»,-ասել է անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»-ի պորտուգալացի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն` խոսելով աշխարհի առաջնության խմբային փուլի երրորդ տուրի հանդիպման մասին: Անգլիան ու Բելգիան արդեն ապահովել են 1/8 եզրափակիչ ուղեգրեր: «Կլինի ընկերների հանդիպում, քանի որ բելգիացի ֆուտբոլիստների մեծ մասը խաղում է Անգլիայում, եւ շատերը ակումբակիցներ են: Նրանք շատ լավ են ճանաչում իրար, գիտեն միմյանց բոլոր որակները: Չէի ցանկանա բաց թողնել այդ խաղը»,-ասել է Մոուրինյոն:
ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ԱՌՋԵՎ
«Ռուբին»-ի հարձակվող Սերդար Ազմունը, որը հայտարարել է Իրանի հավաքականում կարիերան ավարտելու մասին, բացատրել է, թե ինչու է նման որոշում կայացրել. «Կյանքում կան բաներ, որոնք միշտ առաջին տեղում են: Մայրիկիս ծանր հիվանդությունը գրեթե անցյալում էր մնացել, եւ ես երջանիկ էի: Բայց այն վիրավորանքների պատճառով, որոնց արժանի չէի ո՛չ ես, ո՛չ թիմակիցներս, նրա հիվանդությունը նորից գլուխ բարձրացրեց, ինչն էլ ինձ հանգեցրեց այս ծանր ընտրությանը: Ես ընտրում եմ իմ մայրիկին»,-գրել է Ազմունը:
Իրանի հավաքականը, հիշեցնենք, ԱԱ-2018-ի խմբային փուլում ընդգրկված էր B խմբում, որի 3-րդ հորիզոնականն է զբաղեցրել եւ չի կարողացել դուրս գալ մրցաշարի 1/8 եզրափակիչ: Ազմունը մասնակցել է բոլոր 3 խաղերին, սակայն արդյունավետ գործողություններով աչքի ընկնել չի կարողացել:
ՉԻ ԽԱՆԳԱՐԻ
Բրազիլիայի հավաքականի եւ Մադրիդի «Ռեալ»-ի պաշտպան Մարսելոյի վնասվածքը չի խանգարի ֆուտբոլիստին շարունակել մրցելույթը աշխարհի առաջնությունում: Մարսելոն Սերբիայի դեմ հանդիպման 10-րդ րոպեին ստիպված էր լքել խաղադաշտը: «Շնորհակալություն բազմաթիվ հաղորդագրությունների համար: Վնասվածքը լուրջ չէր: Ես շուտով կվերադառնամ: Շատ ուրախ եմ, որ մեր թիմը հաղթեց»,-գրել է Մարսելոն:
Ֆուտբոլիստի մասնակցությունը Մեքսիկայի դեմ 1/8 եզրափակիչի հանդիպմանը դեռ հաստատված չէ: Խաղը տեղի կունենա հուլիսի 2-ին: