Լուսանկարը` համացանցից
ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանն իսկական «տան տղամարդ» է: Հուսանք` նա նույն ջանասիրությամբ կկատարի իր առջեւ դրված խնդիրների լուծումը, որպես երկրի առաջին փոխվարչապետ:
ՀԱՐՑ. Ունեմ 10 տարվա գիտական աշխատանքային ստաժ, 14 տարվա մանկավարժական ստաժ: Թոշակ ստանալու ի՞նչ տարբերակներ ունեմ. օրինակ` կարո՞ղ եմ ստանալ մանկավարժական թոշակ:
Մկոյան Ֆիալետա (59 տարեկան)
ՊԱՏԱՍԽԱՆ. «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` մասնակի կենսաթոշակ նշանակվում է կրթության, մշակույթի որոշ կատեգորիաների աշխատողներին, եթե լրացել է նրանց 55 տարին, եւ ունեն առնվազն 25 օրացուցային տարվա աշխատանքային ստաժ, որից առնվազն 12 օրացուցային տարին մասնագիտական ստաժ է: «Կրթության, մշակույթի որոշ կատեգորիաների աշխատողներին մասնակի կենսաթոշակի իրավունք տվող մասնագիտությունների եւ պաշտոնների ցանկը» հաստատվել է ՀՀ կառավարության 2011թ. մայիսի 5-ի թիվ 665-Ն որոշմամբ:
Միաժամանակ հայտնում եմ, որ ՀՀ կառավարության 2011 թվականի մայիսի 5-ի N 665-Ն որոշմամբ հաստատված «Կենսաթոշակ նշանակելու համար դիմելու, կենսաթոշակ նշանակելու (վերահաշվարկելու), կենսաթոշակի տեսակը փոխելու, կենսաթոշակ վճարելու եւ կենսաթոշակի գործ (փաստաթղթեր) վարելու կարգի» 30-րդ կետի համաձայն` մասնակի կենսաթոշակի չափը հաշվարկելիս հաշվի է առնվում միայն մասնակի կենսաթոշակի իրավունք տվող մասնագիտական աշխատանքային ստաժը:
Եթե լրացել է անձի 55 տարին, ունի 25 օրացուցային տարվա աշխատանքային ստաժ, որից առնվազն 12 օրացուցային տարին վերոհիշյալ ցանկում նշված մասնագիտություններով եւ պաշտոններում մինչեւ 2003թ. օգոստոսի 1-ը ձեռք բերած աշխատանքային ստաժ է, ապա մասնակի կենսաթոշակ նշանակելու հարցով նա կարող է գրավոր դիմել ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության ծառայության ցանկացած տարածքային բաժին` ներկայացնելով անհրաժեշտ փաստաթղթերը:
ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժին
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Մասնակի կենսաթոշակի իրավունք տվող մասնագիտական աշխատանքային ստաժում հաշվառվում են ՀՀ կառավարության սահմանված ցանկում նշված մասնագիտություններով եւ պաշտոններում մինչեւ 2003թ. օգոստոսի 1-ն աշխատած ժամանակահատվածները:
ՀԱՐՑ. Խնդրում եմ ասեք` օտարերկրյա պետության բոլոր քաղաքացիներն իրավունք ունե՞ն ձեռք բերել Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն:
Հերմինե Գրիգորյան (58 տարեկան, տնային տնտեսուհի)
ՊԱՏԱՍԽԱՆ. Համաձայն «Քաղաքացիության մասին» ՀՀ օրենքի Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ձեռք է բերվում`
1) քաղաքացիության ճանաչմամբ, 2) ծննդով, 3) քաղաքացիություն ստանալու միջոցով, 4) քաղաքացիությունը վերականգնելու միջոցով, 5) քաղաքացիության խմբային ձեռքբերման միջոցով, 6) Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով նախատեսված հիմքերով, 7) օրենքով նախատեսված այլ հիմքերով:
Միաժամանակ հայտնում ենք, որ ըստ նույն օրենքի` Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն չունեցող 18 տարին լրացած, գործունակ, օտարերկրյա պետությունում բնակվող (գտնվող) կամ Հայաստանի Հանրապետությունում օրինական հիմքով բնակվող (գտնվող) յուրաքանչյուր անձ իրավունք ունի դիմելու Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու համար, եթե` 1) օրենքով uահմանված կարգով վերջին երեք տարին մշտապես բնակվել է Հայաստանի Հանրապետությունում, 2) կարող է բացատրվել հայերեն լեզվով եւ 3) ծանոթ է ՀՀ Սահմանադրությանը:
շարունակելի
ՀՀ միգրացիոն պետական ծառայություն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Նշենք, որ ՀՀ երկքաղաքացին Հայաստանի Հանրապետության համար ճանաչվում է միայն որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի: