Ինչ էր ասել Ռոբերտ Քոչարյանը մարտի 1-ի նախօրեին. խմբագրական

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանները երեկվա ասուլիսի ժամանակ անդրադարձել են 2008թ. մարտի 1-ի դեպքերի վերաբերյալ ՀՔԾ-ում նոր դրվագով հարուցված քրեական գործին: Ինչպես հայտնի է, մարտի 1-ի լուսադեմին ոստիկանական ուժերը հարձակվել էին Ազատության հրապարակում նստացույց անող քաղաքացիների վրա, բռնությամբ ցրել նրանց: Սակայն հետո կեղծ փաստաթղթեր պատրաստել, թե իբր ռազմամթերքի առկայության ահազանգեր են ստացել, դրանց հիման վրա փորձել են տարածքում զննություն անել` արժանանալով մարդկանց դիմադրությանը։

Ռոբերտ Քոչարյանի փաստաբանները երեկ պնդում էին` ՀՀ երկրորդ նախագահն այդ դրվագի հետ չունի որեւէ առնչություն: «Այդ էպիզոդը մեր պաշտպանյալին չի առնչվում»,- ասել է փաստաբան Արամ Օրբելյանը: Իսկ հարցին, թե Ռոբերտ Քոչարյա՞նն է իրավապահներին հրամայել Մարտի 1-ի առավոտյան ներխուժել Ազատության հրապարակ, նա պատասխանել է. «Ո՛չ»:
Մարտի 1-ի լուսադեմի իրադարձություններին Քոչարյանի առնչության հարցը կպարզի ՀՔԾ-ն, որտեղ ընթանում է քրեական գործի նախաքննությունը:

Մինչ այդ, թերեւս, չէր խանգարի հիշել 2008թ. մարտի 1-ի նախօրեին ԵՊՀ ուսանողների հետ հանդիպման ժամանակ Ռոբերտ Քոչարյանի հայտարարությունները: Հարցին` ի՞նչ տարբերակներ ունի իշխանությունը` նստացույցերը դադարեցնելու հետ կապված, Քոչարյանն ասել էր. «Առաջին՝ համբերատար սպասել, թե երբ է այդ թատերական բեմադրությունն ինքն իրենով մարելու Թատերական հրապարակում…։ Երկրորդ տարբերակը ոստիկանական գործողություններ կիրառելով՝ մաքրել հրապարակը, եւ այդ ժողովրդին հնարավորություն տալ ավելի հանգիստ կյանքով ապրել։ Կարծում եմ՝ այսօր դա մեծ աջակցություն կլինի առաջին հերթին այն մարդկանց, ովքեր մոլորված եւ հոգեբանական ապրումների մեջ գտնվում են այդ հրապարակում, որովհետեւ տարբեր հնարքներով նրանց ուղղակի պահում են այնտեղ»:
Փաստորեն, Քոչարյանի հայտարարության հաջորդ օրն իսկ ոստիկանները ձեռնամուխ եղան երկրորդ տարբերակի կիրառմանը:
Ի դեպ, արդեն մարտի 4-ին Քոչարյանը լրագրողների հետ հանդիպմանն ասել էր. «Ես նույն հարցը միշտ տալիս եմ ինքս ինձ՝ արդյոք թույլատրելի՞ էր 9 օր շարունակ հանդուրժել չարտոնված հանրահավաքները։ Եթե երկրորդ կամ երրորդ օրը ցրեինք այդ հանրահավաքը, հետեւանքներն ավելի մե՞ղմ կլինեին, թե՞ ոչ։ Իմ տպավորությամբ՝ շատ ավելի մեղմ կլինեին…»:
Կապ ունի՞ Քոչարյանը մարտի 1-ի լուսադեմի իրադարձությունների հետ, թե՞ ոչ, հետեւությունները թողնում ենք ընթերցողներին:




Լրահոս