Տավուշի մարզի հանրակրթական դպրոցներում բարձրագույն մանկավարժական կրթությամբ ուսուցիչների պակաս կա: Այդ մասին սեպտեմբերի 4-ին կայացած Տավուշի մարզխորհրդի նիստում, 2017-2018 ուսումնական տարվա արդյունքների եւ նոր ուսումնական տարվա հիմնախնդիրների վերաբերյալ իր զեկույցում նշել է Տավուշի մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի եւ սպորտի վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Մանե Ղազումյանը: Նա հայտնել է, որ դպրոցների ուսուցչների թափուր տեղերի համալրման հարցը իրենք փորձում են լուծել` համագործակցելով «Դասավանդիր, Հայաստան» հիմնադրամի հետ:
Մ. Ղազումյանը «Ժողովուրդ» օրաթերթի հարցին, թե մարզի որ դպրոցներում որքան թվով ուսուցիչների պակաս է զգացվում, մանրամասնեց. «Մարզի բոլոր դպրոցներում ուսումնական ծրագրով նախատեսված առարկաները դասավանդվում են, խնդիր կա որոշ դպրոցներում աշխատող ռուսաց լեզվի եւ գրականության ու աշխարհագրության ուսուցիչներին բարձրագույն մասնագիտական կրթությամբ ուսուցիչներով փոխարինելու»: Մ. Ղազումյանի խոսքերով`իրենք պետք է ճշտեն, թե մարզի դպրոցներում բարձրագույն մասնագիտական կրթությամբ քանի ուսուցչի պահանջ կա: Մ. Ղազումյանը հայտնեց, որ «Դասավանդիր, Հայաստան» հիմնադրամի միջոցով լուծվում է մարզի սահմանամերձ գյուղերի դպրոցները ուսուցչական կադրերով համալրելու խնդիրը:
Ոսկան Սարգսյան
Տավուշ