Գնաց սև ցուցակ. Թափառող շների խնդիրը այդպես էլ չի լուծվում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վերջին տարիներին Երեւանում թափառող շների խնդիրը սկսել է շատ մտահոգել հանրությանը: Մարդկանց մի մասը կողմ է թափառող շներին կրակելով ոչնչացնելուն, իսկ մի մասն էլ պայքարում է անտուն կենդանիների համար: Տեղեկացնենք, որ թափառող շների դեմ պայքարի ծրագիրն իրականացնելու համար Երեւանի քաղաքապետարանի պատվերով պետական գնումների գործակալության մրցույթով պետական բյուջեից տարեկան ավելի քան 114 մլն դրամ է հատկացվում «Յունիգրաֆ-Իքս» ՍՊԸ-ին: Այս տարի եւս ընկերությանը գումար է տրվել, սակայն «Յունիգրաֆ Իքս»-ը ծառայությունը մատուցել է մասնակի: Վերջերս էլ դադարեցվել է քաղաքապետարանի հետ պայմանագիրը:

Նկատենք, որ Հայաստանում դեռ չկա օրենք կենդանիների պաշտպանության մասին: Ըստ մասնագետների` թափառող կենդանիների ոչնչացումը ոչ միայն չի լուծում հիմնախնդիրը, այլեւ հանգեցնում է գլխաքանակի ավելացման եւ տեսակի ագրեսիվացման: Մյուս կողմից, քաղաքացիները շարունակում են բարձրաձայնել Երեւանում թափառող շների խնդիրների մասին: Երեւանցիների մեծ մասը այս հարցով բազմաթիվ անգամ դիմել է «Ժողովուրդ» օրաթերթին: Նրանցից մեկը` Դոնարա Գալստյանը, ով Սարի թաղի բնակիչ է, «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում անկեղծացավ` պատմելով, որ երեկոյան ժամերին անհնար է լինում տանից դուրս գալ, որովհետեւ փողոցը լի է թափառռող շներով, իսկ գիշերներն էլ քնել չի լինում նրանց հաչոցներից: Նույն խնդրով մեզ դիմել են նաեւ Երեւանի Աճառյան եւ Մաշտոց փողոցների բնակիչները: Սակայն այդպես էլ թափառող շների խնդիրը մայրաքաղաքում լուծում չի ստանում:
«Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ Երեւանի քաղաքապետարանի կողմից թափառող կենդանիների վնասազերծման ծառայությունների ձեռք բերման նպատակով մրցույթներ հայտարարվել են դեռեւս 2006 թվականից: Բայց 2009 թվականից սկսած` հայտարարված բաց ընթացակարգերին մասնակցելու համար մշտապես հայտ է ներկայացրել միայն «Յունիգրաֆ-Իքս» ՍՊԸ-ն եւ բնականաբար հաղթող ճանաչվել:

Որոշ մասնագետների կարծիքով` կենդանիների մեծ մասի քնեցումը կատարվում է լիդոկայինով, որը, շան մոտ սրտի կանգ առաջացնելով, տանջամահ է անում: Իսկ «Յունիգրաֆ-Իքս»-ը աշխատել է երկու մեթոդով` առողջ շների դեպքում` ստերիլացում (այլեւս չեն կարող բազմանալ) եւ քնեցում` ագրեսիվ, վարակակիր շների դեպքում: Նշենք, որ մի շան ստերջացման արժեքը կազմում է մոտավորապես 15 հազար դրամ, իսկ կենդանուն քնեցնելով սպանելը` 7000 դրամ:
Չնայած բնակիչների` թափառող շների վերաբերյալ դժգոհություններին` «Յունիգրաֆ-Իքս» ընկերությունը այլեւս չի զբաղվելու շների վնասազերծման ծառայությունների մատուցմամբ: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ Երեւանի քաղաքապետարանը դիմել է ՀՀ ֆինանսների նախարարություն`«Յունիգրաֆ իքս»-ին գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող ընկերությունների ցանկում ներառելու պահանջով: Իսկ մինչ այդ նշենք, որ Երեւանի քաղաքապետարանի եւ «Յունիգրաֆ-Իքս» ընկերության միջեւ այս տարվա հունվարի 8-ին պայմանագիր է կնքվել: Իսկ պայմանագրի արժեքը կազմել է 114 մլն 227 հազար 200 դրամ: Բայց «Յունիգրաֆ-Իքս» ընկերությունը հուլիսի 12-ին հրաժարվել է պայմանագրով նախատեսված ծառայությունների հետագա մատուցումից` չկատարելով պայմանագրով նախատեսված պարտավորությունները: Ապա քաղաքապետարանն է իր հերթին միակողմանի լուծում ընկերության հետ կնքած պայմանագիրը: ըստ քաղաքապետարանի պնդումների` ընկերությունը չի կատարել պայմանագրով ստանձնած պարտավորությունները կամ մասնակի է կատարել: «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ ընկերությունը մատուցել է կնքված 114 մլն 227 հազար դրամ պայմանագրի ընդամենը ավելի քան 49 մլն դրամի ծառայություն: Այսինքն` ընկերությունը հրաժարվել է մատուցել 64 մլն 899 հազար դրամի չափով ծառայություն: Ավելին` «Յունիգրաֆ-Իքս»-ը պետք է թափառող շների վնասազերծման ծառայություններ իրականացներ մինչեւ այս տարեվերջ:

Արդյունքում գնումների բողոքարկման խորհուրդը որոշել է ««Յունիգրաֆ-Իքս»-ին գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող ընկերությունների ցուցակում ներառելու նպատակով նախաձեռնված ընթացակարգը բավարարել: Այսինքն «Յունիգրաֆ-Իքս»-ը սեւ ցուցակում մնալու է 2 տարի ժամկետով: Եւ հայտնի չէ` ժամկետը լրանալուց հետո արդյոք ընկերությունը կշարունակի մատուցել ծառայություններ:
Միաժամանակ, ոստիկանությունը թավշյա հեղափոխությունից հետո ֆինանսական չարաշահումներ էր հայտնաբերել` քաղաքապետարանին այս ընկերության մատուցած ծառայությունների հետ կապված: Ըստ ՀՀ ոստիկանության` 2016-2018 թվականների ընթացքում «Յունիգրաֆ-Իքս»-ը Երեւանի քաղաքապետարանից ստացել է շուրջ 267 միլիոն դրամ: Այս ժամանակահատվածում ընկերությունը ձեւակերպել է, թե ձեռք է բերել 128 տոննա հավի միս, մինչդեռ նախապատրաստված նյութերով պարզվել է, որ փաստացի օգտագործվել է 12,6 տոննա, ձեւակերպվել է 206 տոննա բրնձի ձեռքբերում, պարզվել է, որ փաստացի օգտագործվել է 8,4 տոննա, իսկ ձեւակերպված 25 տոննա խոզի միս ընդհանրապես չի օգտագործվել: Արդյունքում յուրացվել է շուրջ 185 մլն դրամ:
Այս պահին մայրաքաղաքում թափառող շների վնասազերծման ծառայություն չի իրականացվում, քանի որ քաղաքապետարանը ծառայությունների ձեռքբերման նոր մրցույթ դեռ չի հայտարարել: Թե երբ կհայտարարվի նոր մրցույթ, դեռ պարզ չէ: Բայց փաստ է, որ այս ամենի արդյունքում տհաճ իրավիճակում են հայտնվել մայրաքաղաքի տարբեր թաղամասերի բնակիչներ:

Սյունէ Համբարձումյան




Լրահոս