Տեւական ժամանակ է, ինչ համառորեն լուրեր են շրջանառվում այն մասին, որ Երեւանի պետական համալսարանի ռեկտոր Արամ Սիմոնյանը հրաժարականի դիմում է ներկայացրել: Ըստ որոշ տեղեկությունների` նա Հայստանում նոր քաղաքական իրավիճակի հետ կապված մտադիր է հրաժարական տալ` ազատվելով ռեկտորի պաշտոնից:
Սակայն Արամ Սիմոնյանը այս մասին «Ժողովուրդ» օրաթերթի հարցը լսելուց անմիջապես հետո արձագանքեց. «Սուտ եւ կեղծ լուրեր են: Այդպիսի բաներ չկան: Այդ մարդիկ շատ մեծ հույսեր ունեն, որ ես դիմում կգրեմ, բայց ես չեմ գրել եւ չեմ էլ պատրաստվելու գրելու: Ոչ, ես ընտրված ռեկտոր եմ եւ ունեմ իմ ժամկետը»:
Հիշեցնենք, թավշյա հեղափոխությունից հետո Արամ Սիմոնյանի դեմ «ԵՊՀ ռեսթարթ» նախաձեռնությունը բողոքի ակցիաներ էր անցկացնում` պահանջելով ռեկտորի հրաժարականը: Սիմոնյանը փորձել էր հանդիպել նախաձեռնության անդամների հետ, բայց այդ հանդիպումը վերածվել էր վեճի, որի ժամանակ ռեկտորի ինքնազգացողությունը կտրուկ վատացել էր ու նա տեղափոխվել էր հիվանդանոց: